«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԷԼ ՔԻՉ ՉԵՆ

Ինչքան էլ փորձենք լավատես լինել աղետի գոտու վերականգնման ժամկետների հարցում, Գյումրիում այդ ուղղությամբ առ այսօր առկա լուրջ հիմնախնդիրների լուծման համար դեռ ոչ քիչ ժամանակ ու ջանքեր են պահանջվելու։ Եթե անգամ խոսելու լինենք միայն շինարարության մասին, որն այդ խնդիրների մի մասն է, ապա պետք է նշենք, որ քաղաքում մոտ 10 հազար ընտանիք դեռ երկրաշարժից անօթեւան է։ Իսկ այստեղ շահագործման հանձնվող բնակարանների թիվը թեկուզ վերջին տարիներից ոչ մեկի ընթացքում հազարի չի հասել։

Բայց որ շինարարություն ծավալվում է, դա եւս ակնհայտ է։ Մասնավորապես, ուրախացնող է դպրոցաշինության տեմպը, որտեղ, ըստ ամենայնի, հեռու չէ խնդրի լուծումը։ Ճիշտ էՙ նաեւ օպտիմալացման (որոշ թվով դպրոցների միացման) միջոցով։ Ուրախալի նորություն է նաեւ այն, որ քաղաքի կենտրոնում սկսվել են մանկավարժական ինստիտուտի նախկին կառույցի վերականգնման նախապատրաստական աշխատանքները։ Ժամանակին ավելի շատ անտերությունից տուժած այս կարեւոր կառույցը կվերականգնվի պետական միջոցներով։ Դրա հետ նաեւՙ 397 բնակարաններ, որոնք այս տարի պետք է շահագործման հանձնվեն։ Ծավալուն աշխատանք է կատարվում Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամի ծրագրով։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի տվյալներով, Շառլ Ազնավուրի հրապարակին հարող տարածքում եւ Երեւանյան խճուղում կառուցվող շենքերում շարք կմտնի եւս 1541 բնակարան։ Առաջիկայում 62 բնակարան շահագործման կհանձնվի Հանթսմանի թաղամասում, որտեղ ավարտուն տեսքի են բերվում առաջին երկու բնակելիները։ Եթե չխանգարի ոչ ռիթմիկ ֆինանսավորումը, որն, օրինակ, հոգեբուժական կենտրոնի շենքում աշխատանքների դադարեցման պատճառ է դարձել, աշխատանքային գրաֆիկը կպահպանվի։ Կարգավորվում է նաեւ կիսակառույց «Մուշ» թաղամասի ջեռուցման վաղուց օրակարգային դարձած հարցը։ Իսկ հարցերի հարցը Գյումրու համար մնում է արդյունաբերության վերագործարկումը։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4