Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը հետաքրքրական շարունակություն ունեցավ. ցուցմունք տվեց տուժող, հանրային հեռուստատեսության օպերատոր Խաչատուր Ավետիսյանը։
Նախքան տուժողի ցուցմունքին անցնելը դատավորը հայտնեց, որ տուժող Խոսրով Հարությունյանից գրություն է ստացվել, որ նա գտնվում է հետվիրահատական շրջանում եւ չի կարող մասնակցել դատավարությանը։ Տուժողը դիմել էր դատարանինՙ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը։
Առողջական ոչ լավ վիճակով էր իր բացակայությունը պատճառաբանել նաեւ Հրանուշ Հակոբյանըՙ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը։ Մյասնիկ Մալխասյանն ու Միսակ Մկրտչյանը չէին արձագանքել դատարանի ծանուցագրերին։
Ինչեւէ, տարօրինակ օպերատորը սկսեց իր տարօրինակ ցուցմունքը։ Տուժողը Նաիրի Հունանյանին ճանաչում էր այն ժամանակվանից, երբ վերջինս հաղորդումներ էր պատրաստում, որոնցից 2-ը նկարահանել էր ինքըՙ Խ. Ավետիսյանը։
Դեպքերի օրը հանրային հեռուստատեսության օպերատորն աշխատել է առաջին դռնից մոտ 1 մ հեռու դրված տեսախցիկովՙ ուղղված դեպի դահլիճը։ Նկարել է դահլիճի դռան բացվելն ու Կարեն Հունանյանի ներս մտնելը։ 10¬15 վրկ. անց 3-րդ դռնից մտել է Նաիրի Հունանյանըՙ պատի տակով կրակոցներով գնալով դեպի նախագահություն։ Օպերատորին էլ սպառնացել են, որ շարունակի նկարահանել։
Տուժողը նկարահանել է մինչեւ այն պահը, երբ լրագրողները դուրս են եկել դահլիճից, որից հետո ինքը նույնպես դուրս է գնացել։
Չշարադրելով ցուցմունքի մանրամասներըՙ նշենք, որ տուժող Ավետիսյանը հակասական շատ «փաստեր» նշեց։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի եւ մինչ երեկ հնչած ցուցմունքների, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դահլիճ է մտել առաջին դռնից, մինչդեռ տուժողը հաստատակամորեն պնդեց, թե ահաբեկիչը դահլիճ է մտել երրորդ դռնից եւ պատի կողմով անցել դեպի նախագահություն։
Մեղադրող կողմի հարցերին պատասխանելիս օպերատորը մի պահ կարծես թե բորբոքվեցՙ բողոքելով, որ իրեն տրվող հարցերը ճիշտ չեն։
Դատավորը միջամտեցՙ հիշեցնելով, որ նրա ցուցմունքն այնպիսին էր, որ անգամ ամբաստանյալը նման ցուցմունք չի տվել, մեղադրողին էլ այնպես է հանդիմանում, որ վերջինս քիչ է մնում ներողություն խնդրի։
Այնուհետեւ, պատասխանելով մեղադրողների հարցերին, տուժողը շարունակեց հակասել ինքն իրեն, ասելով, թե ոչ մի բան նորմալ չի լսել, քանի որ ականջակալներով է եղել, հետո էլ երբեմն ինչ-որ բան լսել է։
Հարցերի ընթացքում դատավարության մասնակիցները փորձում էին ճշտել նաեւ ինչ-ինչ տեխնիկական մանրամասներ, որոնց պատասխանելիս, ինչպես նաեւ, օպերատոր լինելով հանդերձ, տեսողական ոչ լավ հիշողություն ունեցող տուժողը ցույց տվեց իր, մեղմ ասած, ոչ բարձր մասնագիտական որակները։ Նա գրեթե ոչինչ չէր նկատել, ոչ մի բան նորմալ չէր լսել, առավել եւս, չէր կարողանում որեւէ բան նկարագրել։ Բացի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի սպանություններից, մյուս զոհերի կամ վիրավորների մասին տուժողը ոչինչ չգիտեր։ Նա իր հակասություններով հասավ մինչեւ այնտեղ, որ դատարանում արդեն սկսեց խառնելՙ կարմի՞ր միջանցք է ինքը դուրս եկել, թե՞ կանաչ։
Այս խառնաշփոթության հետ մեկտեղ հանրային հեռուստատեսության օպերատորը շարունակեց պնդել, որ Նաիրի Հունանյանը մուտք է գործել 3-րդ դռնից։
Ի վերջո դատարանը որոշեց տուժողին ցուցադրել տեսաձայնագրությունըՙ վերջնական ճշտելու ցուցմունքում առաջացած հակասությունները։
Ա. Հ.