Հնուց ասված եւ ամեն անգամ ապացուցված խոսք է. «Տվեք ինձ ցանկացած մարդու կենսագրություն, եւ ես նրան, ցանկության դեպքում, ե՛ւ հրեշտակ կներկայացնեմ, ե՛ւ սատանա»։ Այսպես է բոլորիս համար։ Նաեւՙ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պարագայում։
Երբ մի քանի օր առաջ, հունիսի 3-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը Նարեկ Սարգսյանին հանձնվեց ֆրանսիական «Արժանիքների համար» ազգային շքանշան եւ ասպետի կոչում, բազում հեռագրեր ստացավ ճարտարապետը։ Դրանց թվումՙ նաեւ այսպիսի մեկը. «Թող որ Ֆրանսիայի դեսպանի ասած ջերմ բառերը սքողեն հայրենակիցների դառը խոսքերը»։
Այո, Երեւանի գլխավոր ճարտարապետի հասցեին նաեւ դառը խոսքեր են ասվում։ Բնական է։
Իսկ քիչ գործ չի արել. Գյումրու ֆրանսիական դպրոց, Երեւանի Հյուսիսային պողոտա, Երեւանում մի շարք երկրների դեսպանատների նախագծում եւ շինարարական աշխատանքների ղեկավարում։ Վերջին տասնամյակում ճարտարապետի ստեղծագործական աշխատանքը համատեղել է կազմակերպչական գործունեության հետ։ Իսկ այդ ոլորտն անչափ բարդ ու հակասական եզրակացությունների է հանգեցնում։
¬ Ես ամեն մի խոսակցության վերաբերում եմ սառնասիրտ ու փիլիսոփայորեն, ասում է Նարեկ Սարգսյանը։- Հաճելի է, որ օտարներն են գնահատում քեզ, բայց ավելի հաճելի է, երբ քեզ ճիշտ են գնահատում քո հայրենակիցները, քո համաքաղաքացիները։
¬ Վերջին ժամանակներս երեք ուրախալի դեպք է պատահել ինձ հետ,- ասում է քաղաքի գլխավոր ճարտարապետը։- Ուրախություն ապրեցի Հյուսիսային պողոտայի բացման, իտալական փողոցի եւ դեսպանատան բացման ու ֆրանսիական այս շքանշանի ստացման օրերին։
Իսկ ինչո՞ւ Նարեկ Սարգսյանին շնորհվեց հենց այս շքանշանը։
Նարեկ Սարգսյանը 1992¬93 թթ. «Ճարտարապետությունը սեյսմիկ շրջաններում» թեմայով մասնագիտական վերապատրաստման խորացված դասընթացներ է անցել Ֆրանսիայում, Մարսելի ճարտարապետական համալսարանում։ Նույն տարին նա ֆրանսիացի գործընկերների հետ նախագծել եւ ապա տեղում իրականացրել է Գյումրու ֆրանսիական դպրոցի համալիրը։
1993 թ. որպես Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի նորընտիր դեկանՙ ինստիտուտի ռեկտոր Ա. Բեգլարյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել ճարտարապետական բարձրագույն կրթության դիպլոմի վերաճանաչմանը Ֆրանսիայում։ 1994 թ. ֆրանսիական կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում Երեւանի ճարտարապետական ինստիտուտի եւ ճարտարապետության ֆակուլտետի ֆրանսիական ճարտարապետական դիպլոմների համարժեքության ճանաչման մասին։ Նարեկ Սարգսյանը համակարգել է ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը Ֆրանսիայի քաղաքաշինության նախարարության հետ։ Կազմակերպչական եւ մասնագիտական մասնակցություն է ունեցել համատեղ գիտաժողովների եւ սեմինարների անցկացմանը, Փարիզում, Լիոնում, Մարսելում եւ Երեւանում 1994-ից մինչեւ 1998 թթ. անցկացված ցուցահանդեսների կազմակերպմանը։ Մասնակցել եւ նպաստել է ֆրանսիացի մասնագետների ներգրավմանը ՀՀ տարաբնակեցման գլխավոր ուրվագծի եւ ՀՀ քաղաքաշինական օրենքի մշակման աշխատանքներին։ Օժանդակել է ֆրանսահայ ճարտարապետների մասնակցությանը Հայաստանում զանազան կառույցների նախագծմանը։
Որպես դիպլոմային հանձնաժողովի անդամՙ Նարեկ Սարգսյանը մասնակցել է Փարիզի, Մարսելի, Սենտ Էտյենի ճարտարապետական համալսարանների դիպլոմային պաշտպանություններին։
Հայ ճարտարապետության եւ ճարտարապետական կրթության խնդիրներին նվիրված զեկույցներով հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Ժյուրիի անդամի կարգավիճակով Ֆրանսիայում մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների։
Որպես Երեւանի գլխավոր ճարտարապետՙ Երեւանի գլխավոր հատակագծի մասին աշխատանքներում նա ներկայումս համագործակցում է ֆրանսիացի գործընկերների հետ, մասնակցում ֆրանսախոս քաղաքների ընկերակցության եւ հայ-ֆրանսիական մի շարք ընկերությունների աշխատանքներին։
¬ 1992¬93 թթ. ֆրանսիացի շատ ու շատ ճարտարապետներ հյուրընկալվեցին իմ տանը,- հիշում է Նարեկ Սարգսյանը։- Մենք ոչ միայն աշխատում էինք կոնկրետ նախագծերի վրա, այլեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման հեղինակներ դառնում։ Չնայած ցուրտ ու դժվար տարիներ էին, սակայն նրանք սիրեցին պատմական հսկա մշակույթի տեր մեր ժողովրդին, մեր երկիրը։
Այսօր ոչ միայն Նարեկ Սարգսյանի անդավաճան բարեկամներ են դարձել Ֆրանսիայում մեծ հեղինակություն վայելող ճարտարապետներ եւ գիտնականներ Ժան-Մարի Բուտիկոֆերը, Սիլվի Քլավելը, Ժան Ժակ Դյուպյուին, ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանը եւ շատ ուրիշներ։
Սա կենսագրություն է, որն անհրաժեշտ է կարդալ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