Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետի հետ
¬ Դուք օրերս եղաք Լոնդոնում։ Ինչո՞ւ էիք գնացել եւ ի՞նչ տպավորություններով վերադարձաք։
¬ Գնացել էի մասնակցելու «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի, որի անդամն եմ հանդիսանում, մեկօրյա ժողովին։ Ժողովը քննության առավ հիմնադրամում ստեղծված վիճակը։ Նկատի ունեցեք, դա Երեւանում գտնվող «Թեքեյան կենտրոն» հաստատությունն է։ Ավաղ, այսօրվա վիճակով հաստատությունը պարտքեր ունի, եւ մեր լոնդոնյան ժողովը դրանք հնարավորինս արագ մարելու ուղիներ էր որոնում։ Այդ պարտքերը կուտակվել են կենտրոնի շինարարության ժամանակ։ Աշխատանքները, գիտեք, կատարվում էին հիմնականում բարերարների նվիրած միջոցների հաշվին, սակայն դրանք լիովին չբավարարեցին, եւ հարկ եղավ որոշ փոխառություններ վերցնել։ Ինչ էլ լինի, ի դեմս «Թեքեյան կենտրոնի»ՙ Երեւանը ստացավ վերջին 8¬10 տարիների ամենագեղեցիկ մշակութային կառույցներից մեկը։ Հիմա այն գործում է, սակայն եկամուտներն այնքան չեն, որ ինքնուրույն փակի իր պարտքերը։
¬ Ձեր ժողովը հարցը լուծե՞ց։
¬ Մասամբ։ Ժողովին մասնակցող Թեքեյան շրջանակի կարող անդամների նախաձեռնությամբ հանգանակություն իրականացվեց, մի քանի այլ խոստումներ էլ եղան։ Հուսով ենք, որ հարցը կլուծվի։
¬ Թեքեյան հաստատությունները, այսպես ասեմ, ռամկավարական «ծնունդ» են, եւ բնական է, որ ժողովի ժամանակ Դուք հնարավորություն ունեցաք շփվելու «մայր» կուսակցության գործիչների հետ։ Ի՞նչ տպավորություն ունեին հայրենիք-սփյուռք 2-րդ Համահայկական համաժողովից։
¬ Կոնկրետ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ժողովի մասնակիցների մեջ Համահայկական 2-րդ խորհրդաժողովի պատվիրակներից գրեթե չկային, բացառությամբ 1 հոգուՙ Թալին Ավագյան, Շվեյցարիայից։ Սակայն ասեմ, որ այս անգամ ՌԱԿ-ը շատ լայն մասնակցություն ուներ Համահայկական խորհրդաժողովին։ Ռամկավար պատվիրակներ կային Մ. Նահանգներից, Հորդանանից, Բրազիլիայից, Լիբանանից, Հունաստանից, Եգիպտոսից... Բնական է, որ մեզ հետ տպավորություններ են փոխանակել, եւ պետք է ասեմ, որ իրենց կարծիքը դրական էր։ Ընդգծում էին, որ 1-ին համաժողովից հետո մեր երկրի համար դժվար ժամանակներ են եղել, սակայն նախորդի համեմատ այս համաժողովին 2-3 անգամ ավելի պատվիրակներ են ժամանել։ Գոհ էին, որ շատ հարցեր քննարկվել են միանգամայն գործնական հողի վրա, հատկապես աշխատանքային խմբերում։
Կարեւորում էին նաեւ այն հարցադրումները, որոնք արվեցին բուն համաժողովի ընթացքում։ Տպավորված էին Հայաստան-սփյուռք հարաբերություններին առավել գործնական բնույթ հաղորդելուՙ նախագահ Քոչարյանի մոտեցումներից։ Իրողությունն այն է, որ սփյուռքը այս 10 տարիների ընթացքում աճել է, դժբախտաբարՙ նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին։ Նկատի առնելով, որ սփյուռքահայությունը հիմնականում կենտրոնացված է արդյունաբերական տեսակետից զարգացած երկրներում, ավելի