Երեկ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսը նպատակ ուներ ներկայացնելու ոլորտում առկա իրավիճակը եւ շուրջօրյա ջրամատակարարման անցնելու գործընթացը։ Մասնավորապես նշվեց, որ մայիս ամսին 112 բազմաբնակարան շենքեր անցել են շուրջօրյա ջրամատակարարման։ Իրավիճակն էապես փոխվել է հատկապես Նորքի 4-րդ զանգվածի 54 շենքերում։ Բարձրացել է նաեւ ջրավարձերի հավաքման մակարդակը։ Մայիսին այն կազմել է մոտ 30 տոկոս, որից բնակչության բաժինը 20 տոկոսն է։ Ինչպես տեղեկացրեց ընկերության առեւտրային տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը, մարտին հավաքված 43 մլն դրամի համեմատ մայիսին հավաքվել է 81 մլն դրամ։ Ներկայացնելով ընկերությունում անցկացվող կառուցվածքային փոփոխությունները, նա հայտնեց, որ «Ջրմուղ-կոյուղու» նախկին 8 տեղամասերն այժմ դարձել են մասնաճյուղեր, որտեղ բնակիչները կարող են դիմել իրենց վճարումները կատարելու, պարտքերը ճշտելու եւ մյուս հարցերով։ Վերադառնալով վարձավճարումների հավաքմանը, որն ասուլիսում շոշափվող հիմնական հարցն էր, առեւտրային տնօրենը նշեց, որ հավաքման ցուցանիշի բարձրացմանը հնարավոր է եղել հասնել բացառապես բացատրական աշխատանքի եւ սպասարկման բարելավման շնորհիվ։ Այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն բնակիչները, որոնք ջուր չեն ստանում եւ չեն վճարում, նա պատասխանեց, որ ջրավարձ վճարելու պահանջը նախ եւ առաջ դրվում է բնակչության այն 80 տոկոսի առջեւ, որն այս կամ այն չափով ջուր ստանում է, սակայն չի վճարում։ Իսկ նրանցից, ում ջրամատակարարման վիճակը վատթար վիճակում է, առայժմ վճարումը խստորեն չի պահանջվում։ Տեղեկացվեց, որ բնակչությունն այսօր ունի 22 մլրդ դրամի պարտքեր, որոնք կճշգրտվեն, բայց դրանց ներման մասին որեւէ խոսք չկա։
Ընկերության գլխավոր ինժեներ Հենզել Խաչատրյանը հայտնեց, որ Երեւան մտնող ջրի քանակը 2,5-3 անգամ շատ է անհրաժեշտ քանակից։ Սակայն մաշված խողովակաշարերի, պոմպային կայանների վատ վիճակի պատճառով ջուրը կորչում է։ Կորուստների 65-70 տոկոսը տեղի է ունենում ներքին ցանցում, ինչը բնակիչների անփույթ վերաբերմունքի, անսարք ծորակների հետեւանքով է լինում։ Այս ամենը կվերանա շուրջօրյա ջրամատակարարման եւ ջրաչափերի տեղադրման շնորհիվ։ Տեղեկացվեց, որ շուրջօրյա ջրամատակարարման անցնելու ուղղությամբ առաջիկա երեք ամիսներին աշխատանքներ են տարվելու Դավիթաշեն թաղամասում, այնուհետեւ Հարավ-արեւմտյան թաղամասի որոշ հատվածներում։
Ինչ վերաբերում է ջրաչափերի տեղադրմանը, ապա հերթական անգամ նշվեց, որ դրա համար պետք է ձեւավորվեն համատիրություններ, պայմանագրեր կնքվեն բնակիչների հետ եւ տարբեր պայմաններով ջրաչափեր տեղադրվեն։ Նպաստավոր եւ աղքատ համարվող բնակիչների ջրաչափերի տեղադրումը կստանձնի ընկերությունըՙ հետագայում, տարիների ընթացքում ծախսը նրանց կողմից փոխհատուցելու պայմանով։ Տեղեկացվեց, որ կան նաեւ այլ տարբերակներ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ։ Մեր հարցին, թե շուկայական հարաբերությունների տեսանկյունից ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ջրաչափերի տեղադրման ծախսը ստանձներ պետությունը, այս անգամ եւս ստացանք այն պատասխանը, որ պետությունը դա չի անում, իսկ ձեռնարկությունը չունի անհրաժեշտ միջոցները։ Չնայած «Ջրմուղ-կոյուղու» պատասխանատուները խոստովանեցին, որ «լավ կլիներ, եթե այդպես լիներ»։ Նրանք նաեւ կարեւորեցին համայնքների ղեկավարների եւ համատիրությունների դերն այս հարցում, որոնք, սակայն, սեփական փորձից գիտենք, որ աչքի չեն ընկնում իրենց պարտականությունների կատարմամբ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