«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ՆՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերը 20 նորագիրներ անցան։ Նրանք համալրեցին «Բուժական» եւ «Մալաթիա» ակումբները։ Եվս 15 կուսակցականներ, որոնք արդեն անցել էին երդմնառության արարողությունը, ստացան անդամատոմսեր։

Այս առիթով Թեքեյան կենտրոնում երեկ հավաքվել էին ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամներ Մհեր Մելիք-Բախշյանը, Գագիկ Վարդանյանը, կուսակցականներ։

Մինչ ուխտին անցնելը, խոսք եղավ կուսակցության պատմության, անցած ուղու, ներկայի եւ ապագայի դիրքորոշումների մասին։

ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի խոսքովՙ ավանդական կուսակցությունը միշտ աչքի է ընկել ազգապահպան գործունեությամբ։ Բարձրագույն արժեք համարելով ազգն ու հայրենիքըՙ ռամկավարները նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանի կողքին են եղել։ Ռամկավարների կուսակցական մեկդարյա պատմությունը ոչ միայն հպարտություն է, այլեւ պարտավորություն ներկայիս անդամների ու ղեկավարների համար։ Նրանք էլ աշխատում են շարունակել ավանդական կուսակցության անբիծ պատմությունըՙ հավատարիմ մնալով գաղափարախոսությանն ու սկզբունքներին։

ՀՌԱԿ-ը, ինչպես յուրաքանչյուր քաղաքական կառույց, կարեւորում է ընտրությունները։ Քաղաքական դաշտում պատշաճ դիրք ունենալով միայն կարելի է իրագործել գաղափարները։

ՀՌԱԿ փոխատենապետը նշեց, որ կուսակցությունը երկրի զարգացման, առաջընթացի համար չափազանց կարեւորում է ներդրումների, օտարերկրյա կապիտալի ներգրավումը մեր տնտեսության մեջ, ուստի եւ լծվում է կարեւորագույն այս խնդրի իրագործմանը։

Հարություն Առաքելյանը, հաշվի առնելով ՀՌԱԿ մարդկային ներուժը, իր կուսակցական ընկերներին առաջարկեց ունեցած բիզնես ծրագրերի մասին հայտարարություններ տեղադրել «Ազգի» ինտերնետային էջում, ինչը դրսում տեղեկատվություն կապահովի ներդրումների առկա դաշտի վերաբերյալ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4