«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՆՎԻՐԵՑ ԻՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՇՔԱՆՇԱՆԸ

2002 թ. հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Բագրատ Ղարիբջանյանը ՀՀ ԳԱԱ-ին նվիրեց «Ֆրանսիայի արդյունաբերությանն օժանդակողների» ընկերակցության իրեն շնորհած ոսկե շքանշանը։

«Ֆրանսիայի արդյունաբերությանն օժանդակողների» ընկերակցությունը («SPI») ստեղծման առաջին իսկ օրվանիցՙ 1801 թ.-ից, նպատակաուղղված է եղել Ֆրանսիայի արդյունաբերության խթանմանը։ «SPI» ընկերակցության շարքում են Ֆրանսիայի գիտության վաստակավոր գործիչներ, գիտության եւ արդյունաբերության միջազգային համբավ ձեռք բերած ղեկավարներ։ Այս կազմակերպության մեծ սրահում դափնեկրի պատվին են արժանացել կինոխցիկը հայտնագործած Լյումներ եղբայրները, տեխնոլոգ-տեքստիլագործ Ժակկարը, նորարար զինագործ Քրիստոֆլը, աշխարհահռչակ կենսաբան եւ քիմիկոս Լուի Պաստյորը, սննդամթերքի փչացման կանխարգելման գյուտարարներ Տելյեն եւ Ապեռը, 4 տակտով աշխատող շարժիչի հեղինակ Բոդե Ռոշասը, առաջին էլեկտրալամպի հեղինակ Ժորժ Կլոդը եւ ուրիշներ։

2001 թ. հայտարարված մրցույթը հոբելյանական էր, եւ այդ նույն մեծ սրահում 2002 թ. մայիսի 30-ին դափնեկրի կոչում եւ ոսկե շքանշան շնորհվեց Բագրատ Տիրանի Ղարիբջանյանին։

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության եւ լրատվության կենտրոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4