«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ՀԱՅ ԵՐԳ ԵՐԳԵԼԸ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ԱԶԳԱՊԱՀՊԱՆ ԳՈՐԾ

«Ազգի» հյուրն է հայրենիքում եւ սփյուռքում ճանաչված խմբավար Արսեն Սայանը

Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բովանդակ կենսագրության մեջ տասնամյակներ ի վեր չեն խամրում ժամանակի իր շրջանավարտների, այժմ երաժշտական մշակույթի կարկառուն գործիչների անունները, որոնք երկար տարիների ընթացքում շարունակում են արվեստագետի ազնիվ ջանադրությամբ ծառայել հայրենյաց մշակույթին։ Իրենց շնորհն ու գիտելիքները նպաստ բերելով ազգային երաժշտարվեստին, հայրենիքում թե սփյուռքում նրանք մնում են մայր բուհի կրթական-ստեղծագործական ավանդույթների շարունակողըՙ մշտապես լինելով նրա ցանկալի ու թանկագին հյուրերը։

Նրանցից մեկը հայրենիքում եւ սփյուռքում ճանաչված երաժիշտ, խմբավար Արսեն Սայանն է։ Նա օրերս Հայաստան էր հրավիրվածՙ գլխավորելու Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնի շրջանավարտների քննական հանձնաժողովը։

1999 թ. դեկտեմբերին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախաձեռնությամբ հայրենիքում նշվեց Արսեն Սայանի ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանը։ «Տաղանդավոր արվեստագետ, վաստակաշատ խմբավար Արսեն Սայանի համերգային, հասարակական-մշակութային 50-ամյա գործունեությունը պատմականություն ներկայացնող իրականություն է սփյուռքահայ երաժշտական կյանքում։ Արձանագրելով մեծ հաջողություններ սփյուռքահայ երգարվեստի վերընթացում, նա անսակարկ ծառայությամբ Սիրիայից մինչեւ Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Վաշինգտոն եւ այլուր, հետեւողականորեն եւ անընդմեջ փոխանցել է ազգային երգարվեստի ճաշակը հայրենակարոտ հայությանըՙ սատար լինելով հայապահպանման նպատակին։ Նշանաբան ունենալով կոմիտասյան ըմբռնումները, արվեստագետ Արսեն Սայանի կեսդարյա գործունեությունը լեցուն է հայրենասեր հոգու նվիրական աշխատանքով, որը կենսական նշանակություն ունի սփյուռքահայ խմբերգային արվեստի պահպանման ու զարգացման գործում»։ Այսպիսին էր հոբելյարին ուղղված կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի շնորհավորական խոսքը։ Երեկոյի բանախոսներից Հայաստանի Երգչախմբային երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը կարեւորեց անուրանալի այն փաստը, որ հեռավոր Ամերիկայում, ուր շատ հեշտ է ազգերի ասիմիլյացիան, Արսեն Սայանը կարողացել է դժվարին ժանրիՙ երգչախմբային արվեստի միջոցով երկար տարիներ համախմբել հարյուրավոր մարդկանց եւ նրանց շուրթերով հնչեցնել Կոմիտաս...

Արմատներով տարոնցի Արսեն Սայանը ծնվել է Հալեպում, կրթվել Մխիթարյան վարժարանում, ապաՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքում։ Բեյրութից Հալեպ վերադառնալով, պաշտոնավարել է Գյուլբենկյան, Հայկազյան, Զավարյան ազգային վարժարաններում եւ Քարեն Եփփե ճեմարանում դասավանդել հայոց լեզու, պատմություն եւ երաժշտություն։ Հալեպում ստանձնել է առաջնորդանիստ Մայր եկեղեցու 50 հոգանոց արական երգչախմբի դպրապետությունը։ 1949-ին մտադրվելով սկսել համերգային լայնածիր գործունեություն, նա ստեղծեց «Շողակն» երգչախումբը, որը ղեկավարեց մինչեւ 1957 թ.։ Ապա բնակություն հաստատելով Մ. Նահանգներում, Արսեն Սայանը Ֆիլադելֆիայում հիմնեց «Քնար» երգչախումբը։ Տեղի ականատեսները վկայում են. «1960-ականների դժուար օրերուն, գաղափարական տարակարծութիւններու հետեւանքովՙ ամերիկահայ կեանքէն ներս փոխադարձ վերապահութիւններ գոյութիւն ունէին։ Հետեւաբար, Արսէն Սայեան, համախոհ երիտասարդներու հետ անյապաղ ընթացք կուտայ համագաղութային «Քնար» երաժշտական շարժման, որուն աւելի քան 70 հոգիանոց կազմը, առանց հատուածական, դաւանական, գաղափարական խտրութեան, առաջին անգամ ըլլալով խարիսխ կը հանդիսանայ միասնականութեան եւ համագործակցութեան ոգիի»։ Հետագայում Արսեն Սայանը դարձավ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնի սանը եւ փայլուն ավարտեց այնՙ ներկայացնելով «Միջնադարյան հայ հոգեւոր երաժշտություն» գիտական ավարտաճառն ու իր ղեկավարած համերգը։ Վերադառնալով Ֆիլադելֆիա, իսկ 1970-ինՙ Վաշինգտոն, ստեղծեց եւս մի երգչախումբՙ «Անի»։

