Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։
Ժողովը լսել է վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանի հաղորդումը ՀՌԱԿ կառուցվածքային զարգացումների մասին։ Արձանագրվել է, որ կուսակցության կազմում այսօրվա դրությամբ գործում են 111 ակումբներ (սկզբնական կազմակերպություններ)։ Ձեւավորվել են ՀՌԱԿ Շիրակի, Լոռու, Արարատի եւ Տավուշի շրջանային վարչությունները։ Հանրապետությունում գործում են երկու տասնյակից ավելի կուսակցական գրասենյակներ։ Իրականացված կազմակերպչական եւ քարոզչական աշխատանքի շնորհիվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՀՌԱԿ նոր ակումբներ կձեւավորվեն Սիսիանում, Արթիկում, Երեւանում, Արմավիրի մարզում։ Համալրվելու են ՀՌԱԿ «Մեծամոր» եւ «Բուժական» ակումբների կազմերը։ Վարչությունն անբավարար գտավ գործերի ընթացքը Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում։
Վարչությունը լսեց կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հաղորդումը Լոնդոնում տեղի ունեցած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ժողովի մասին։ Դրական է գնահատվել 2002 թվականի մայիսին հիմնադրամի հաջորդ ժողովը Երեւանում անցկացնելու որոշումը։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում ընդունեց Իջեւանում հաստատել գործչի հաստիք։ Քննարկվեցին մի շարք այլ հարցեր։