«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


«ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ» ԲԱՆԱՁԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ

Ազգային ժողովի մեծամասնությունն արջի ծառայություն է մատուցում նախագահին

Ցանկացած դեպքում լավագույն ելքը երկրին եւ պետականությանն առնչվող հարցերում դրանց վերջնական քննարկումներն ու որոշումները կայացնելն են։ Թեեւ այս տրամաբանությամբ էր գրվել նախագահի իմփիչմենթի խորհրդարանական նախաձեռնության մասին մեր նախորդ հոդվածը, սակայն ակնհայտորեն խորհրդարանական մեծամասնությունը փորձում է նախաձեռնությունը տապալել ամենախայտառակ ձեւով։

Երեկ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը, որը պետք է եզրակացություն տար պաշտոնանկության նախաձեռնությանը եւ հարակից զեկույցով հանդես գար քննարկման ընթացքում, իր հերթական նիստի ժամանակ պաշտոնանկության հարցը չքննարկեց։

Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, թե իրենք իրավունք չունեն այն քննարկելու, որովհետեւ ԱԺ ղեկավարությանը սահմանված կարգով նախաձեռնությունը որպես որոշման նախագիծ երկօրյա ժամկետում չէր ուղարկել հանձնաժողովին, այսինքնՙ իրենց ձեռքի տակ պաշտոնապես որեւէ նման փաստաթուղթ չի եղել։ Հիշեցնենք, որ 27-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը ներկայացնելու օրը, երբ դրանից իբր բխեցնելով պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը ներկայացրեց պաշտոնանկության որոշման նախագիծը, ԱԺ նիստը ղեկավարում էր ոչ թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, այլ նրա տեղակալ Գագիկ Ասլանյանը։ Այսինքն, Արմեն Խաչատրյանիՙ Ֆինլանդիայում գտնվելու պատճառով ի պաշտոնե հենց Ասլանյանը պետք է նախագիծը տրամադրեր պետաիրավական հանձնաժողովին, որը չի արվել։ Եվ քանի որ ըստ էության այդպիսով խախտվել է ԱԺ կանոնակարգ-օրենքը, ապա ակնհայտ է, որ նախաձեռնությունը տապալելու համար ԱԺ նախագահությունը մտադիր է կանգ չառնել միջոցների ընտրության առջեւ։ Ավելինՙ ըստ որոշ տվյալների, ԱԺ նախագահությունը մտադիր է ընդհանրապես հարցը քննարկման չներկայացնելՙ օգտագործելով յուրաքանչյուր եռօրյայից առաջ ուրբաթ օրվա ԱԺ նախագահության խորհրդակցությունը, որտեղ հանձնաժողովների նախագահների առաջարկներով վերջնական տեսքի է բերվում եկող եռօրյայի օրակարգը։ Այսպեսՙ չընդգրկելով հարցը օրակարգ, կամ ավելի ճիշտՙ հայտարարելով այդ մասին, ԱԺ նախագահությունը կարող է հիմնավորել, թե խորհրդակցության ժամանակ է այդպես որոշվել։ Մի կողմիցՙ հիմնավորումն իսկապես ծիծաղելի է։ Սակայն մյուս կողմիցՙ վերջիններս իրավասու չեն նման հայտարարություն անելու, քանի որ, ըստ կանոնակարգի 22 հոդվածի, հարցը մեխանիկորեն հենց ներկայացման պահից (մեղմ ասածՙ օրենքի կասկածելի ու թերեւս անտեղի մեկնաբանությամբ) արտահերթ պետք է քննարկվի գալիք, այսինքնՙ երկուշաբթի հրավիրվելիք հերթական եռօրյայի ընթացքում։

Սակայն միայն այն հանգամանքը, որ Գագիկ Ասլանյանն իր «անգործության» որեւէ հիմնավորում չներկայացնելով որոշեց լրագրողներին մեկնաբանություններ տալ երեկ, ժամը 17-ին հրավիրվելիք խորհրդակցությունից հետո, վերոշարադրյալի մասին է վկայում, քանի որ ըստ էության նախաձեռնությունը խորհրդակցության հետ որեւէ առնչություն չունի։

