Օսկանյանը չի հայտարարել երկաթուղային հաղորդակցության դիմաց չորս շրջաններ ազատելու մասին
ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանական «525» թերթը «Եվրոպայի խորհրդից դիվանագիտական աղբյուրի» վկայակոչմամբ հաղորդում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ Ստրասբուրգում այս շաբաթ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը համաձայն է ազատել գրավյալ չորս շրջանները Նախիջեւանով երկաթուղային հաղորդակցության վերականգնման դիմաց։ Թերթը գտնում է, որ դրանով իսկ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի նախապայմանը երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Թերթը հիշեցնում է, որ հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է բացվել միայն Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի գրավյալ չորս շրջանները հանձնելու պայմանով, որոնց տարածքով անցնում է մայրուղու 130 կմ երկարությամբ հատվածը։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը կտրականապես հերքել է թերթի այդ պնդումը։ Ըստ նրա, այդ հաղորդումը «չի համապատասխանում իրականությանը»։