մեծ չափով կարող է նպաստել հայրենիքի բարգավաճմանը։ Սակայն ինձ թվում էՙ դա հատկապես Հայաստանից արտագաղթածների մի մասի սրտովը չէ։ Այդ մասը հայրենիքից իր արտագաղթելը դրսում բարոյապես արդարացնելու խնդիր ունի, ահա եւ ակամա խտացնում է գույները, իբր Հայաստանում նորմալ բիզնես անել «հնարավոր չէ»։ Որքան էլ սա անցողիկ բան է, այնուամենայնիվ, իմ դիտումներով, բացասական ազդեցություն է թողնում։ Կա համեմատաբար բարեկեցիկ, անգամ մեծահարուստ սփյուռքահայերի մի շերտ էլ, բարեբախտաբարՙ փոքր շերտ, որը կարծում է, թե հայրենասիրությունը ստեպ-ստեպ հայրենիք այցելելն է, հայրենասիրական ճառեր արտասանելը, սրա-նրա հետ լուսանկարվելը կամ պատկերներ քաշվելը, ուրիշի գումարները տեղ հասցնելու համար ինքն իրեն իբրեւ բարերար ներկայացնելը եւ չվաստակած գովասանքների ու մեծարանքների արժանանալը։ Իհարկե, իրատեսական չէ բոլորից պահանջել, որ հայրենասիրությունը գործնական հարթություն տեղափոխեն։ Բայց ակնհայտ է, որ այդ միտումը կա, եւ հայրենիք-սփյուռք 2-րդ խորհրդաժողովը եկավ է՛լ ավելի կարեւորելու դրա անհրաժեշտությունը։ Ի դեպ, Հայաստանի եւ սփյուռքի որոշ շրջանակներում փորձ է արվում տեսակետ զարգացնել, թե իբր հայրենիք-սփյուռք հարաբերությունները նախորդ իշխանությունների ժամանակ ավելի ջերմ էին։ Դա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է։ Նախ եւ առաջ բերեմ մեր ժողովրդի ամենամեծ բարերարիՙ Քըրք Քըրքորյանի օրինակը։ Նախկինում նա բավարարվում էր բացառապես մարդասիրական օգնություն տրամադրելով Հայաստանին։ Դա ես ամբողջովին բացատրում եմ նախորդ իշխանությունների նկատմամբ նրա վերաբերմունքով։ Իսկ այսօր Լինսի հիմնադրամի ծրագրի շնորհիվ մենք ականատեսն ենք նրա կողմից արվող տնտեսա-ֆինանսական հսկայական ներդրումների։
¬ Ասել կուզիՙ Քըրքորյանը ներկա իշխանություններին վստահում է, որ այդքան փող է տալիս։
¬ Այո, ա՛յդ էլ կա։ Քըրքորյանը մեծ հայ է, մեծ հայրենասեր, բայց դուք ճիշտ եք նկատում, որ փող տալուց առաջ նա պիտի վստահ լինի, թե ո՞ւմ է տալիս եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր իրականացնելու համար է տալիս։ Վերցնենք երկրորդ օրինակըՙ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը Էդուարդո Էռնեկյանի կողմից վարձակալությամբ ստանձնելը։ Սա արդեն ցույց է տալիս սփյուռքահայ խոշոր գործարարի տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Այս բացառիկ գործարքն էլ հնարավոր դարձավ ներկա իշխանությունների օրոք։ Այնինչ դեռեւս 1991 թ.