«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

Ճարտարապետների միության եւ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի միջեւ, մեղմ ասած, ոչ հարթ հարաբերությունների դրսեւորումներին անընդհատ ականատես ենք լինումՙ երկուստեք հնչող մեղադրանքներ, որոնց առանցքում Երեւանում տեղի ունեցող քաղաքաշինական գործընթացներն են։

Վերջերս արված հայտարարությունում ճարտարապետների միությունը դարձյալ տագնապ հնչեցրեցՙ քննադատելով մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Սրան ի պատասխան երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկմանը փորձ արվեց պարզություն մտցնել հարցում։ Փորձ, որովհետեւ մինչ ճարտարապետներն ու քաղաքաշինության պատասխանատուները հարաբերություններ են պարզում, մայրաքաղաքը շարունակում է փոփոխվել, եւ այդ փոփոխությունները միշտ չէ, որ դրական են։

«Մեկը մյուսի հետեւից պատահական շինհրապարակներ են ծնվումՙ փակված կապույտ վարագույրով, սակայն դրանցից ոչ մեկը չի անցնում քաղաքաշինական խորհրդով», ասում է ճարտարապետների միության նախագահ Ալբերտ Զուրաբյանըՙ Նարեկ Սարգսյանին մեղադրելով քաղաքաշինական խորհրդի հետ հաշվի չնստելու մեջ։

«Չենք ուզում անմեղ մեղավորի դերում լինել, երբ պատասխանատու ես այն բանի համար, ինչից տեղյակ չես», ասում են քաղաքաշինական խորհրդի անդամները, որոնց խոսքերով, իրենք անընդհատ մեղադրվում են այն բաների համար, ինչից ուղղակի տեղյակ չեն։

Որպես մտահոգիչ օրինակներ նրանք նշում են օպերայի շրջակայքում, Օղակաձեւ զբոսայգում, Հրազդանի կիրճում կատարվող շինարարությունը, որը խաթարում է մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը։

Մի կողմ թողնելով տարաձայնությունները, նրանք փաստում են, որ իրենց համար կարեւորը մայրաքաղաքի արտաքին տեսքն ու ապագան է։

Երեւանի գլխավոր ճարտարապետը, սակայն, ասում է, որ չի հավատում նրանց մտահոգությանը։ Եվ տագնապ բարձրացնողներից շատերն իրենք են հեղինակել այն կառույցները, որոնց համար էլ այժմ մտահոգություն են հայտնում։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որ վերապահումներով, բայց ընդհանուր առմամբ համաձայն է հնչող տագնապին, առաջարկեց առաջիկայում առանց քաղաքաշինական խորհրդի եզրակացության չսկսել որեւէ հասարակական արժեք ունեցող շինարարական գործընթաց, իսկ այն ճարտարապետները, ում ձեռքերով իրականություն են դառնում ապօրինի նախագծերը, դրա համար պատասխանատվություն կկրեն։

Թե այս քննարկումը հօգուտ քաղաքի դրական զարգացման ինչ կարձանագրիՙ պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն ճարտարապետներից մեկի կարծիքն իրականության մասին թույլ չի տալիս լավատեսությամբ զինվել. քաղաքաշինական գործընթացները մայրաքաղաքի օրինական թե ապօրինի իշխանավորների հրամանով են իրականություն դառնում։ Իսկ քաղաքաշինության պատասխանատուներն ուղղակի դրանք իրականացնողներն են։

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4