«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


«ՄԱՀ-Ա-ՊԱՏԻԺ»-Ը ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Եթե պետության օրենքը հակասում է բնածին իրավունքին, չի կարող դիտվել որպես օրենք Ցիցերոն

«Մահ-ա-պատիժ»-ը այսօր դարձել է քաղաքական էկզեկուցիայի առարկա։ Անկախ Հայաստանի «անկախ» կոչվող մամուլն ու հեռուստատեսությունը, ժողովրդի, պետության հոգսերի բեռի տակ կքած քաղաքական եւ հասարակական գործիչ աշխատող այրերը ոչ մի թեմայի վրա իրենց քաղաքական մկաններն այդպես եռանդուն, հետեւողականությամբ չեն մարզել, ինչպես մահ-ա-պատժի թեման է։ Այն շատ է շահեկան։ Բոլոր «քաղաքական» կոչվող կուսակցությունները կարող են մոտենալ ծանրաձող-թեմային։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ամեն մի դիրքորոշում (ե՛ւ այո, ե՛ւ ոչ) կարելի է ջախջախել սպանիչ գնահատականներով. ամեն ինչ կմեկնաբանվի հոկտեմբերի 27-ի պրիզմայով։ Եթե կարծիք հայտնվիՙ «մահապատիժը պետք է մնա», անվարան կարելի է մեղադրել հետքերը շուտափույթ թաքցնելու մեջ։ Հակառակ կարծիքն էլ կարելի է մեկնաբանելՙ «Նաիրի Հունանյանին խոստացել են փրկել կյանքը»։ Հրապարակումների վերնագրերն ինքնին ապացույց են հարցի քաղաքականացման, օրենսդիրի վրա ճնշում գործադրելու (որ մահապատիժը մնա Քրեական օրենսգրքում)... «Նաիրիին խոստացել են փրկել կյանքը»։ Նմանատիպ վերնագրերից թվարկենք մեկըՙ «Մահապատժինՙ կողմ, նշանակում է դեմ Նաիրիին»։

Որպեսզի որեւէ մեկը չկասկածի, թե ընթերցողին առաջարկվող մտքերը պատվերով են հնչում, հայտնեմ, որ մահապատժի հիմնահարցերի մասին մեր նկատառումները առավել մանրամասնորեն հրապարակվել են «Գրական թերթի» (դեռեւս 1995-ին) ութ համարներում. «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց աշխարհ», «Ազգ» եւ այլ թերթերում։

Ասելիքը ոչ թե վարսավիրանոցում կամ էկրանից լսածի վերարտադրությունն է, այլ մտքիս, հոգուս, նյարդերիս, մարմնիս շուրջ չորս տասնամյակ զգացածը, վերապրածը...

Եթե Հայաստանում կա մեկ-երկու մարդ, ով բախտ է ունեցել այդքան սերտորեն առնչվելու «մահ-ա-պատժին», մեկը ես եմ. աշխատել եմ քննիչ (այդ թվումՙ հանրապետության դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի), եւ իմ քննած գործերով 14 մեղադրյալ դատապարտվել է մահապատժի։ Որպես պետական մեղադրող մասնակցելիսՙ 6 մարդասպան դատապարտվել է մահապատժի։ Մեկ անգամ ներկա եմ եղել մահապատժի ի կատար ածմանը։ Ատենախոսության հետ կապված ուսումնասիրել եմ դատական պրակտիկան, գիտական գրականությունը (հոգեբանություն, քրեաբանություն, քրեական իրավունք, պենիտենցիար համակարգի վերաբերյալ եւ այլն)։ Աշխարհում ամենաժողովրդականՙ խորհրդային արդարադատությունն ինձ տեռորիստական ակտի մեղադրանք առաջադրեցՙ խորհրդային իշխանությունը քայքայելու (այսինքնՙ Վլադիվոստոկից մինչեւ Մուրմանսկ) նպատակով մտադրվել եմ... սպանել ՀԽՍՀ դատախազ Սուրեն Օսիպովին։ Դիպուկ էր դատախազության սյուներից մեկիՙ Նորայր Թորոմանյանի թեւավոր դարձած միտքը. «ԽՍՀՄ-ը քայքայելո՞ւ, թե՞ փրկելու նպատակով»։ Ես 5.296.800 րոպե (10 տարի, 23 օր, 8 ժամ) անընդհատ 250 մարդասպանի հետ կողք-կողքի ուղղվել եւ վերադաստիարակվել եմ ԽՍՀՄ բազմաթիվ գաղութներում, բանտերում եւ ափի մեջ եմ տեսել իրական մարդասպանի հոգին, միտքը, էությունը։