Գլխավոր հարցերից մեկը նաեւ մնում է, թե ո՞վ է համարձակվելու երկուշաբթի օրը նախագահել սկսվող եռօրյան կամ այն ընդհանրապես կարո՞ղ է կայանալ։ Փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ պատասխանեց, թե ինքը նախաձեռնությանը նույնքան առնչություն ունի, որքան որեւէ այլ պատգամավորՙ դրանով թերեւս հասկացնելով, թե ինքը նման «լծի» տակ դժվար թե մտնի։ Մնում են երկու թեկնածուներըՙ ԱԺ նախագահն ու մյուս փոխնախագահը։ Ընդդիմադիր շրջանակների համար այս առումով լավագույն թեկնածուն ԱԺ նախագահն է, որն առավել «փխրուն» է, փոփոխական, եւ հեշտ է նրա վրա ազդեցություն թողնելը։ Ըստ բնավորության, Արմեն Խաչատրյանը կարող է տուրք տալ այն մոտեցմանը, որից երկնչելու ավելի շատ առիթներ ունի։

Այս տեսակետից քիչ անելիքներ չունի նաեւ ԱԺ մեծամասնությունը, որն ամենայն հավանականությամբ իր լծակներով ավելի շատ շանսեր ունի աքցանի մեջ պահելու ԱԺ գործող նախագահին։ Եթե անգամ ոչինչ չլինի, նրանք կարող են երկու ծայրահեղ միջոցների դիմել. նախՙ հարցը հենց սկզբից քննարկման չներկայացնել, ի դեմս ԱԺ նախագահի, ինչը տրամաբանորեն առաջացնելու է ընդդիմության հակազդեցությունը, որի վերջնական արդյունքը կարող է լինել, կոպիտ ասածՙ որեւէ պատգամավորի ԱԺ ամբիոնի գրավումը։ Որից հետո նիստը կես ժամով կընդհատվի, իսկ երկրորդ անգամ նույնը կրկնվելու դեպքումՙ չի կայանա։ Երկրորդ դեպքում մեծամասնությունը կարող է կազմակերպված չգրանցվել եւ քվորումի բացակայության պատճառով հարցը հետաձգել մինչեւ հաջորդ օրը, ապա նույն կարգովՙ եւս մեկ օր։ Այս տարբերակները կենսունակ են, եթե հաշվի առնենք, որ սահմանադրության համաձայն, հունիսի 10¬12-ը լինելու է նստաշրջանի վերջին եռօրյան, որից հետո խորհրդարանը մինչեւ սեպտեմբեր գնալու է արձակուրդ։ Այսինքնՙ նման միջոցներով հարցը կարող է առկախվել մինչեւ աշուն։

Թեեւ քաղաքական առումով ԱԺ մեծամասնության ընտրած տակտիկան կարող է արդարացվել, պետականության եւ երկրի հեղինակության առումով պարզապես հակացուցված է։ Այդպիսով, ԱԺ մեծամասնությունը կամ հիմնականում հանրապետական-ժողովրդադեմոկրատական տանդեմն ապացուցում է առնվազն 4 բան.

ա) իր անզորությունը հարցը քննարկման միջոցով վերջնական լուծման հասցնելու գործընթացում,

բ) իր անզորությունն ընդդիմության դեմ ուղղած քաղաքականության մեջ,

գ) հարվածի տակ է առնում Հայաստանի միջազգային հեղինակությունը,

դ) պարզապես արջի ծառայություն է մատուցում նախագահին։

Վերջինս ակնհայտ է, քանի որ ըստ էության չի փորձում հիմնավորել, որ պաշտոնանկության նախաձեռնությունը սնանկ է, ինքնանպատակ եւ անուղղակիորեն յուղ է լցնում այն ներկայացնողների գործունեությանը։ Քանի որ, վկայակոչելով «հակառակորդների» ծայրահեղ միջոցները, կարող են ցույց տալ, թե ինչպես է նախագահը խուսափում պատասխան տալուց։

Չէ՞ որ ի վերջո ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան հասնելուց հետո նախաձեռնությունը վերջնականապես անհիմն է որակվելու եւ նախագահին ազատելու է անընդհատ բերվող մեղադրանքներից։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4