«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ԳԱՐԵԳԻՆ ԹՈՍՈՒՆՅԱՆԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԲԱՆԿԻՐ

Մոսկվայի հայերը կարող են գոհ լինել. մի քանի ամիս առաջ Ռուբեն Վարդանյանը համալրեց Ռուսաստանի այսպես կոչված օլիգարխների շարքըՙ դառնալով «Ռոսգոստրախի» նախագահ։ Իսկ օրերս Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի ղեկավար ընտրվեց ճանաչված ֆինանսիստ Գարեգին Թոսունյանը։ Երկրի 40 խոշորագույն բանկիրների համար վերջինիս թեկնածությունը միակն էր։

Թոսունյանը ծնունդով երեւանցի է։ Աչքի է ընկնում գերկրթվածությամբ, ունի տնտեսագիտական եւ իրավաբանական բարձրագույն կրթություն, համապատասխանաբար տնտեսագիտության թեկնածու է, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր։ Հեղինակ է 37 մենագրության եւ բազմաթիվ այլ աշխատանքների բանկային ու ֆինանսական գործի վերաբերյալ։ Երկար տարիներ զբաղեցրել է ասոցիացիայի առաջին փոխնախագահի պաշտոնը։ Որպես ֆինանսիստ եղել է Մոսկվայի քաղաքագլուխ Յու. Լուժկովի, վարչապետ Եվգ. Պրիմակովի, առաջին փոխվարչապետ Վ. Խրիստենկոյի խորհրդականը։ Մեկնաբանները հատուկ առանձնացնում են այս վերջին հանգամանքը, նշելով, որ բանկիրները ոչ միայն գնահատում են նրա բարձրակարգ պրոֆեսիոնալիզմը, այլեւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու նրա պոտենցիալ հնարավորությունները։

Ասոցիացիան միավորում է երկրի խոշորագույն բանկերըՙ «Սբերբանկ», «Վնեշտորգբանկ», «Բանկ Մոսկվի» եւ այլն։ Կոչված է զարգացնելու բանկային գործը ամենալայն իմաստով։ Եվ ինչպես գրել էր «Կոմերսանտ» թերթը, նոր ղեկավարի գործունեությունից էապես կախված կլինի երկրի բանկային համակարգի ապագան. կամ այն կարող է դառնալ էկոնոմիկայի հզոր խթան, կամ էլ վերածվել համաշխարհային բանկային հանրակցության սոսկ հավելվածի։

Ասել է թեՙ մեր հայրենակցին ինքնահաստատման լուրջ քննություն է սպասում։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4