-ին ՀՌԱԿ-ն էր, որ նրան առաջին անգամ հրավիրեց Հայաստանՙ ներդրումներ կատարելու։ Ինչո՞ւ դա չստացվեց ՀՀՇ-ի ժամանակ։ Կար հակառակ օրինակըՙ ոմն մեծահարուստ, որն իրեն խոշոր բարերարի տեղ էր դրել, իր պատմական հայրենիքից ուղղակի «քամում» էր հնարավորըՙ անձնական եկամուտները տասնապատկելու, հարյուրապատկելու համար։ Չնայած հարց է առաջանումՙ է՞լ ինչի համար։ Եվ այդ լոնդոնաբնակ մեծահարուստը, իհարկե, այսօր դժգոհ է հայաստանյան իրավիճակից։ Որովհետեւ այլեւս չի կարող իր ձեռնարկությունների համար ստեղծել 25 տարի հարկ չմուծելու արտոնյալ պայմաններ, որից մինչեւ այսօր օգտվում է, քանզի նախորդ իշխանությունը մեր պետության անունից այդպիսի պարտավորություն է ստանձնել տվյալ պարոնի հանդեպ։ Այսօր այդ մարդը նման բանի չի կարող հասնել, մենաշնորհ չի կարող հաստատել։ Նման կարգի մի երկու-երեքն էլ կան, որ փնտրտուքների մեջ ենՙ կուզենային Հայաստանում տեսնել նոր նախագահ, նոր իշխանություն, որպեսզի իրենց «հայրենասիրությունը» դրսեւորվի հայրենիքը նախկինի նման շահագործելու մեջ։ Երեւի ժամանակն է, որ նմանների գործունեությունն ամբողջ խորությամբ լուսաբանվի...
¬ Սփյուռքում հայրենիքի ներքաղաքական կյանքի նկատմամբ հետաքրքրություն կա՞։
¬ Հետաքրքրությունը շա՛տ մեծ է։ Սակայն, դժբախտաբար, սփյուռքահայ շրջանակների որոշ տեսակետներ ձեւավորված են օբյեկտիվ տեղեկատվության պակասի պայմաններում։ Հայրենիքի հանդեպ բացասական վերաբերմունքի ձեւավորման գործում էական դեր են կատարում հայաստանյան մամուլի հայտնի օրգանները, նրանց էլեկտրոնային տարբերակները։ Դրա համար կարելի է միայն ափսոսալ։ Որովհետեւ բավական է, որ այդ թերթերի միջոցով Հայաստանի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող նույն մարդը գա հայրենիք, կհամոզվի, որ վիճակն ամենեւին էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է հիշյալ ծուռ հայելիներում։ Իհարկե, կա նաեւ «Ազգի» էլեկտրոնային տարբերակը, որը դրսում շա՛տ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, բայց դա տեղեկատվության պակասը լիովին չի լրացնում։ Վերջապես, գաղտնիք չէ, որ հայրենիքի նկատմամբ թե՛ դրսում, թե՛ ներսում մերժողական վերաբերմունք ձեւավորելը դրսի ու ներսի որոշակի քաղաքական շրջանակների պատվերն է, որն ուղղակիորեն վճարվում է։ Դա մեզանում նորություն չէ։ Այս մի քանի օրը խորհրդարանական խժդժությունների ականատեսը եղանք։ Եվ հենց այդ խժդժություններին համահունչ 100-ից ավելի մարդիկ, ջղայնացած, հիստերիկ մի քանի կանայք դրսում վայնասուն էին բարձրացնում։ Նրանք, անշուշտ, վարձատրվում էինՙ իրենց այդ «զայրույթը թատերականացնելու» ջանքերի համար։ Ցավոք, կան նաեւ նույն վայնասունը սատարող լրատվամիջոցներ, թերթեր, որոնք նույնպես վարձատրվում են, եւ այն էլՙ բավական առատաձեռն։ Մարդկանց փող են տալիս, որ ճշմարտությունն աղավաղեն, գրեն սուտը, զրպարտությունը, կեղծիքը։
¬ Ի դեպ, եկեք անդրադառնանք խորհրդարանական այդ «միջադեպին»ՙ ԱԺ վերջին եռօրյայի տապալված նիստերին։ Ի՞նչ գնահատական կտայիք դրան։