Արսեն Սայանի գործունեությունը չսահմանափակվեց խմբերգային ասպարեզով. Վաշինգտոնում 1969¬1995 թթ. նա եղավ Ամերիկայի ձայն ռադիոկայանի հայկական բաժնի երաժշտական-մշակութային ծրագրերի խմբագիրը։ Արվեստի անխոնջ ծառայությունները բարձր գնահատվեցին. 1969-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա-ի կողմից նա արժանացավ «Կոմիտաս վարդապետ», իսկ 1980-ինՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների։ Հիշարժան է, որ Արսեն Սայանի գործունեությունը մշտապես գտնվել է Հայ եկեղեցու ուշադրության ծիրում։ Ամփոփելով այնՙ նրա 50-ամյա հոբելյանի առթիվ հոգեւոր հայրերը գրել են. «Գոհունակ սրտով ենք հաստատում, որ անդուլ աշխատանքով ու մեծ նվիրումով կազմակերպած «Շողակն», «Քնար» եւ «Անի» երգչախմբերի ազգային երգեցողությամբ դուք բաշխել եք Ձեր սերը Ամերիկայի հողում ապրող մեր զավակներինՙ ամենուր սփռելով ոգեղենություն ու խանդավառություն», Գարեգին Բ կաթողիկոս Ամենայն հայոց։

«Արդարեւ, 50 տարիներ գործեցիք ու ծառայեցիք հայ երաժշտութեան բնագաւառէն ներս։ Հայ երաժշտութիւնը Ձեզի համար լոկ արուեստ չդարձաւ, այլ հայու ոգիին ու ինքնութեան, հայու հաւատքին վաւերական արտայայտութիւնը», Արամ Ա կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո։

1996-ից Արսեն Սայանը պարբերաբար հայրենիք է գալիս իր երգչախմբով մասնակցելու հայաստանյան նշանավոր երաժշտական իրադարձություններին։ Իր «Քնարով» խմբավարը հուզել է հայրենյաց շատ ունկնդիրների հուզաշխարհը, ստիպել է շարժել գրիչը. «Ես միշտ սիրով եմ հիշում մեր հանդիպումները Երեւանում, դուՙ ազնիվ, խելացի ու նվիրյալ հայորդի», գրել է Գեւորգ Էմինը։ «Հեռվից հեռու ու նաեւ մոտիկից, երբ գալիս ես, լսում եմ քո մասին, լսում եմ քեզ ու հիանում։ Դու հանդես բերեցիր զարմանալի աշխատասիրություն, նպատակամղվածություն, գործիմացություն։ Այստեղ շատերն են հպարտանում քեզանով»ՙ Ռոբերտ Աթայան։

...Մեր հանդիպման ժամանակ, բնականաբար, զրուցեցինք նաեւ Արսեն Սայանիՙ հայաստանյան այսօրվա տպավորությունների մասին։ «Հայաստան ամեն գալուս պես համոզվում եմ, որ մայր բուհի հիանալի ավանդույթները շարունակվում են, կա սերնդափոխություն, երբ, ցավոք, մեր արվեստի անդաստանից հեռանում են մեծերը, նրանց տեղն ու գործը թափուր չեն մնում, դա շատ կարեւոր է։ Մեծ ուրախություն էր ինձ համար օրերս Գյումրի այցելելը։ Լսել էի, որ այնտեղ գործում է Երեւանի կոնսերվատորիայի մասնաճյուղը։ Այժմ գնացի, տեսա։ Գոհ եմ, որ մայր բուհի պրոֆեսիոնալ մակարդակն ունի։ Նմանապես գոհունակություն պիտի հայտնեմ օրերս Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ունկնդրածս շրջանավարտների պատրաստվածությունիցՙ ամենքն էլ պիտանի ներուժ են։ Կոնսերվատորիան պահում է իր բարձր վարկանիշը», ասաց մեր խմբագրության հյուրը։

Անդրադառնալով «Հայաստան-սփյուռք» երկրորդ համաժողովին, Արսեն Սայանը մտորեց. «Այս հավաքն ինքնին շատ կարեւոր է։ Այլ հարց է, թե որքան արագ հնարավոր կլինի իրականացնել ծրագրերը, քանի որ Հայաստանն այժմ տակավին ապրում է իր կայացման ընթացքը։ Անշուշտ, այն բարդ է, սակայն եւ հուսադրող։ Հայաստան-սփյուռք միաձուլումը ժամանակի խնդիր է»։

Արծարծեցինք նաեւ արտագաղթի թեման։ «Կարծում եմ, որ այսօրվա արտագաղթը գնացողների մեղքով չէ, եւ չի կարելի առանց երեւույթի հիմքերը զննելու քննադատել եւ նախատել։ Պետք է ազգովին եւ պետականորեն հասկանալ ու գիտակցել, թե ի՞նչ է տեղի ունենում, փորձել փոխել, շտկել իրավիճակը։ Ամենքս մեր ուժերի ներածի չափով թե հայրենիքում, թե սփյուռքում պիտի ջանանք նպաստել հայապահպանության գործին», ասում է Արսեն Սայանը։

Եվ ոչ միայն ասում. 50 տարիներ ի վեր իր գործունեությամբ աշխարհասփյուռ հայության սրտերում նա հնչեցնում է հայ երգն ու բառը։ Իսկ հայրենյաց երգը երգելը սոսկ երգեցողություն չէՙ ազգապահպան գործ է։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4