Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը շարունակվեց տուժող, ազգային անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանին ուղղված հարցերով։
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե, ըստ տուժողի, ամբաստանյալների խումբը հանուն հայրենիքի՞ է գործել, թե՞ ընդդեմ հայրենիքի։ Տուժողը պատասխանեց, որ հանուն հայրենիքի այդ կերպ չեն գործում։ Իսկ այն հարցը, թե ամբաստանյալների նման վարքագծի պատճառները որո՞նք են եղել, ուղղակի հանվեցՙ չարժանանալով պատասխանի։
Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանն իր հարցերը սկսեց նրանից, թե ինչու ԱԱ-ն չի կանխել 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Տուժողը պատասխանեց, որ նախարարությունը նման տեղեկություն չի ունեցել։ Հ. Ստեփանյանի պաշտպանին հետաքրքրում էր նաեւ, թե պրն Գրիգորյանն ինչպես է վերաբերվում տուժողի կարգավիճակում գտնվելուն։ Տուժողը հարցը որակեց սադրիչ, նշելով. «Լավ կլիներ, որ ինձ հետ պառկած լինեիք (ԱԺ դահլիճում- Ա. Հ.), կիմանայիք, որ այսպիսի հարցն անբարոյական է»։
Պաշտպան Աթաբեկյանը եւս մի քանի հարց տվեց, որոնց կապակցությամբ նրա պաշտպանյալ, ամբաստանյալ Համլետ Ստեփանյանն առարկություն հայտնեց դատարանին։ Հարցերը շարունակելու Աթաբեկյանի փորձերի առնչությամբ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ պաշտպանն, իր պաշտպանյալի շահերին հակառակ, իրավունք չունի կատարելու գործողություններ։
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո պաշտպան Աթաբեկյանը հայտնեց, որ հարցեր ունի, բայց ստիպված է դադարեցնել։
Հարցադրումներ սկսեց անել ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Նախ, նրան հետաքրքրում էր տուժողի տեղյակությունը, թե ովքե՞ր եւ ինչպե՞ս էին վարում բանակցությունները մինչեւ տուժողի մասնակցությունը։
Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց, թե ում հետ ինչ են բանակցել, մինչեւ իր ներգրավումը, իրեն հայտնի չէ։ Իսկ իր մասնակցությամբ բանակցային կողմեր էին ՀՀ նախագահն ու Նաիրի Հունանյանը, ինքը հանդիսանում էր կապող օղակ։
Շարունակելով պատասխանել Նաիրի Հունանյանի հարցերինՙ պրն Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ բանակցությունների նախաձեռնությունը Գագիկ Կոստանդյանինն է եղել։ Ինչ վերաբերում է դահլիճ նախագահի չգալու դեպքում Ալեքսան Հարությունյանի գալու, ըստ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի, անիմաստ լինելուն, ԱԱ փոխնախարարը նշեց, որ ինքն անտեղյակ է Ալեքսանի գալու նպատակից, բայց պնդում է, որ ամբաստանյալը նման պահանջ է արտահայտել։
Ապա տուժողը, դիմելով ամբաստանյալներին, ասաց. «Տղամարդը նա է, որ ղալաթ անելուց հետո կարողանա ընդունել իր ղալաթը»։ Փոքրիկ քարոզից եւ անձնական որակների ներկայացումից հետո պրն Գրիգորյանը պատասխանեց նաեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի 1¬2 հարցին։
Կարեն Հունանյանն էլ, ինչպես միշտ, մտածողության ոչ մի ձեւից ծնունդ չառած 1¬2 հարց տվեց, հետո էլ հայտարարեց, որ դադարեցնում է հարց տալը։
Երեկ դատարան էին ներկայացել նաեւ ԱԺ պատգամավորներ, տուժողներ Գրիգոր Հարությունյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (Դավիթ Հովհաննես)։ Ըստ Գրիգոր Հարությունյանի, ահաբեկչության օրը տպավորությունն այնպիսին էր, թե բոլորին պիտի սպանեին, ինչպես նաեւ կարծես դրսից ուժեր պիտի գային, որոնց չգալով ահաբեկիչները հիստերիայի մեջ էին։ Տուժողը նշեց նաեւ, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը կազմակերպված էին թեկուզ այնքանով, որ ահաբեկիչների դահլիճ մուտք գործելու պահին միայն 1¬2 հոգի կարողացավ փախչել։
Երեկվա նիստին ներկայացած վերջին տուժողըՙ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը հայտնեց, որ 40 էջանոց նախաքննական ցուցմունք է տվել եւ այն հիշում է ամենայն մանրամասնությամբ, քանի որ «ֆոտոգրաֆիկ» հիշողություն ունի։
Չմոռանալով նշել, որ պատմելն իր մասնագիտությունն է, տուժողը սկսեց ներկայացնել դեպքերի ընթացքը։ Նա հատկապես շեշտադրեց այն հանգամանքը, որ ինքը ոճրագործների մուտքից հետո ոչ թե պառկած է եղել, այլՙ ընկած։
Դահլիճում հնչած հայհոյանքներին անդրադառնալով, տուժողը դրանք պրիմիտիվ որակեցՙ որպես վախի, ահի հայհոյանքներ։
Ապա պրն Հովհաննիսյանը նկարագրեց դահլիճում տիրող իրավիճակը, զոհերի դիրքն ու վիրավոր Քոթանյանի վիճակը, իսկ Արմենակյանի սպանության մասին անտեղյակ էր։
Խառը վիճակում, ըստ տուժողի, դահլիճում կոչեր էին լինում, իսկ կոչ անողներից շատերը, իրենց անելիքն այդքանով ավարտելով, «գնում» էին։ Ինչ վերաբերում է ահաբեկչության կազմակերպմանը, ապա տուժողն ասաց. «Ծտի խելք ու նապաստակի սիրտ ունեցող սրանք (ահաբեկիչները¬ Ա. Հ.) դա կազմակերպողը չէին»։ Իսկ սպանությունների հիմքում տնտեսական հանգամանքներ էին, եւ, ըստ տուժողի, դրանց միայն քաղաքական շարժառիթներ վերագրելն ուղղակի ծիծաղելի է։ Այս կապակցությամբ տուժողը հիշեցրեց վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը Մ. Նահանգներ եւ այն, ինչ ասվել էր նրանՙ ի պատասխան նոր վարկեր ստանալուն։ Իսկ Հայաստանում վարչապետի կողմից մինչ այդ տրված վարկերի ճակատագրով հետաքրքրվելը, կոռուպցիայի դեմ պայքարելու հաստատակամությունն էլ, ըստ Դավիթ Հովհաննեսի, սպանության տնտեսական հանգամանքներն էին։
Հետաքրքրական էր, որ պրն Հովհաննիսյանը զրուցել էր դահլիճ մտած բոլոր ոճրագործների հետ, բացի Կարեն Հունանյանից։ Էդիկ Գրիգորյանը նրան հայտնել էր, որ Վազգեն Սարգսյանին գուցե, բայց Կարեն Դեմիրճյանին սպանելու մտադրություն չի եղել։
Իր հարուստ եւ խրատական բազմաթիվ գնահատականներով լեցուն խոսքի ընթացքում ԱԺ պատգամավորը չմոռացավ խրատի մի մասն էլ «նվիրել» լրատվամիջոցներին։
Ա. Հ.