¬ Նախ եւ առաջ իմ անհամաձայնությունը հայտնեմ «Ազգ» թերթում արտահայտված կարծիքին։ Համամիտ չեմ, որ նախագահի պաշտոնանկության հարցը այնքան անհեթեթ է, որ պետք է մտներ ԱԺ օրակարգ, քննարկվեր եւ մեկընդմիշտ «ջարդվեր»։ Այդ հարցը չի կարող մտնել օրակարգ, որովհետեւ դա հակասում է օրենքին։ Ոչ ոք իրավունք չունի օրենքը խախտել։ Նման հարցը ԱԺ օրակարգ մտցնելը ո՛չ թղթակցի ցանկությամբ է, ո՛չ իմ, ո՛չ էլ, ասենք, մանր առետրական Մանուկի։ Դա օրենքի խնդիրն է, իսկ տվյալ դեպքում օրենքն այդպիսի հարց քննարկել թույլ չի տալիս։ Որովհետեւ, ըստ սահմանադրության, նախագահի պաշտոնանկության միայն 2 հիմք կարող է լինելՙ պետական դավաճանություն եւ այլ ծանր քրեական հանցագործություն։ Եթե այս երկուսը չկան, ուրիշ ոչ մի հիմքով նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ օրակարգ մտնել չի կարող։ Տվյալ պարագայում խորհրդարանի մեծամասնությունը գործում է ըստ սահմանադրության եւ այլ կերպ գործելու իրավունք պարզապես չունի։ Սակայն կա պատգամավորների, ինչ-ինչ մարդկանց մի որոշակի խումբ, որ իր առաջ այսօր խնդիր է դրել ամեն ձեւով հասնել նախագահ Քոչարյանի պաշտոնանկությանը։ Համոզված եմՙ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա շրջանի համար կվերընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Չեմ կասկածում, որ առաջիկա ընտրություններում նա կստանա ընտրողների անհրաժեշտ աջակցությունն ու ձայները։ Նման համոզվածության համար հիմք են ծառայում այն շատ որոշակի տեղաշարժերը, որոնք առկա են մեր սոցիալ-տնտեսական կյանքում։ Իհարկե, շատ կուզենայի, որ այդ տեղաշարժերն ավելի մեծ, ավելի շոշափելի լինեին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի դրանք իր վրա ավելի առարկայորեն զգար։ Առայժմ դա ցանկալի չափով չի զգացվում, բայց միտումն ակնհայտ է։ Տեսնել է պետք, թե ինչպես է վերափոխվում աղետի գոտին։ Տեսնել է պետք է, որ 14 տարվա մեջ առաջին անգամ բնակարանային հերթի մեջ գտնվող մարդիկ... բնակարան են ստանում։ Ճիշտ է, 100 ընտանիքից ընդամենը մի փոքր ավելի մարդիկ, այնինչ ցանկալի կլիներ, որ բնակարան ստացողները հազարավոր ընտանիքներ լինեին։ Բայց ի՞նչն է կարեւոր։ Միտո՛ւմը, մարդկանց բնակարան տալու իշխանությունների ձգտումը, որը վաղուց արդեն մոռացվել էր։ Տեսնել է պետք, թե ինչպես է վերափոխվում, բարեկարգվում մեր քաղաքը։ Շատ այլ դրական տեղաշարժեր էլ կան։ Այս ամենն է, որ ինձ համար Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը դարձնում է անկասկածելի։ Այո՛, ժողովրդի մեջ դժգոհներ էլ կան, դժգոհություններ էլ, սակայն ժողովուրդը չի կարող չգնահատել արդեն արվածը, չի կարող հաշվի չառնել նախագահի միանգամայն իրատեսական ծրագրերը, որոնց իրականացմամբ առաջիկա տարիներին մեր երկիրը բռնելու է կտրուկ վերելքի ճանապարհը։ Բայց, իհարկե, այս ամենը չտեսնողներ էլ կան, այդ թվումՙ որոշ պատգամավորներ։ Չեմ ուզում մարդկանց մասին վատ մտածել (բացի նրանցից ոմանց գրագիտության աստիճանից, որովհետեւ այս դեպքում որքան էլ լավ մտածեսՙ անհնար է տգիտությունը չտեսնել), բայց համոզված եմ, որ իրենք հստակ գիտեն, որ թե՛ գործող նախագահը, թե՛ իշխանության որոշակի այլ ներկայացուցիչներ որեւէ առնչություն չունեն հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Նրանք շատ լավ գիտեն, որ ոճրագործությունից հետո ամենավտանգված անձը հանդիսանում էր ՀՀ նախագահը։ Նրանք չեն կարող գոնե իրենք իրենց չխոստովանել, որ նախագահի պետական ու քաղաքացիական նկարագրի բացառիկ դրսեւորումների հետեւանքով մեր երկիրը կարողացավ ոճրագործությունից հետո խույս տալ շատ լուրջ քաղաքական ցնցումներից, որոնք ուղղակի աղետալի կլինեին մեզ համարՙ նկատի առնելով նաեւ արցախյան հիմնահարցը եւ բազում այլ խնդիրներ։ Այս ամենը այդ մարդիկ հրաշալի գիտեն։ Բայց դա դնում են մի կողմ եւ իրենք իրենց խաբելովՙ ընկնում են հիստերիայի մեջ։ Լավ, տեսեք ո՞վ է փողոցում այսպես ասած գլխավոր «չափ տվողը»։ Հարգելի Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Նա ուներ բացարձակ հնարավորություններ, նշանակվել էր ՀՀ վարչապետ։ Այն ժամանակ նա իմ կողմից նախագահի արժանիքների մասին վերը նշված կետերը ընդունում էր։ Երբ դադարեց գործադիր իշխանության ղեկավար լինելուցՙ որդեգրեց հայտնի ընդդիմադիր կեցվածքը եւ այսօր դարձել է 100-200 վարձված աղմկարարների գլխավոր դիրիժորը։ Սա վերաբերում է նաեւ մյուս էքս պաշտոնյաներին։ Այս մարդկանց ղեկավարում է նախագահի հանդեպ անձնական ատելությունը, պաշտոնազրկվածների զայրույթը։ Նույնը կարելի է ասել նաեւ որոշ պատգամավորների մասին։ Համոզված եմ, որ մեր ընտրողը այդպիսիների արժանի գնահատականը տալո՛ւ է։ Նրանց գործողությունները ուղղակիորեն հակազգային են, հակապետական են իրենց ուղղվածությամբ եւ հետապնդում են նախընտրական-քարոզչական նպատակներ։
Վերջերս եղա մեր տաղանդաշատ Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» կինոնկարի պրեմիերային։ Հերոստրատի կերպարը հայտնի էՙ իր վրա ուշադրություն հրավիրելու համար այդ մարդը ոչնչացնում է աշխարհի 7 հրաշալիքներից մեկըՙ Արտեմիսի տաճարը։ Երեւի թե ամբիոնի մոտ հավաքված մեր պատգամավորները, որոնք այդ կերպ խափանեցին ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի աշխատանքը, այդ կարգի հերոստրատյան «փառքի» ներքին, միգուցե նույնիսկ ենթագիտակցական ձգտում ունեցող մարդիկ են։ Տեսեք, թե նրանց մեծամասնությունն այս տարիների ընթացքում ինչո՞վ է աչքի ընկել։ Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել ԱԺ քննարկմանը, կարո՞ղ են գրագետ, տրամաբանական, ոմանք նույնիսկՙ կապակցված խոսել։ Ո՛չ, այդ կերպ նմաններն աչքի չեն ընկել։ Մնում է աչքի ընկնել... օրինազանցությամբ։ Ճվալ, գոռալ, ամբիոններ շրջապատել, հայհոյել, իրար խփել, այլանդակ ձայներ հանել... Սա նույնիսկ քաղաքական աղմկարարություն չէ, ուղղակի օրինազանց աղմկարարություն է։ Եվ դա՛ էլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու միջոցներից մեկն է։ Նման միջադեպերը իրոք ուշադրության են արժանանում։ Ռուսաստանի Պետդումայում այդպիսի սկանդալներով միշտ ուշադրության կենտրոնում է մնում Վլադիմիր Ժիրինովսկին, Իտալիայի խորհրդարանում հանրահայտ պոռնկուհին, որ պատգամավոր էր դարձել, ստինքներն էր բացել...
