Երեսուն հազարից միայն հազարն է խոսում է հայերեն
Պոլսահայ Միհրան Լատտիֆը Բրազիլիա է հասել 1870-80-ական թթ.։ Երիտասարդ Միհրանի ամազոնյան երկիր մեկնելու պատմությունը շատ հետաքրքրական է. նա սովորել է Բելգիայում, ունեցել բրազիլացի ընկերներ, վերջիններս հրավիրել են Բրազիլիա, որտեղ երիտասարդ ճարտարապետն ամուսնացել է Բելգիայում իր հետ սովորած ընկերներից մեկի քրոջ հետ։ Եվրոպայում ուսանած, այն էլ Միհրան Լատտիֆի նման ճարտարապետ, Բրազիլիայում դժվար էր գտնել։ Թագավորը նրան տվել է մի շարք կարեւոր առաջադրանքներ, Լատտիֆը եղել է արքունիքի սիրելին։
«Կարելի է եւ չենք զարմանա, եթե մի օր մեկը փաստի, որ 1870-ական թվականներից առաջ հայ է ապրել Ամազոնում», մեր զրույցում ասում է բրազիլահայ Օշին Մոստիչյանըՙ Բրազիլիայի հայ համայնքից միակը, որ մասնակցում էր Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովին։
Հայերը Բրազիլիա են ժամանել 19-րդ դարի վերջերից, Պոլսից, Արեւմտյան Հայաստանի գավառներից, հաստատվել են երկրի հարավային նահանգներումՙ զբաղվելով հիմնականում մանր վաճառականությամբ։ Պրն. Մոստիչյանն ասում է, որ հայերը հոծ խմբով առաջին անգամ Բրազիլիա են եկել 1926 թ.ՙ Մարաշից, Թուրքիայի այլ շրջաններից, հիմնականում հաստատվել են Սան Պաուլո քաղաքում։
«Գաղութը այժմ սկսել է ծերանալ։ 1926 թ. հետո նոր գաղթականական հոսքեր չեն եղել։ Հետագայում մի հոսք է եկել Եգիպտոսից, բայց նրանց մեծ մասը այնտեղից մեկնել է Կանադա։ Հայաստանից էլ չկան գաղթականներՙ 10-20 ընտանիք կլինի, ոչ ավելի։ Գաղութի մեջ հայախոսներ քիչ են մնացել։ Դժվարանում եմ ասելՙ որքա՞ն է հայության քանակն այսօր։ Մահմեդական երկրներում դյուրին է հաշվելը, Բրազիլիայում դժվար է, քրիստոնյա երկիր է, քրիստոնյա ժողովուրդ։ Բրազիլիան երիտասարդ պետություն է, հիմնվել է 1550 թ., ամենքըՙ իսպանացին, ֆրանսիացին, պորտուգալացին, գաղթական են։ Այս պատճառով ամենքը հավասար են, միմյանց հետ ամուսնանում են։ 1926 թվից հայերի չորս սերունդ է անցել։ Մենք կառավարությանն ասել ենք, որ ամբողջ Բրազիլիայում հայերի թիվը 25-30 հազար է։ Իրականությունն այն է, որ եթե վաղը միջոցառում կազմակերպենք, հազար հայ հավաքվիՙ շատ գոհ կլինենք։ Հայերը կենտրոնացած են Սան Պաուլոյում, որտեղ է նաեւ Հայաստանի հյուպատոսարանը», ասում է ավելի քան երեք տասնամյակ ՀԲԸՄ վարչական տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՌԱԿ անդամ պրն Մոստիչյանը։
Բրազիլիայի խորհրդարանի անդամներ են եղել Ու. Քեոթենեջյանը եւ Ֆ. Գասպարյանը, Պ. Պետրոսյանը եղել է Մատու Գրոսսու դու Սուլ հարավային խոշոր նահանգի նահանգապետ, Հ. Սանազարըՙ Օզասկո քաղաքի քաղաքապետ։
Բրազիլահայ համայնքի ջանքերով «Հայաստան» անունով են կոչվել Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը, մի կամուրջ, հրապարակ, եւ այդ հրապարակից ոչ հեռու տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան։
Օշին Մոստիչյանի ասելով, բրազիլահայ համայնքում այժմ փաստորեն չկան ավանդական կուսակցություններ, կուսակցական պայքար։ Հարավային Ամերիկայում ընդհանրապես չկա անթիլիասական եկեղեցի, Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի առաջնորդարանները պատկանում են Մայր աթոռ Սբ. Էջմիածնին։ Բրազիլիայում չկա նաեւ հայաստանյան մամուլ, Մարաշի եւ Հաճընի հայրենակցական միությունների միջոցներով կիրակի օրերին հեռարձակվում էր «Հայկական ռադիոժամը», բայց վերջերս դադարեցրել է աշխատանքները։ Հայրենակցական միություններն ամեն ամիս տարածում են շրջաբերականներ, իսկ Սան Պաուլոյի առաջնորդարանը 2-3 ամիսը մեկ հրատարակում է հանդես։ «Նրանք, ովքեր ցանկություն ունեն հայկական, Հայաստանի մասին լուրեր ստանալ, մտնում են ինտերնետ։ Օրինակ, ես ամեն օր «Ազգի» էջ եմ մտնում, երբեմնՙ «Մարմարայի», Արմենպրեսի։ Բայց ինտերնետն այն հայերի համար է, ովքեր ցանկություն ունեն Հայաստանից տեղեկություններ ստանալ։ Եթե հայը ինտերնետ չի ուզում, մենք չենք կարող թերթով հասնել նրա տուն», ասում է պրն Մոստիչյանը։
Սան Պաուլո քաղաքում է Հայ առաքելական Սբ. Գրիգոր եկեղեցին, որին կից գործում է «Ազգային Դուրյան վարժարանը»ՙ 110 աշակերտով։ Վարժարանն ամենօրյա է, այս տարի լրացավ հիմնադրման 74-րդ տարին։ Երկու տարի առաջ ՀԲԸՄ-ն հիմնեց իր դպրոց-վարժարանը, որտեղ հայերեն են սովորում 120 աշակերտ։
Պրն Մոստիչյանը երեք անգամ եղել է Հայաստանումՙ 1968-ին, 1993-ին եւ այս օրերին։ 1968-ից Խորհրդային Միության ծաղկման շրջանն էր, եւ զրուցակցիս խնդրեցի համեմատել 1993 թ. եւ 2002 թ. Հայաստանը։ «Հսկայական փոփոխություններ եմ տեսնում, հսկա շինարարություն է գնում, զարմանում եմ, ասում ենՙ փող չկա, գործ չկա։ Ազատ շուկայի մեջ պետք է պայքարել, շատ աշխատել։ Անցե՜լ են սովետական ժամանակները, երբ ամսվա վերջին վճարում էին», ասում է պրն Մոստիչյանը։ Զրուցակցիս ասելով Բրազիլիայում հայերը լավ են ապրում, քիչ են աղքատները։
1993 թ. Սան Պաուլոյում ստեղծվել եւ գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը Վարուժան Բուրմայանի ղեկավարությամբ։ Ինքըՙ պրն Բուրմայանը մեծահարուստ է, Հայաստանին մեծ նվիրատվություններ է արել, միաժամանակ Հայաստանում Բրազիլիայի դեսպանն է։
Օշին Մոստիչյանն ասում է, որ Հայաստանն էլ օգնում է բրազիլահայ համայնքին։ «Սան Պաուլոյում գործում է Հայաստանի հյուպատոսությունը, հյուպատոս Աշոտ Եղիազարյանը լավ է աշխատում։ Բրազիլիայում հյուպատոսություն ունենալն ինքնին օգնություն է», ասում է նա։
Վերջերս պաշտոնական այցով Բրազիլիայում էր Հայաստանի նախագահը։ «Այցելությունը շատ լավ անցավ, բարձր մակարդակով հանդիպումներ եղան, կնքվեցին պայմանագրեր։ Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Էնրիկե Կարդոզոն շատ լավ գիտի հայերին։ Ժամանակին, երբ նա վտարվեց Բրազիլիայից, վտարանդիության շրջանում ունեցավ հայ ընկերներ, բարեկամներ», ասում է զրուցակիցս։
Օշին Մոստիճյանի կարծիքով, Հայաստան-սփյուռք համաժողովը շատ հաջող է անցել։ «Երրորդ համաժողովը ավելի լավը պիտի լինի», ասում է նա։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