«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ (ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ) ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի 6-րդ արտահերթ կոնֆերանսը, որի օրակարգն ընդգրկում էր կազմակերպության ղեկավարության անցած չորս տարվա աշխատանքների մասին հաշվետվությունը, կանոնադրական փոփոխությունների հաստատումը, ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններն ու գործկոմի նոր կազմի հաստատումը։ Հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արման Հովհաննիսյանը։ Այնուհետեւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահը։ Ձայնի իրավունք ունեցող 57 պատգամավորներից 52-ը քվեարկել էին Ռուբեն Հայրապետյանի եւ միայն չորսըՙ Արկադի Անդրեասյանի օգտին (1 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել)։ Այսպիսով, ձայների գերակշիռ առավելությամբ հայտնի գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Ռուբեն Հայրապետյանն ընտրվեց ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի նոր նախագահ։ Հաստատվեց նաեւ նախագահի առաջադրած 15 հոգուց բաղկացած գործկոմի նոր կազմը։

Շնորհավորելով Ռուբեն Հայրապետյանինՙ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հուսով ենք, որ նա նույն եռանդով ու ջանասիրությամբ կվերաբերվի իրեն վստահված պատասխանատու աշխատանքին, ինչպես ժամանակին «Փյունիկում» էր։ Նշենք, որ անկախության տարիներին ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիան 4-րդ նախագահն է գլխավորում։ 1992¬1994 թթ. ֆեդերացիայի նախագահը Նիկոլայ Ղազարյանն էր, այնուհետեւ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արմեն Սարգսյանը, իսկ 1998 թ. մայիսի 12-ին կայացած կոնֆերանսում նախագահ ընտրվեց Սուրեն Աբրահամյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4