ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Մոսկվայի կապի եւ ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի (ՄԿԻՏՀ) ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Շահգիլդյանին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, կապի եւ կրթության ոլորտի մասնագետներ, CISCO Systems ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցչության ղեկավար Ռոբերտ Էյջին, AMT Group ՓԲԸ նախագահ Անդրե Մանկովսկին եւ ուրիշներ։
Պրոֆ. Վահան Շահգիլդյանը կապի եւ ինֆորմատիկայի բնագավառի ճանաչված մասնագետներից է։ Նա հեղինակ է 280 գիտական աշխատությունների, այդ թվում 14 մենագրությունների եւ 18 հեղինակային իրավունքների։
Վ. Շահգիլդյանը մի շարք մրցանակների դափնեկիր է. ՌԴ կառավարության գիտության բնագավառի, ՌԴ կառավարության կրթության բնագավառի եւ ՍՍՀՄ պետական մրցանակների։ Նա ՄԿԻՏՀ պրոֆեսոր է, Մադրիդի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր։
Վ. Շահգիլդյանը «Ազդանշանների մշակում» (ԱՄՆ) եւ «Շղթաների տեսություն» (Մեծ Բրիտանիա) միջազգային ամսագրերի խմբագրական կոլեգիայի եւ Միջազգային էլեկտրակապի միության (Ժնեւ) հետազոտական հանձնաժողովի անդամ է, Ն. Պոպովի անվան գիտատեխնիկական ռադիոտեխնիկայի եւ կապի միության փոխնախագահն է։
Պրոֆ. Վ. Շահգիլդյանը սերտորեն կապված է Հայաստանի հետ եւ նպաստում է հանրապետությունում հեռահաղորդակցության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