«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆ Է

ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում երեկ երեք հարց էրՙ հանձնաժողովին կից տուրիզմի ու արդյունաբերության ոլորտի աշխատանքային խմբերի կատարած աշխատանքների եւ ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ որոշման ընդունումը, ԱԺ-ի ընդունած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ներկայացումն ու դրա կիրառմանը վերաբերող, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների դերի եւ մասնակցության հարցերի քննարկումը։

ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի խոսքերով, վերջերս ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որի ընդունումը Եվրախորհրդի առջեւ մեր երկրի պարտավորություններից մեկն էր, զգալի առաջընթաց է այս համակարգում։ Այն էապես տարբերվում է 1996-ին ընդունված օրենքից։ Ամենալուրջ քայլը, թերեւս, օրենքում ապակենտրոնացման առումով է կատարվել։ Համայնքի ղեկավարը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից։ Մեծացել են ավագանու լիազորություններըՙ սկսած աշխատակազմի, համայնքին ենթակա առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեւավորումից մինչեւ համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքի բյուջեն կազմելու, հաստատելու եւ կատարելու լիազորությունները։ Այս ամենին մասնակցելովՙ ավագանին, փաստորեն, դառնում է վերահսկող մարմին։ Նոր օրենքով կարգավորվել են համայնքի ղեկավար-ավագանի փոխհարաբերությունները։ Ալեքսան Հարությունյանի խոսքերովՙ հաշվի առնելով վեցամյա փորձը, դրա անհրաժեշտությունը զգալի էր։

«Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը հստակեցնում է նաեւ տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների փոխհարաբերությունները։ Պարզեցված եւ ընդլայնված է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների դաշտը։ Համայնքի ղեկավարն իրավունք է ստանում իրենց տրված գույքն ազատ տնօրինելու։ Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը հանձնվում են համայնքին որպես սեփականությունՙ անհատույց օտարման սկզբունքով։ Դրանց օգտագործումից ստացված միջոցները համայնքի ղեկավարները կօգտագործեն համայնքի քաղաքաշինական եւ գլխավոր հատակագծերի համար։

Լուրջ խնդիրներ են առկա համայնքի ղեկավարի լիազորությունների առումով հողօգտագործման եւ քաղաքաշինական հարցերում։ Սա, թերեւս, նոր օրենքի միակ թերությունը չէ։ Չնայած օրենքի ընդունումը զգալի առաջընթաց է, թերությունները շոշափելի են։ Օրենքը միանշանակ ընդունելության էր արժանանում տարբեր գերատեսչությունների, տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից։ Օրենքն առաջիկայում բարեփոխումների կենթարկվիՙ հաշվի առնելով տարբեր գերատեսչությունների, մասնագետների առաջարկությունները։ Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբՙ օրենքը բարեփոխելու նպատակով, աշխատանքային խումբ կգործի։ Օրենքը կուղարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողովՙ վերջնական եզրակացություն ստանալու։

«Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքում փոփոխություն չի կրել միայն Երեւանին վերաբերող գլուխը։ Դա կկարգավորվի առանձինՙ մայրաքաղաքի մասին օրենքով։

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4