Իրականության մեջ այս մարդիկ չեն գիտակցում իրենց տկարությունը, շատ դեպքերում էլ անհարկի ոգեւորության մեջ են ընկնում, որովհետեւ կողքից խրախուսողներ միշտ էլ գտնվում են։ Եվ ցավալի է, որ այս մարդիկ չեն հասկանում մի պարզ ճշմարտությունՙ իրենց արածը անբարոյություն է, իրենք իրավունք չունեն լինելու ՀՀ ԱԺ պատգամավոր։ Եվ նրանցից շատերը հենց սարսափում են, որ հաջորդ ընտրություններում կարող են նաեւ պատգամավոր չլինել։ Չկայացած, ուրիշ որեւէ բանի անընդունակ այդպիսի մարդկանց համար պատգամավոր չընտրվելը ուղղակի անձնական ողբերգություն կլինի։ Որովհետեւ գիտենՙ պատգամավոր չեղան, ուրիշ ոչ մի բան չեն լինի։ Ուստի եւ ամեն կերպ, այդ թվում նշածս անբարո մեթոդներով, ձգտում են վերընտրվել։ Այստեղ մեր ընտրողներն էլ մտածելու բան ունեն։ Նրանք պիտի հասկանան, որ չի կարելի այդ կարգի չկայացած, անընդունակ մարդկանց պատգամավոր դարձնել։ Այդպիսիներն իրենք իրենց համար, երկրի համար, պետության համար ուղղակի պատուհաս են դառնում...
¬ Ժողովրդի որոշակի շրջանակներում այն կարծիքը կա, թե «Հոկտեմբերի 27-ի» գործի շուրջ բոլոր այս շահարկումների, նախագահի նկատմամբ թունավոր կասկածներ սերմանելու, վերջապեսՙ նույնիսկ խորհրդարանի վերջին խայտառակության ետեւում կանգնած է ՀՀՇ-ն, որն այսպիսի խժդժությունների միջոցով փորձում է նախապատրաստել իր վերադարձը իշխանության։ Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում այդ ֆանտաստիկ եւ գոնե ինձ համար անհնարին «վերադարձը»։
¬ Շատ ճիշտ բնութագրեցիքՙ նման վերադարձն անհնար է։ Բայց այդպիսի ձգտումներ, այո՛, կան, եւ դրանք ժամանակի ընթացքում սաստկանում են։ Մեր հասարակությունը պետք է պարզ գիտակցի, որ իրենց այդ նպատակին հասնելու համար ռեւանշիստական ուժերը ձգտում են եւ հետագայում նույնպես ձգտելու են ապակայունացնել իրավիճակը երկրում։ Մեր հասարակությունը, քաղաքական շրջանակները մի շատ կարեւոր բան էլ պիտի գիտակցեն, որն իրենքՙ նախկինները, իրենց համար շատ վաղուց պարզել են. ՀՀՇ-ի «վերադարձը» խափանող, անհնարին դարձնող գլխավոր խոչընդոտը Ռոբերտ Քոչարյանն է։ Այստեղից էլ գալիս է Քոչարյանի հանդեպ նախկինների աներեւակայելի ատելությունը։ Ես այլ առիթներով ասել եմ, որ մենք, դժբախտաբար, կազմակերպված, հասուն, քաղաքակիրթ ընդդիմություն չունենք, ունենք ընդդիմադիր կեցվածք որդեգրած, հիմնականում ռեւանշիստական ծագումնաբանություն ունեցող անհատներ։ Մեր ընդդիմության ոչ-ՀՀՇ-ական մասը, ցավոք, կազմակերպչորեն եւ քաղաքական առումով պատշաճ պատրաստվածություն չունի, նրա շարքերում վառ անհատներ, կայացած, մեծ հեղինակություն վայելող քաղաքական այրեր