«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Պատճառն Աբխազիան է

Որոշ ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Վրաստանը կրկին դիվանագիտական վեճեր են ծավալել։ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մեծ թյուրիմացություն համարեց աբխազներին ռուսական անձնագրերի զանգվածային հանձնումը, իսկ ՌԴ արտգործնախարարությունը վրացիներին մեղադրեց շաբաթ օրը Կոդորի կիրճում ականից զոհված ռուս խաղաղարարի մահվան համար։

«Քաղաքացիության մասին» ՌԴ նոր օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին։ Այնինչ Աբխազիայի ռուսական համայնքների կոնգրեսի (ՌՀԿ) շենքի առջեւ արդեն հերթեր են գոյացել։ ՌՀԿ-ն ցանկացողներին օգնում է ստանալ ռուսական անձնագրեր։ «Իհարկե, ամեն երկիր իրավազոր է ինքնուրույն սահմանելու իր ներգաղթի եւ անձնագրային օրենսդրությունը, բայց այդ գործողությունները չպետք է ոտնահարեն ուրիշ երկրի իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», հայտարարեց Շեւարդնաձեն մամլո ասուլիսում։

Այս կապակցությամբ «Գազետա» թերթն ընդգծում է, որ նման տրամաբանության դեպքում, եթե Ռուսաստանը ճանաչեր Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ապա կհասկանար, որ Աբխազիայի բնակիչները պետք է ունենան վրացական անձնագրեր։ Իրականում ՌԴ նոր օրենքը քաղաքական առումով ձեռնտու է Վրաստանին հենց որ օրենքն ուժի մեջ մտնի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրացատյաց բնակիչները պարզապես չեն կարողանա ռուսական անձնագիր ստանալ, քանի որ դրա համար նախ հարկ կլինի մեկնել Ռուսաստան։ Մյուս կողմից, այդ հանրապետությունների ռուսամետ բնակիչների մեծ մասը վաղուց արդեն Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

Պետդումայում օրենքի քննարկման ժամանակ ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախարար Անատոլի Չեխոեւը նույնիսկ առաջարկեց ՌԴ քաղաքացիություն շնորհել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ամբողջ բնակչությանը։ Առաջարկը մերժվեց, բայց բուն փաստը զայրացրեց Շեւարդնաձեին, որը դա անվանեց «գաղտնի ագրեսիա եւ Վրաստանի ինքնիշխանության խախտում»։ Կրակին յուղ լցրեց ռուսական PTP հեռուստաընկերությունըՙ անցյալ ուրբաթ ցուցադրելով ՌՀԿ-ի շենքի առջեւ խոնարհված աբխազների բազմությանը։

Շեւարդնաձեի զայրացկոտ ելույթին արագորեն արձագանքեց ՌԴ ԱԳՆ-ն։ Ընդամենը մի քանի ժամ անց տարածված ԱԳՆ հայտարարության մեջ Կոդորի կիրճում ռուս խաղաղարարի զոհվելու համար փաստորեն մեղադրվում են Վրաստանի իշխանությունները։ «Ռուսական կողմը վրաց-աբխազական հակամարտության կողմերից վճռականորեն պահանջում է կատարել դիվերսիոն-ահաբեկչական խմբերի գործունեությունը կասեցնելու իրենց պարտավորությունները», ընդգծվում է փաստաթղթում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4