«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՂԵՆ ՈՒԺԸ

29 մայիսի, 2002 թ., Արամ Խաչատրյան համերգասրահ... Սվետլանա Նավասարդյանի մենահամերգն էր։

Տարիներ է արդեն, որ լսում ենք Նավասարդյանին, լսում, սիրում, հիանում ենք։ Բայց այդ օրը պարզապես զարմացանք...

Ծրագրում ծանոթ հեղինակներ էին. Հայդն, Շուբերտ, Շոպեն, Պրոկոֆեւ, Խաչատրյան։ Այո, ծանոթ. իրենց քննարկված ժամանակաշրջաններով, անհատականություններով, ստեղծագործական նկրտումներով ու ընդգրկումներով։ Թվում է, նորը լսելու ակնկալիք չպետք է ունենայինք, մանավանդ նրանց երկերը բազմիցս ունկնդրել էինք Նավասարդյանի մեկնությամբ։ Համերգի եկանք հոգեւորի լիցքը ստանալու համար։

Նորովի եղավ այդ լիցքը...

Արվեստագետի մի ուրույն հասունությամբ այդ օրն իր երկրպագուներին ներկայացավ դաշնակահարուհին։ Հասունություն, որ իրավունք է տալիս Հայդնի կամ Շուբերտի, Շոպենի կամ Պրոկոֆեւի, նաեւ Խաչատրյանի հնչյունային աշխարհներում լսել եւ հաղորդել հոգու ու մտքի նոր շերտերը։ Հաղորդել ու նաեւ գեղարվեստորեն համոզել։ Կարծիք կա, թե արվեստի երկերում եւ, մասնավորապես, երաժշտության մեջ առաջնայինը զգացմունքայինն է։ Լինում է, որ փիլիսոփայելով է ծնվում զգացմունքը։ Նավասարդյանն այդ երեկո փիլիսոփայելով էր բացահայտում յուրաքանչյուր երկի հուզական բազմաշերտ աշխարհը։

Մանկական անաղարտ հրճվանքով մարդկային կեցության ու բնության յուրաքանչյուր շարժումն ու թրթիռն ընկալող վիենացի դասական Հայդնը նաեւ մտածող էր, ժողովրդին բնորոշ պարզության մեջ առավել իմաստուն մտածող։ Այսպես լսեցինք Հայդնի դո մաժոր սոնատի Նավասարդյանի այդ օրվա ընթերցումը եւ, կարծեմ, շատերը համաձայն կլինեն ինձ հետ, որ սոնատի, հատկապես երկրորդ մասի կատարումն անգերազանցելի էր։

Իր ժամանակի համար նոր, յուրովի անվանումներ կրող Ֆրանց Շուբերտի մանրանվագներումՙ «Էքսպրոմտներում» եւ, հատկապես, «Երաժշտական ակնթարթներում» դրոշմված էին արվեստագետի հուզական ներաշխարհի շարունակաբար փոփոխվող տարբեր պահերը։ Դրանք թե՛ անխռով քնարական են, թե՛ դրամատիկ պոռթկումներով առլեցուն։ Այդպես էլ հնչեցրեց դաշնահակարուհին շուբերտյան երեք «Երաժշտական ակնթարթը»։ Միայն թե կոմպոզիտորի հոգու տարուբերումներին հյուսվել էր նաեւ իր շատ անհատականըՙ կյանքի տարբեր պահերի այսօրվա մարդու զգացումները։

Շոպենի պոլոնեզների, նոկտյուրների, մազուրկաների, վալսերի Նավասարդյանի կատարումները զուտ կոնցերտային պիեսների փայլատակումներ չէին, այլեւ խորախորհուրդ զգացումներով վերապրված կոմպոզիտորի իր երկրիՙ Լեհաստանի նկատմամբ ունեցած սիրահարվածությունն ու հպարտությունը։ Պարային այս ձեւերն, ասես, կոմպոզիտորի «օրագրային» նոթերն են։ Դաշնահարուհու կատարումներում դրանք հնչեցին որպես իր շատ սիրելի հեղինակի կյանքի հուզախառն էջերը։

Բարդ ու հակասական 20-րդ դարը ներկայացնող ռուս մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆեւի «Սարկազմները» Սվետլանա Նավասարդյանի բազմաբովանդակ երկացանկի անքակտելի էջերից են։ Բազմիցս լսել, դաշնակահարուհու միջամտությամբ կարողացել եմ առավել ճշմարիտ ընկալել դաշնամուրային յուրատիպ այդ շարքի գեղարվեստական էությունը։ Գրոտեսկային, կտրուկ, հակասական անցումներով առանձնացող դաշնամուրային հանճարեղ այդ պիեսներն այդ օրը նույնպես հնչեցին նորովիՙ առանց չափազանց սրացումների, արվեստի ու կյանքի դժվար ճանապարհներով անցած մարդու իմաստությամբ։

Իսկ Արամ Խաչատրյանը մեր Արամ Խաչատրյանն էր... Մեր քարերից ու ջրերից ծնված իր պարային պլաստիկայով, իր գունագեղ, կենսահաստատ դինամիկայով։ «Գայանե» բալետից երեք հատվածի («Օրորոցային», «Ուզունդարա», «Սուսերով պար») շքեղ կատարմամբ Սվետլանա Նավասարդյանը նորից ճանաչել տվեց ազգային մեր կարողությունները։

Ընդունված է կատարող երաժշտի արվեստը քննարկելիս ադրադառնալ նրա տեխնիկական կարողություններին։

Այս անգամ դրա հարկը չունեմ։ Կատարելության հասած դաշնակահարուհու տեխնիկական ապարատը, հայտնաբերած գունային յուրաքանչյուր երանգը ենթարկված էին գեղարվեստական լուծումներին։ Սա կատարողական արվեստի գերագույն պահանջներից է։

Հարկ եմ համարում անդրադառնալ համերգի մի շատ կարեւոր առանձնահատկությանը եւս։ Խորապես հարազատ մնալով կատարվող յուրաքանչյուր հեղինակի, նրա ժամանակաշրջանի երաժշտական մտածողությանն ու ոճին, Նավասարդյանը նրանց երկերին հաղորդեց նաեւ արդիականության շնչառությունը, բանականի ու զգացմունքայինի այօրվա խոհն ու թրթիռը։

Իր գլուխգործոցային այս համերգը Սվետլանա Նավասարդյանը նվիրել էր իր ուսուցչիՙ Վաչե Ումր-Շատի ծննդյան 80-ամյա հոբելյանին։ Սա երախտագիտության գեղեցիկ մի տուրք էր այն մարդուն, որ ի սկզբանե կարողացավ տեսնել, գնահատել այսօր, իրավամբ, մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահարուհուն եւ մանկավարժի իսկական հմտությամբ ուղենշել արվեստի նրա ճամփան։

Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը ոչ միայն գեղարվեստական անբացատրելի հաճույք պատճառեց մեզ, այլ եկավ հաստատելու այսօր մեզ համար շատ կարեւոր այն իրատեսությունը, թե չի կարող սպառվել հայ հոգեւոր մարդը, նրա միտքը, նրա հոգին։

Գլյուկի մեղեդին, որով արտիստուհին ավարտեց իր համերգը, հոգեղենի այն նրբահույզ սլացքն էր, որն ամփոփում էր երեկոյի զգացումային ողջ հնչյունապատկերը։ Դահլիճի հոտնկայս ծափահարությունները հուզական աշխարհի այն միասնությունն էր, որ ունակ է իրագործել արվեստը։

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4