Փաստելով մահ-ա-պատժի անիմաստությունը, վայրենի լինելըՙ փորձենք հիմնավորել ասվածը։

Մահապատիժը նախնադարյան, քարանձավաջունգլիական վայրենի բնազդի քաղաքակրթված տրանսֆորմացիան է։ Այն ծնվել է արյան վրեժիցՙ տալով գիտականամերձ հիմնավորումներ։ Պետությունը զոհի հարազատների բնազդային վրեժն իր վրա է վերցրել։ Գազանային բնազդը եւ պետական դիրքորոշումը կարելի՞ է նույնացնել։ Այսօր... նույնացնում ենք։

«Մահ-ա-պատիժ»-ը գոյություն ունի մարդկային հասարակության շեմից, երբ քաղաքակրթության միակ ապացույցը թզենու տերեւն էր։ Կիսավայրենի մարդիկ չէին խորշում ֆիզիկապես ոչնչացնել իրենց թշնամիներին։ Այսօր, երբ թզենու տերեւին փոխարինել են փողկապը, ջիպը, բջջային հեռախոսը, ... ժամանակը չէ՞ հրաժարվելու կիսավայրենի մարդու վայրենի կրքերից եւ սադիստի խղճին բնորոշ արյան շատրվանը չդարձնել հոգին, միտքը մաքրող միակ սպեղանի։

Մահ-ա-պատժին վերագրվում է աննկարագրելի, ֆանտաստիկ կանխիչ դերՙ առանձնացնելով մյուս պատժատեսակներից։ Թյուրիմացության մեջ է գցում «բացառիկ պատժամիջոց»-ը։ Ցավոք, «բացառիկ»-ը վերագրվում է ոչ թե պատժի բնույթին, այլ... նշանակությանը։

Թերեւս արժե հիշատակել այն փաստը, որ Ռուսիայում մահապատիժ էր սահմանված եւ մարդասպանների ու բռնաբարողների հետ գլխատում էին նաեւ... մոլի հարբեցողներին։ Ճիշտ է, փաստարկը հիմնավոր էրՙ հարբեցողներից սերվում են ֆիզիկապես եւ հոգեպես, մեղմ ասած, անառողջ երեխաներ, որից վտանգվում է գենոֆոնդը։ Սակայն հարբեցողներին գլխատելը չփրկեց հարբեցողությունից։

Մեր խորհրդարանում ավելի ուժգին է դառնում մահապատիժը կենդանի պահելու դիրքորոշումը։

Խելահեղ փաստարկների գույքագրման համար մի քանի հաշվիչ հանձնաժողով պետք է ստեղծել։

Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի, Հակոբ եւ Շահամիր Շահամիրյանների, հայ իրավական մտքի մյուս տիտանների ներդրումը դժգույն է դառնում հոկտեմբերի քսանյոթին հաջորդած ժամանակահատվածում հայ իրավական միտքը քարշակողների իրավական մտքի փայլատակումներից։

Ի վերջո, այդ վրեժխնդրությունն էլ պետք է համապատասխան լինի ակնկալիքին, մի՞թե բարեգութ գնդակահարությունը (մեկ-երկու րոպեում մարմնի անշնչանալը երջանկություն է, վայելք է տարիների բանտային տառապանքների համեմատ) կարող է հագուրդ տալ անափ վրեժխնդրությանը, ոխին։ Մահապատժից առավել ծանր, անտանելի պատիժը չարագործին... կենդանի թողնելն է։ Մարդասպանն ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է զգա (եւ ուրիշներն էլ տեսնեն), վերապրի, տառապի իր կատարած չարագործության համար։ Պատժի վերջին տարիներին ինքնասպանության դեպքերի թիվն այդ է ապացուցումՙ այլեւս չեն դիմանում ազատազրկման տառապանքներին։

