ԹԵՀՐԱՆ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի բացմամբ բեռների տարանցման առաջիկա ավելացման առնչությամբ տրանսպորտի եւ տարանցիկ փոխադրումների բնագավառում տարածաշրջանի երկրների համագործակցության ու ազգային տրանսպորտային կառույցների կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ ընդհանուր հռչակագրի ընդունումով Թեհրանում ավարտվել է «Իրան. տարանցման հնարավորությունները» միջազգային խորհրդաժողովը։ Նրա աշխատանքին մասնակցում էին տարածաշրջանի ավելի քան 20 երկրների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովը տարածաշրջանի երկրների տրանսպորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների յուրատեսակ խորհրդակցություն էր, նշել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ հաղորդակցուղիների առաջին փոխնախարար Վլադիմիր Յակունինը։ Ըստ նրա, համաժողովում, ընդգծվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծման կարեւորությունը եւ Իրանիՙ որպես Հյուսիսային Եվրոպայի եւ Հարավային Ասիայի երկրների միջեւ բեռների տարանցման օղակի դերը։ Այդ փոխադրամիջանցքի հիմնադիր երեք երկրներիցՙ Ռուսաստանից, Իրանից եւ Հնդկաստանից բացի, դրա իրականացմանը մասնակցելու ցանկության մասին հայտարարել են եւս հինգ երկրներՙ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Բուլղարիան։ Վլադիմիր Յակունի խոսքերով, կասկած չկա, որ այս խորհրդաժողովից հետո բազային համաձայնագրի մասնակիցների թիվը կմեծանա, քանի որ այդ նախագիծը, անտարակույս, համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։