«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


«ԻՄ ԿՅԱՆՔԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՄԵԿԸՙ ՀԱՅ ՈՒՆԿՆԴԻՐՆ Է ԵՎ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ»

«Երբ ինձ հարցնում են, թե Հայաստանում որքա՞ն բարեկամ ունեմ, պատասխանում եմՙ ամբողջ երկիրը»,- ասում է հանրաճանաչ ջութակահար, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» -ի շքանշանակիր Վլադիմիր Սպիվակովը։

Հայաստան-սփյուռք երկրորդ համաժողովի շրջանակում Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Սպիվակով» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը։

Վլադիմիր Սպիվակովի միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1999 թ. հունիսին։ Կազմակերպության հիմնական նպատակներն են հայտնաբերել կատարողական ասպարեզի շնորհալի պատանիներին, աջակցել նրանց կայացմանն ու կատարելագործմանը։ Հիմնադրամը օժանդակում է անհրաժեշտ երաժշտական գործիքների, նոտաների ձեռքբերմանը, միջազգային մրցույթներին ու փառատոներին մասնակցությանը, բարեգործական համերգների կազմակերպմանը։ Դրանցից առավել հիշարժան են Ցյուրիխում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Կաունասում, Կոլմարում տեղի ունեցած նման միջոցառումներում հայ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությունը։ Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է նաեւ համերգ-այցելություններ Արցախի քաղաքներ ու մարզեր։ Ըստ Վլադիմիր Սպիվակովի մտահղացման, դրա ամենակարեւոր նպատակըՙ երեխաների կատարողական վարպետության կատարելագործումն է։ Այդ առումով արդյունավետ էին Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպած վարպետության դասընթացները, որոնց մասնակցեցին ոչ միայն Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու հիմնադրամի կրթաթոշակակիրներն, այլեւ Գյումրիի, Կապանի, Վանաձորի եւ Արցախի երաժշտական դպրոցի սաները։ Վարպետության դասընթացների ժամանակ արտերկրի հմուտ մասնագետների մասնակցության շնորհիվ ոչ միայն ի հայտ եկան երաժիշտներից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալ ունակություններն ու յուրահատկությունները, այլեւ քննարկվեցին համաշխարհային կատարողական արվեստի արդի խնդիրներից առավել հետաքրքրականները։

Աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հոգեւոր ու գործնական կապը Հայաստանի հետ սկիզբ առավ 1980-ականներին։ Նա առաջիններից էր, ով բարեգործական համերգներով հանդես եկավ երկրաշարժից ավերված Լենինականում։ Այդ իսկ օրերից Սպիվակովի համար բարեգործությունը դարձավ Հայաստանի հետ ստեղծագործական ու մարդկային շփումների անքակտելի մասը։ Այսպես, 1999-ին Երեւանում ստեղծեց իր միջազգային հիմնադրամի մասնաճյուղը։ Իսկ մեկ տարի անց կազմակերպվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ «Այն ղեկավարում է Հայաստանի առաջին տիկինը։ Դա ե՛ւ պատիվ է, ե՛ւ պարտականություն։ Ի դեմս Բելլա Քոչարյանի, երիտասարդ երաժիշտները զգում են պետական հոգածություն իրենց ապագայի հանդեպ»,- ասում է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ելենա Սմբատյանը։

Անշուշտ, մեծանուն երաժշտիՙ Վլադիմիր Սպիվակովի գործունեությունը մեծ արձագանքի ու գնահատանքի է արժանանում։ «Այն, ինչ անում է Սպիվակովը Հայաստանի համար, զուտ բարեգործություն չէ։ Մեր հակասական ժամանակներում հասարակությունն երիտասարդությանը կրթելու ազնիվ առաքելության կարիք ունիՙ դա՛ է Սպիվակովի մեծագույն արժանիքներից մեկը», ասում է Էդվարդ Միրզոյանը։ «Երբ մեծ արվեստագետը հովանավորում է երեխաներին, նա սնում է ոչ թե աշակերտների, այլ ապագա ինքնուրույն, կայացած արվեստագետներիՙ այդ է անում Վլադիմիր Սպիվակովը»,- նկատում է Ժան Տեր-Մերկերյանը։

Վերոհիշյալ համերգում Կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան «Սպիվակով» հիմնադրամի 15 կրթաթոշակառուներ, որոնց թվում էին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական, Ալ. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի անվան, ինչպես եւ վոկալ-երաժշտական դպրոցների սաները։ Պատանի կատարողների ելույթը մեկ անգամ եւս հաստատեց ներկայիս հայ երիտասարդ սերնդի երաժշտական աչքի ընկնող, խոստումնալից ներուժը։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4