«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆԱԵՎ «ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԻ» ՄՅՈՒՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ»

Ասաց ընկերության գլխավոր տնօրենը

Երեկ Երեւանի կոնյակի գործարանում (ԵԿԳ) հանդիսության օր էրՙ նշվում էր ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության Հայաստանում գործելու 4 տարին։ Այդ կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր այս ձեռնարկություն։ Շրջելով ձեռնարկության տարածքումՙ նա նախ եղավ հնեցման արտադրամասում։ Այստեղ նախագահին ներկայացվեցին որոշ մանրամասներ. գործարանի աշխատակիցների թիվը 500 է, որոնցից 60-ն Ուկրաինայի եւ Բելառուսի ներկայացուցիչ ընկերություններում աշխատողներն են։ Շուրջ 3000 խաղողագործներ էլ, շնորհիվ ձեռնարկության, ապահովված են կայուն եւ երաշխավորված եկամտով։ Տարեկան արտադրանքի ծավալն է 6 մլն շիշ, որի մեծ մասն արտահանվում է աշխարհի 21 երկրներ։ «Երեւանի կոնյակի գործարան» ընկերության նախագահ Պիեռ Լարեշը Ռոբերտ Քոչարյանին հաղորդեց, որ ծրագրված է արտադրանքի արտահանումն ավելացնել եւ իրացնել եւս 6¬7 երկրներում։ Այնուհետեւ նախագահի գլխավորած պատվիրակությունն արտադրամասի Ազնավուրի ճեմուղով շարունակեց շարժվել առաջ, որտեղ ներկայացվեց թատերականացված մի փոքրիկ բեմադրություն։ Ռուս հայտնի գործարար, դարասկզբին գործարանի սեփականատեր «Շուստովը» ներկայացրեց ինչպես իր, այնպես էլ հայկական կոնյակի անցած ճանապարհը եւ ներկան։ Իր մենախոսության ավարտից հետո նա կարգադրեց բացել 1902 թ.-ից ի վեր պահվող կոնյակի երկու տակառներից մեկը։ Այդ տակառը բացվել է միայն մեկ անգամՙ 1979 թ., ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, իսկ երեկ, երկրորդ անգամՙ ի պատիվ Հայաստանի նախագահի։

Նախագահի այցելության հաջորդ վայրը Երեւանի կոնյակի գործարանի թանգարանն էր, որտեղ ներկայացված էր գործարանի պատմությունըՙ 1902-ից մինչեւ մեր օրերը։ Դրանից հետո գործնական խնդիրները քննարկելու նպատակով Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց «Պեռնո Ռիկար» ընկերության գլխավոր տնօրեն Թիերի Բիյուի, ԵԿԳ նախագահ Պիեռ Լարեշի եւ «Պեռնո Ռիկարի» այլ ներկայացուցիչների հետ։ Իսկ շրջայցը ձեռնարկությունում ավարտվեց տակառագործական արտադրամասում, որտեղ արտադրամասի պետը ներկայացրեց կոնյակի տակառների պատրաստման տեխնոլոգիան։

Արտադրամասերում շրջելուց հետո, օրվա տոնի կապակցությամբ, ելույթներ ունեցան Պիեռ Լարեշը եւ Թիերի Բիյուն։ Նրանք շնորհակալություն հայտնեցին Հայաստանի նախագահինՙ ձեռնարկությանը դժվարությունների պահին աջակցելու համար։ Թիերի Բիյուն իր ելույթում ընդգծեց նաեւ, որ գործարանի արտադրանքը նպաստում է «Պեռնո Ռիկարի» մյուս ապրանքների տարածմանը։ Ռուսաստանում, ըստ նրա, հայկական կոնյակը կարող է լինել ընկերության մյուս ապրանքների վաճառքի լոկոմոտիվըՙ քաշող ուժը։

Մինչ Ռոբերտ Քոչարյանի ելույթը, հայտարարվեց, որ Հայաստանի նախագահի հրամանով Պիեռ Լարեշը պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ Պարգեւատրումից հետո Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ներկաներին հիշեցրեց, թե ինչ պայմաններում էր տեղի ունենում գործարանի վաճառքը, թե ազգային հարստությունը փոշիացնելու մասին ինչ շահարկումներ էին լինում։ Մինչդեռ, նրա համոզմամբ, այս գործարքը Հայաստանի համար լավագույններից էր, ինչն ապացուցվեց այս ընթացքում։ Այդ մասին նախագահը նշեց նաեւ լրագրողների հետ ունեցած իր զրույցի ժամանակ եւ հավաստիացրեց, որ ավելի լավ է լինելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունն իր դերը կատարի արդար մրցակցություն ապահովելու համար եւ աջակցի ընկերությանըՙ արտաքին շուկաներում ավելի ակտիվ աշխատելու։ Նա տեղեկացրեց, որ այս պահին եւս կան մի քանի կարեւոր գործարքներ, որոնց արդյունավետությունը կերեւա մի քանի տարի հետո։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4