Գնդակահարել միշտ էլ կարելի էՙ եւ գնդակ կճարվի եւ գնդակահարող։ Ականատես պաշտոնյաներՙ նույնպես։ Իսկ եթե սխալ է գնդակահարվե՞լ։ Ավելի ճիշտ, ճիշտ է գնդակահարվել, «միայն» դատավճիռն է ապօրինի ճանաչվել։

Տուժողի զգացմունքային պոռթկմանը պետք է փոխարինեն քրեաբանական հետազոտությունները։

Ցավոք, շատերը (այդ թվում եւ հարկատուի հաշվին գոյատեւող տեղեկատվության միջոցները) գերադասում են ձկան շատախոսությունը։ Հասարակությունը չի ստանում տեղեկատվություն։ Որպես կանոն լռում են հարցին ուղղակի առնչվող մասնագետներըՙ իրավաբանները, հոգեբանները, մանկավարժները, սոցիոլոգները...

Հարցի քննարկումից խուսափում է նաեւ հոգեւոր աշխարհը։

Թերեւս հնարավոր էր հպանցիկ անցնել սիրողական կարծիքների կողքով, եթե չլիներ սարսափեցնողըՙ խեղված է հասարակական կարծիքը։ Մարդիկ կարող են սուրճի բաժակի եւ անեկդոտների ուղեկցությամբ քննարկել «այո-ոչ» հարցը։ Առավել սարսափելին, ողբերգականն այն է, որ հարցման ենթարկվածներից մահ-ա-պատժին կողմ են. ուսուցիչներ (որոնք կոփում են մեր ապագայի միտքը, մտածելակերպը, իրավագիտակցությունը, խիղճը, պատիվը, հանդուրժողականությունը...)ՙ 87 տոկոս, ուսանողներՙ 76 տոկոս, լրագրողներՙ 69 տոկոս, գրողներՙ 54 տոկոս։ Հասարակական կարծիք ստեղծող զանգվածն ապակողմնորոշված է։

Երկրի առաջին դեմքերը ստորագրել են կարեւոր փաստաթուղթՙ «հրաժարվում ենք մահապատժից»։ Փաստենք նաեւ, որ այդ փաստաթուղթը կազմվել է ոչ թե հոկտեմբերի 27-ից առաջ, այլ հետո։ Այսօր ի՞նչը փոխվեց։ Հետեւաբար չարժե՞ խորհել, թե ինչ հասարակական կարծիք կստեղծվի մեր ժողովրդի, մեր պետության մասին։ Երկրի խորհրդարանն արդեն ընդունել է Քրեական օրենսգրքի ընդհանուր մասը, որը պատժատեսակների մեջ բացառել է մահապատիժը։ Երկրի նախագահը եւս դեմ է մահապատժին։ Չնայած դրան, ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես ինքն է խոստովանել, «բազմիցս փորձել է Եվրախորհրդի ղեկավարությանը համոզել, բացառություն (՞) անել մահապատժի հարցում»։ Բարեբախտաբար գործը «չի կպել»։ Բայց մեզ մտահոգում է պատգամավորի կողմից օրենքի նկատմամբ հարգանք չդրսեւորելու փաստը։ Եթե նա կարծիք հայտներ իր ընտրողների, ասենք Արամուս գյուղի խոզաբուծական ֆերմայի մտավորականների հետ հանդիպման ժամանակ կամ որեւէ քոլեջի գիտական կոնֆերանսում, թերեւս ընդունելի լիներ նման վարքագիծը։ Իսկ երբ նա ներկայացնում է պաշտոնական Երեւանը, նման ինքնագործունեությունն անթույլատրելի է։

Հասարակություն-հանցանք-պատիժ եռանկյունու հիմքը օրենքն է եւ ոչ թե հասարակության որեւէ անդամի կամ խմբի կիսագավառական կամ կոնյունկտուրային դիրքորոշումը։ Օրենքն է հավասարակշռում իշխանության չորս թեւերի (այդ թվումՙ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ) գործունեությունը, ապահովում օրինականությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Օրենքները, այդ թվում եւ հիմնական, երկրի քաղաքացուն ոչ թե շնորհել են կյանքի իրավունքը, այլ ընդամենը փաստել են մարդու բնածին անօտարելի իրավունքը։ Կարելի՞ է քննարկել մարդու շնչելու, արտաշնչելու, քնելու... իրավունքը։

