Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին ավանդաբար նշվում է որպես Վանի հերոսամարտի օր։ Այս տարի, սակայն, մեկ շաբաթ ուշացումով եղավ այն։ Երեւանի, Աշտարակի, մոտակա գյուղերի շատ բնակիչներ էին հավաքվել «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտՙ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Վանի հերոսամարտի մասնակիցներին։ «Վան-Վասպուրականի» պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանն ասաց. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ համընդհանուր պահանջ ու ջանք ենք գործադրում, որ Թուրքիան ճանաչի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Դա մեծ առաջընթաց կգրանցի նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների, նրանց պետությունների հարաբերություններում»։
«Գաղթի ճանապարհը բռնած վասպուրականցիները հասան Էջմիածին, Երեւան, ասաց ակադեմիկոս, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, կրկին ու կրկին կոչ եմ անում հայ ժողովրդին միասնության»։ Ապա նա արտասանեց իր «Հայոց բարդին» բանաստեղծությունը։
Միջոցառումը գեղեցկացավ վանեցիների հետնորդներ Արմինե Հայրապետյանի եւ Դոնարա Կարապետյանի երգեցողությամբ։ Երեւանի «Վասպուրական» երգի-պարի անսամբլի սաները պարեցին Անահիտ Խեչումյանի ղեկավարությամբ։
ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