«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


«ՇԻՐԱԿԻ ՄԵՂԵԴԻՆԵՐԻ» ՔԱՎՈՐԸ

1965 թ. երգի-պարի վաստակավոր անսամբլի ղեկավար մեծն Թաթուլ Ալթունյանն աշխատանքի հրավիրեց գյումրեցի երիտասարդ երգիչ Ալբերտ Սարգսյանին։ Չնայած 24 տարեկան էր Ալբերտը, բայց ուներ բեմական մեծ փորձ. 4-րդ դասարանի աշակերտ էր, երբ առաջին անգամ բեմ ելավ ու երգեց։ Դա Լենինականի պիոներների պալատում էր։ Մանկուց շրջապատված է եղել շնորհալի երաժիշտներով։ Մորըՙ Վարդուշին համարում է իր առաջին ուսուցիչը։ Գեղեցիկ ձայն ուներ, շատ օրորներ գիտեր, որ երգում էր փոքրիկ Ալբերտի համար։ Երգում էր նաեւ եկեղեցու երգչախմբում, հռչակավոր Արաքսյա Գյուլզադյանի կողքին։ Նրա քեռիներն էին ճանաչված երաժիշտներՙ թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլարնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը։ 15 տարի անընդմեջ երգեց Սեւյանի անվան կուլտուրայի պալատի երգի-պարի անսամբլում, որի ղեկավարն էր Աղասի Շաբոյանը։ Այդ ընթացքում ավարտել էր Ա. Տիգրանյանի անվան երաժշտական ուսումնարանը։

Պատանուն ձգում էր նաեւ դրամատիկ բեմը։ Եվ նա հաջողությամբ ընդունվում եւ ավարտում է Ա. Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիան (ղեկավարՙ Գրիգոր Մկրտչյան)։ 4 տարի աշխատեց հանրապետության լավագույն թատրոններից մեկում, բեմ դուրս եկավ հայ բեմի տաղանդավոր դերասանների հետ։ Մասնակցեց «Իմ ընկեր Կոլկա», «Մխիթար Սպարապետ» ներկայացումներին։ Իսկ «Քաջ Նազարում» ու «Հեղնար աղբյուրում» նաեւ երգեց, երգեց իր գեղեցիկ, անկրկնելի ձայնով։

60-ականների երկրորդ կեսին հեռուստատեսությունը թափ էր առնում, դրա հետ եւ հայկական հեռուստակինոն։ Հեռուստաֆիլմերի շարքում լավագույններից էր «Շիրակի մեղեդիները» (ռեժիսորՙ Վիլեն Զաքարյան)։ Նկարահանումները տեղի էին ունենում Լենինականում, ֆիլմին մասնակցում էին Սեւյանի անվան մշակույթի տան երգի-պարի անսամբլի երգիչներն ու պարողները։ Առաջին ցուցադրումից հետո կինոնկարը մեծ ճանաչում ստացավ, այն ժողովուրդն ընդունեց եւ սիրեց։ Մեծ հաջողություն ունեցավ եւ Ալբերտ Սարգսյանը։ Նրա կատարումները եւ հատկապես Շերամի «Պարտեզում վարդ էր բացվածը» լայն ժողովրդականություն բերեցին երգչին։ Ալբերտ Սարգսյանը խաղում էր քավորի դերը, եւ ժողովուրդը նշում էր ոչ թե Շերամի երգի վերնագիրը, այլ պարզապես ասում էրՙ քավորի երգը։ Ո՞րն էր երիտասարդ երգչի հաջողության գրավականը։ Բարձր պրոֆեսիոնալիզմը, երաժշտականությունը, ձայնի յուրահատուկ տեմբրը, հեղինակին հարազատ մնալը եւ, անշուշտ, հոգին, որովհետեւ հոգով է երգում երգիչը, սրտով է երգում երգիչը։ «Շիրակի մեղեդիներից» հետո նոր էջ բացվեց երգչի կյանքում։ Նա դարձավ երգի-պարի վաստակավոր անսամբլի մեներգիչը։ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, որին երգիչը համարում է իր ուսուցիչը, հղկվեց նրա վարպետությունը, կատարելագործվեց, դարձավ հայ երգի լավագույն կատարողներից մեկը։ Անսամբլի հետ հանդես եկավ մեր հանրապետության բոլոր քաղաքներում, մեծ ու փոքր գյուղերում, միության բոլոր հանրապետություններում, Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արեւելքի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ Անսամբլում նա արժանացավ հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը։ Այստեղ նա գտավ իր անձնական երջանկությունը։ Ընտանիք ստեղծեց անսամբլի մեներգչուհի Ֆլորա Թոփչյանի հետ, որը 37 տարի աշխատեց անսամբլում (ի դեպ, Ֆլորայի մայրն օպերային հայտնի երգչուհի Անատոլիա Ղարիբյանն է)։

Ալբերտ Սարգսյանը շարունակում է երգել, ստեղծագործել։

¬ Այսօր աշխատում ենք դժվար պայմաններում։ Հյուրախաղերի համարյա չենք գնում, հիմնականում ելույթներ ենք ունենում Երեւանում։ Անսամբլի այսօրվա ղեկավար Հենրի Մանգասարյանը, որը նոր համարներ է պատրաստում, խնամքով պահպանում է իր նախորդների ստեղծածը, ալթունյանական ավանդույթները։

Ցավոք, այսօր շատ է եւ միջակությունը, կա երգիչների մի շերտ, որն աղավաղում է ժողովրդական երգը, քիչ չեն նաեւ «աստղերը», որոնք մեկ-երկու երգ կատարելուց հետո իրենց մեծ վարպետներ են համարում։ Մի անգամ եւս կատակեցի. գիշերը հանգիստ կարելի է քայլել քաղաքում, որովհետեւ լույս է, այսօր աստղերը շատ-շատ են։

Լավ երիտասարդներ էլ ունենք, որոնք հարազատ են մնում հայկական երգի ավանդույթներին, երգում են մաքուր, սովորում մեզանից. չէ՞ որ իմ սերունդը շատ գուսանների է տեսել, շփվել նրանց հետ, շատ բան սովորել նրանցից։

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4