Նախագահի գնահատմամբՙ մտահոգիչ է նաեւ ներքին շուկայի վիճակը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունՙ ազգային անվտանգության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների ու էկոնոմիկայի, պետեկամուտների նախարարների, հանրապետության գլխավոր դատախազի, մաքսային կոմիտեի նախագահի, շահագրգիռ այլ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ։
Հանրապետության նախագահը նշել է, որ վերջին շրջանում գործարարների կողմից ահազանգեր են ստացվել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի եւ անօրինական միջամտությունների վերաբերյալ։ Գործարարի պաշտպանվածությունը դիտելով երկրի տնտեսության կայուն զարգացման գրավական, Ռոբերտ Քոչարյանը խստագույնս դատապարտել է նման երեւույթները, նշելով, որ խնդիրն իր անմիջական ուշադրության կենտրոնում է լինելու։ «Բիզնեսի գործունեության համար հավասար պայմանների ստեղծումն առաջնահերթ նպատակ պետք է լինի բոլորիս համար», շեշտել է նա։ Ըստ նախագահի, պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն գերատեսչությունների ղեկավարները, որոնց ենթակայությամբ գործող կառույցների կողմից անհարկի, անօրինական միջամտություններ կլինեն, արհեստական խոչընդոտներ կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է երկրի ղեկավարը, ներքին շուկայում ստեղծված իրավիճակն է, որը, նրա գնահատմամբ, բավականին մտահոգիչ է։ Պատասխանատու մարմինների անհրաժեշտ հսկողության բացակայության հետեւանքով մաքսանենգ ճանապահով Հայաստան են ներթափանցում ապրանքատեսակներՙ շրջանցելով պետական բյուջեն։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, նման վիճակ չէր կարող ստեղծվել առանց համապատասխան կառույցների թողտվության։ Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչությունը եւս բավարար վերահսկողություն չի սահմանելՙ ներքին շուկան զերծ պահելու անորակ ապրանքատեսակներից։
Ստեղծված իրավիճակը շտկելու համար նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է խստագույն միջոցներ ձեռնարկել կարճ ժամկետում վերացնելու արձանագրված թերություններըՙ շեշտելով նրանց անձնական պատասխանատվությունը, իսկ նախագահի վերահսկողական ծառայությանըՙ իրականացնելու մշտական հսկողություն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