«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՌԱՎԵԼ ՀԱԿՎԱԾ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Իսկ տեղական իշխանությունը նման ցանկություն առայժմ չի ցուցաբերում

«Շիրակի մարզային կուսակցական համաձայնություն» միջկուսակցական դաշինքի ստեղծումից ի վեր Գյումրիում տեղական ընդդիմությունը գործնականում հրաժարվել է «միտինգային դեմոկրատիայի» ծավալման պրակտիկայիցՙ ընտրելով մարզի ու քաղաքի խնդիրները աշխատանքային պայմաններում համատեղ քննարկելու գործելաձեւ։ Համատեղՙ ոչ միայն մասնակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներով, այլեւ կառուցողական գործակցության ու խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությամբ երկխոսության հրավիրելով տեղի իշխանություններին։ Թվում էՙ սա մեզանում նոր եւ բոլոր դեպքերում ուշադրության արժանի քաղաքական գործելակերպ է։ Ցավոք, եղած մեկ-երկու դեպքից բացի մարզպետարանն ու քաղաքապետարանն առայժմ, ինչպես երեւում է, նման երկխոսության պատրաստ չեն։ Իսկ «Համաձայնության» քննարկումներին ու հնչող այս կամ այն քննադատությանը Գյումրու քաղաքային ղեկավարության արձագանքը հաճախ նյարդային է, եթե չասենքՙ ցավագին։

Վերջերս «Կուսակցական համաձայնությունը» կազմակերպել էր «Առաջարկություններ, ծրագրեր, անելիքներ» խորագրով հերթական հասարակական լսումըՙ նվիրված Գյումրու 2002 թ. համայնքային բյուջեին եւ 2001 թ. բյուջեի կատարողականին։ Ընդունելով, որ դա, թեկուզ ինչ-ինչ պատճառներով, ուշացած քննարկում է, կուսակցական ընդդիմությունն այնուամենայնիվ նպատակ ուներ ուշադրություն հրավիրել այն հարցերի վրա, որոնք, իր գնահատմամբ, առկա են քաղաքում հարկերի ու տուրքերի գանձման եւ ծախսերի ոլորտում։ Այսպիսի կարեւոր թեմայով հասարակական լսումին, որի կազմակերպմանն, ի դեպ, հերթական անգամ աջակցել էր ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երեւանյան գրասենյակը, ակնկալվում էր մարզային ու քաղաքային իշխանությունների, համապատասխան բաժինների ղեկավարների եւ այլ մասնագետների ակտիվ մասնակցությունը։ Սակայն այս հրավերը եւս նրանց կողմից չէր ընդունվել։ Մինչդեռ քննարկվող թեմայով «Հայրենիք եւ պատիվ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Լեւոն Գալստյանի ներկայացրած զեկուցման մեջ, նաեւ առանձին ելույթներում պատասխանի կարոտ բազմաթիվ սուր հարցադրումներ ու մեղադրանքներ կային։ Մասնավորապես, Գյումրու համայնքային բյուջեի եկամտային մասի կառուցվածքի վերլուծության հիման վրա նշվում էր, թե այստեղ տեղական հարկերի, տուրքերի, ոչ հարկային եկամուտների բազան մոտ երկու անգամ պակաս է ցույց տրված, հետեւաբար առկա է 50 տոկոս ստվերայնություն։ Մատնանշվում էին հարկման (նաեւՙ կամայական դրույքաչափերով) ու գանձումների մի շարք ոլորտներ, որոնք բյուջեում կամ մասամբ, կամ ընդհանրապես չեն երեւում եւ, բանախոսի եզրակացությամբ, եկամտի աղբյուր են ծառայում առանձին մարդկանց համար։ Հարցադրումների մյուս խումբը բյուջեի ծախսային մասում բազմաթիվ չհիմնավորված ծախսերի, ուռճացված հաստիքների, բյուջեն ազգ-բարեկամին աշխատավարձ տալու միջոցի վերածելու մասին էր։ Ներառյալ նաեւ պնդումները, թե բյուջեում երեւացող կամ չերեւացող հսկայական գումարներ են ծախսվում քաղաքապետի գովազդի, նրա հանգիստը հսկող միլիցիոներների, թիկնապահների եւ այլնի վրա։ Թե համայնքի միջոցով վարկ է տրված քաղաքապետի անձնական սեփականությունը հանդիսացող, չաշխատող ոսկերչական գործարանին, որի գույքը, շինանյութերի մեծ մասը ձեռք են բերվել քաղաքապետարանի անվան տակ, բայց դարձել է քաղաքապետի սեփականությունը։ Կամ, ասենք, «Քաղաքապետարանին պատկանող 2 ավտոբուսներն անվճար տրամադրվել են «յուրայիններին» եւ գիծ մտցվել։ Ընտրարշավի կապակցությամբ գծեր են տրվում «թաղային հեղինակություններին», որոնք դրանք վաճառում են...»։

