«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է

Կտեսնենք

«Ազգը» վերջերս քանիցս անդրադարձել է ճանապարհային երթեւեկության խնդիրներին։ Երեկ զրուցեցինք Երեւան քաղաքի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության բաժնի ղեկավարության հետ։

Պետավտոտեսչության բաժնի աշխատակիցները ներկայացրին, որ մայրաքաղաքում ճանապարհային երթեւեկության խնդիրները միայն պետավտոտեսչության լուծելի հարցեր չեն։

Մասնավորապես, Բարեկամության հրապարակից ճյուղավորվող փողոցներիՙ հրապարակին հարող կանգառներում տիրող վթարային իրավիճակի վերահսկումը հնարավոր չէ միայն պետավտոտեսչության ուժերով։ Վթարային իրավիճակին նպաստում են փողոցների երկաթյա բազրիքների կտրտումը որոշ կրպակատերերի կողմից, կամՙ մայրաքաղաքի գերծանրաբեռնվածությունը երթուղային տաքսիներով, որոնց հետ կապված հարցերը վերաբերում են, ասենք, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը։

2 ամիս Երեւան քաղաքի ՆԳՎ ՊԱՏ բաժնի պետ է աշխատում միլիցիայի փոխգնդապետ Ավետիք Էվինյանը, եւ, ըստ նրա, այժմ նոր մոտեցումներ են ներմուծվում պրակտիկա։ Մասնավորապես, տեսչությունն ակտիվ պայքար է մղում կաշառակերության դեմ, կատարվում են գաղտնի ստուգումներ։ Զգալի ուշադրություն է դարձվում մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցների երթեւեկությանը։

Այս ամենն, իհարկե, շատ լավ է եւ ողջունելի։ Սակայն արդյունքները պետք է տեսանելի լինեն, որպեսզի մեր քննադատությունը պակասի։

«Ազգի» արծարծած խնդիրների մասին մենք հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք, իսկ այսօրվա համար ասենք, որ ողջունում ենք նոր մոտեցումներն ու պետավտոտեսչության ջանքերը, բայց ակնկալում ենք լավ արդյունքներՙ չմոռանալով նաեւ այն խնդիրները, որոնք վերաբերում են վարորդների եւ հետիոտների անօրինական վարքագծին։

Ի դեպ, Երեւանի ՆԳՎ ՊԱՏ բաժնի ղեկավարության հավաստմամբ, տեսչությունը պայքարում է նաեւ «բարձրաշխարհիկ» եւ «օրիգինալ» պետհամարանիշներով մեքենաների վարորդների անպատժելիության դեմ։ Պատկերացրեք, որ կանգնեցվում են նաեւ այդ մեքենաները։

Ինչպես ասում ենՙ վերջը բարի լինի։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4