Կյանքի իրավունքի անօտարելի, բնածին լինելը առնվազն սահմանադրական նորմ է, եւ այն չի կարելի լրացուցիչ (՞), «մինչ նրա վերացնելն օրենքով», կարգավորել առավել պակաս իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտով։

Մոռանում ենք նաեւ սահմանադրության 45-րդ հոդվածի հստակ պահանջըՙ «Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ, բացառությամբ սահմանադրության 17-րդ (կյանքի), 19-րդ (չի կարելի ենթարկել խոշտանգման...) ... հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական դրության ժամանակ կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում...»։ Նախ, այսօր, փառք Աստծո, այդ իրադրության մեջ չենք։ Եվ երկրորդ, նույնիսկ այդ կրիտիկական իրադրության մեջ սահմանադրությունն արգելում է սահմանափակել մարդու կյանքի իրավունքը։

Կյանքից զրկելը, թեկուզ մահ-ա-պատժի ձեւով, ուղղակիորեն հակասում է սահմանադրության դրույթին (հոդված 27)ՙ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։

ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանել է. «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի»։

Ի դեպ, այս դրույթը զուտ հայկական մակնիշի չէ, ամրագրված է միջազգային մի շարք իրավական փաստաթղթերում, որոնք վավերացվել են մեր կողմից։ Ելնելով այդ դրույթից, ստացվում է, որ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը եւ պատիժն առավել դաժան են, քան մահ-ա-պատիժը։

Զարհուրելի է, զավեշտական, բայց ՀՀ քրեական օրենսգրքի 222¬1 հոդվածը եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը պատժելի են համարել... կենդանիների կամ թռչունների նկատմամբ դաժան վերաբերմունքը...

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը (կետ 2) սահմանել է նշանակվելիք այն պատժատեսակները, որոնց դեպքում կարելի է կասկածյալին ձերբակալել։ Այդ թվարկման մեջ մահ-ա-պատիժ չկա։

Հայցելով ընթերցողի ներողամտությունը, հիշեցնենք մի հանրահայտ ճշմարտություն, ըստ քրեական օրենսգրքի (հոդված 20) «Պատիժը ոչ միայն մեղքի քավումն է կատարած հանցագործության համար, այլեւ նպատակ ունի դատապարտվածին ուղղել եւ վերադաստիարակել... ինչպես նաեւ կանխել նոր հանցագործությունների կատարումն ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից»։ Սա պատժի նպատակի, գործառության սպառիչ թվարկումն էր։ Պատժի բացառիկ տեսակը թվարկված նպատակներից որի՞ն է համապատասխանումՙ մահ-ա-պատժից հետո դատապարտյալն ուղղվո՞ւմ, վերադաստիարակվո՞ւմ է, մեղքը քավո՞ւմ է, նոր հանցագործություն այլեւս չի՞ կատարելու...

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր դարձել է երկրի իրավական մտքի դարբնոցը։ Թերեւս ճիշտ կլիներ, որ Սահմանադրական դատարանն անդրադառնար նաեւ այս շա՜տ պարզ, բայց քաղաքական ուժերի կողմից արհեստականորեն շա՜տ բարդացրած հիմնահարցինՙ որքանով է սահմանադրական մահ-ա-պատժի գոյությունը։

Մեր պարտքն է չմոռանալ նաեւ ապաշխարանքի, մեղքերի թողության, մեղքերը քավելու, պատժի նպատակների, հանդուրժողականության, բարեգութ վերաբերմունքի, պետական կարեկցանքի, հեռատեսության... մասին։

Չմոռանանք նաեւ դարերից եկող եւ դարերով փորձարկված խորհուրդըՙ «արյունը արյունով չեն լվանում»։ Միայն գաղափարներն ու բարությունը կփրկեն աշխարհը։

Հիշենք (եւ խոնարհվենք) Ամենափրկչինՙ «Մի՛ սպանաներ, ընդհանրապես մի՛ սպանաներ ո՛չ անմեղին, ո՛չ մեղավորին»։ Չարին բարությամբ պատասխանելը, բարությամբ հաղթելը ժողովրդի, երկրի կայունության չափանիշներն են։ Ամենամեծ հաղթանակը թշնամուն բարեկամ դարձնելն էՙ մեր ներողամտությամբ, բարությամբ ու սիրով։

Պրոֆեսոր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ, «Օգոստոսի 23, Ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4