Այս ամենը որքանո՞վ է իրականությանը համապատասխանում կամՙ ոչ։ Զեկուցողը ինքն այս մասին ասաց, թե հնարավոր է, որ որոշ անճշտություններ լինեն, որովհետեւ քաղաքապետարանն իրենց չի տրամադրել անհրաժեշտ տվյալները, եւ դրանք ձեռք են բերվել «Համաձայնությանը» հասանելի աղբյուրներից։ Այսպես թե այնպես, 8 էջ կազմող զեկուցման մեջ ըստ տարբեր ոլորտների կամ բյուջեի հոդվածների այնքան հաշվարկներ, թվեր ու փաստարկներ են բերված, որ դրանց չպատասխանել... հնարավոր չէ։ Իսկ պատասխանելը, ինչ խոսք, ըստ էության տրվող պատասխանն է եւ ոչ անձին պատասխանելը (զեկուցող Լ. Գալստյանը քննարկման հաջորդ օրը քաղաքապետի որդու կողմից փողոցում իր նկատմամբ ոտնձգության կամ սադրանքի մասին բողոք է ներկայացրել դատախազություն, քաղաքապետը դա համարել է զրպարտություն, իսկ «Կուսակցական համաձայնությունը» իրավապահ մարմիններից պահանջել է քաղաքացիներին պաշտպանել նման դեպքերից, քաղաքում կարգուկանոն հաստատել)։

Հիշյալ հասարակական լսումի ժամանակ գուցե տեղին նշվեց, թե այդ քննարկումը երեւի չէր լինի, եթե ժամանակին դա արած լինեին իշխանությունները։ Զեկուցողի վկայությամբ, համայնքների բյուջեների նախագծերի ներկայացումը հասարակությանը, դրանց քննարկումը բնակչության հետ նախատեսված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով։ Սակայն մինչ բյուջեի հաստատումը, դրա նախագիծը ստանալու եւ վերջինիս քննարկմանը մասնակցելու իրենց բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Իսկ այդ օրվա քննարկմանը իշխանության ներկայացուցիչների չգալը քննարկման մասնակիցները համարեցին ոչ թե արհամարհանք, այլ հարցերից խուսափելու արտահայտություն։ Բյուջեն, ինչպես այդտեղ ընդգծվեց, վերջին հաշվով նաեւ ժողովրդավարության գործիք է։ Ցանկացած երկրում հարկատուն պարտավոր է հարկը, տուրքը վճարել, բայց նաեւ իրավունք ունի հաշիվ պահանջել։ Մենք բոլորս (տվյալ դեպքումՙ լսումին ներկա տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ վերջիններիս լուսաբանմամբՙ քաղաքի հասարակայնությունը) նաեւ հարկատուներ ենք, եւ մեզ հետաքրքրում է, թե մեր տված գումարներն ուր են գնում, արդյոք նպատակի՞ն են ուղղվում։ Իսկ երբ հարցերին ժամանակին պատասխաններ չեն տրվում, թերեւս բնական է, որ հարցերը, կասկածները մնում են։ Վերջինների փարատման եւ բերված փաստերի ստուգման ուղին միջկուսակցական մարմնի անդամներն այս պարագայում տեսնում են նրանում, որ ՀՀ նախագահի, վարչապետի վերահսկողական ծառայությունները եւ Ազգային ժողովի վերահսկիչ պալատը կազմակերպեն Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական գործունեության ստուգում։ Մանավանդ որ, իրենց վկայությամբ, նման ստուգում չի կատարվել արդեն չորս տարի։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4