չկան։ Նախորդ իշխանության ներկայացուցիչները մինչեւ այսօր էլ մեր ընդդիմության ոչ-ՀՀՇ-ական հատվածին գերազանցում են իրենց կազմակերպվածությամբ, էլ չխոսենք նյութական միջոցների մասին։ Մինչ այսօր էլ երկրի իշխանության ամենատարբեր մարմիններում նրանք ունեն եթե ոչ իրենց անդամները, ապա գոնեՙ համակիրները, ծագումնաբանորեն ՀՀՇ-ական հակումներ ունեցող որոշակի զանգվածը։ Սա լուրջ ռեսուրս է, որ ընդդիմության մյուս հատվածը չունի։ Կա նաեւ մի այլ հանգամանք, որը ՀՀՇ-ի «վերադարձը» երազողներին ինքնախաբեության գիրկն է նետում։ Այդպիսիներին թվում է, թե այն, որ իրենց թերթերը փնտրվում են, ընթերցվում են, դա նշանակում է, թե իրենց հավատում են։ Ո՛չ, ամենեւի՛ն։ Եթե իսկապես այդ կարգի թերթերը փնտրվում-ընթերցվում են, ապա հասարակության բացարձակ մեծամասնությունը դա անում է պարզ-մարդկային հետաքրքրությունից։ Չէ՞ որ ամեն դեպքում, նույնիսկ զուտ քաղքենիական կրքերին հագուրդ տալու առումով, առնվազն հետաքրքրական է իմանալ, թե իշխանությունների հասցեին ի՞նչ սուր բան կա գրված, էլ չխոսելով զազարախոսության, հայհոյաբանության մասին։ Չէ՞ որ մեր ընթերցողների մեծամասնությունն իր էությամբ դեռ «սովետական» է, իսկ սովետական ժամանակներում իշխանությունների հասցեին ոչ միայն հայհոյաբանության, այլեւ անգամ ամենամեղմ քննադատության նշույլ չկար։ Ահա՛ ինչու այժմյան թերթերն ուղղակի «սպորտային» հետաքրքրություն են առաջացնում։ Մարդը կարող է նման զազրախոսությունները կարդալ, նույնիսկՙ հաճույքո՛վ կարդալ, բայց դա չի նշանակում, թե նա դրան հավատում է։ Մեր այցելությունները մարզեր ցույց են տալիս, որ պարզ, շարքային մարդկանց վերաբերմունքը նախագահի նկատմամբ շատ եւ շատ ավելի դրական է, քան նույնիսկ իշխանության միջին օղակներում գտնվող բազմաթիվ ուրիշների, վերը նշածս այդ ՀՀՇ-ական ծագումնաբանություն ու հոգեբանություն ունեցողների վերաբերմունքն է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախկին իշխանություններից ժառանգություն մնացած այդ խավը չի ուզում, որ երկրի կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ կատարվեն։ Վերցնենք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը։ Չէ՞ որ դրա ընդունումով պետական կառավարման համակարգում պաշտոնների տիրանալը դառնում է մրցույթով, որից իրենք կարող են նաեւ դուրս մնալ։ Իրենց դա ձեռնտու չէ, իրենք ուզում են նշանակվե՛լ, ո՛չ թե ազնիվ մրցակցության մեջ ապացուցել իրենց պիտանիությունը։ Իրենց իշխանության օրոք այդպես է եղել, մեկը մյուսին հովանավորել է, պաշտոնների նշանակել։ Եթե նույնիսկ եղել է կադրերի փոփոխություն, ապա դա զուտ անձերի տեղաշարժ է նշանակել, եւ ոչ թե կառավարման ողջ համակարգի արմատական բարեփոխում։ Քոչարյանը գնում է այդ կարգի արմատական բարեփոխումների, գնում է համարձակորեն, հաստատակամորեն, ո՛չ թե հանուն իր անձի, իր իշխանության, այլՙ հանուն պետական համակարգի ամրապնդման, առողջացման։ Ա՛յս է, որ շարքային մարդիկ նույնիսկ բնազդաբար, նույնիսկ առանց լայն բացատրություններիՙ հասկանում են։ Չնայած, իհարկե, այդպիսի բացատրական մեծ աշխատանքի կարիքն իսկապես կա եւ առաջիկա նախագահական ընտրությունների առթիվ սկսված քարոզարշավները նաեւ այդ նպատակին պիտի ծառայեն։ Մենք, իբրեւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը քաղաքականապես պաշտպանելու մասին առաջինը հայտարարած կուսակցություն, առաջիկայում նաեւ դրանով կզբաղվենք։
¬ Ասացիք մարզեր գնալու մասին, եւ ես հիշեցի մեր թերթի մի հրապարակում, որ հիմնել եք արդեն 100-րդ ակումբը...
¬ Այսօր արդենՙ 111-րդ ակումբը։
¬ Բարի։ Այդ դեպքում պատասխանեք մի վերջին հարցիՙ ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Չէ՞ որ, վերջին հաշվով, քաղաքական կուսակցության համար գլխավորը ԱԺ-ում ներկայություն ունենալն է։
¬ 1995-ից չլինելով խորհրդարանում (թեեւ նախորդ ԳԽ-ում մենք մի ժամանակ իր մեծությամբ 2-րդ խմբակցությունն ունեինք), ՀՌԱԿ-ին հաջողվեց ոչ միայն մնալ եւ իր ուրույն տեղն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, այլեւ անօրինակ կառուցվածքային զարգացում ապրել հատկապես վերջին 1 տարում։ Ընտրություններին մոտ 1 տարի էլ դեռ կա, եւ մենք կուսակցության կազմակերպչական ամրապնդումը կշարունակենք։ Հուսով եմ, դա կլինի առաջիկա ընտրություններում ՀՌԱԿ-ը կրկին խորհրդարանում ներկայացված տեսնելու նախապայմաններից մեկը։
¬ Ուրիշ նախապայմաններ է՞լ կան։
¬ Իհարկե՛։ Առաջին հերթինՙ մեր ռամկավարական գաղափարախոսությունը։ Մենք «նորելուկ» չենք, գաղափարախոսական որոնումների մեջ չենք, մենք հստակ գիտենք, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում։ Դա ռամկավարական, ազատական տնտեսության, քաղաքակիրթ մրցակցության, բարեկեցիկ ժողովրդով հանրապետության կառուցման գաղափարախոսությունն է։ Վերջին շրջանում հատկապես մտավորականության մեծ հոսք կա դեպի կուսակցություն։ Նշանակում էՙ մեր քաղաքական ազդեցությունը, կշիռը մեծանում է, ժողովրդի վստահությունը մեր նկատմամբՙ աճում։ Իհարկե, այսօր դեռ շատ շուտ է գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսել, բայց մենք, իմ կարծիքով, լավատեսության առավել քան բավարար հիմքեր ունենք...
Հարցազրույցը վարեց ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