Երեւանի պետական կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Մատյան ողբերգության» գրական-երաժշտական կոմպոզիցիաՙ նվիրված Գրիգոր Նարեկացու հազարամյակին։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ասմունքող, գրական-երաժշտական կոմպոզիցիայի հեղինակ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սվետլանա Խանումյանը, երգեհոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանը, արտիստ Սարգիս Նաջարյանը։
Հնչեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից, «Մեղեդի ծննդյան» տաղըՙ գրաբար եւ աշխարհաբար, Միսաք Մեծարենցի «Աստվածամայր» բանաստեղծությունը։ Կատարվեցին Մակար Եկմալյանի, Կոմիտասի եւ Շնորհալու ստեղծագործությունները։
Երեկոյից ստացված հասույթը կտրամադրվի թափառող երեխաներով զբաղվող «Օրրան» բարեգործական կազմակերպությանը։
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