«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ԲԱՔՎՈՒՄ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ԳՐՔԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՅՈՒԹԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ, ԱՅԼԵՎ ՀԱՎԱՔԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ԽՆԱՄՔՈՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Արմենպրես գործակալությունը հունիսի 13-ի հաղորդագրությամբ տեղեկացրել էր Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի Բաքու կատարած մասնավոր այցի մասին։ Գործակալությունը հաղորդագրության համար հիմք էր ընդունել ադրբեջանական «525-րդ» թերթի տվյալները։

Հարկ է սակայն նշել, որ հունիսի 13-ին Լիպարիտյանի այցին անդրադարձել է նաեւ «Զերկալո» թերթը, որը նույնպես ադրբեջանական է։ Այս թերթում այցի նպատակը «իր առաջիկա գրքի համար հայ-ադրբեջանական հակամարտության մասին նյութեր հավաքելու» Լիպարիտյանի մտադրություններով է բացատրվում։ Ի դեպ, երեք տարի առաջ այդ նույն «նպատակով» Լիպարիտյանը եղել էր Բաքվում։ Նրա առաջին գիրքը հրատարակվեց, սակայն դրա մեջ ոչ աղբյուր է նշված, ոչ էլ որեւէ ծանոթագրություն։

Եթե Լիպարիտյանի առաջիկա գիրքը նույնպես հրատարակվի առանց աղբյուրի ու ծանոթագրության, ուրեմն, պետք է ենթադրել, որ նա Բաքվում «հայ-ադրբեջանական հակամարտության» վերաբերյալ հավաքած նյութերը խնամքով պահեստավորում է։ Հարցը, սակայն, նյութերը չեն, ոչ էլ դրանց պահեստավորումը, այլ Լիպարիտյանի այցի անակնկալ բնույթն ու Ադրբեջանի ղեկավարության հետ նրա հանդիպումների բովանդակությունը։ Քանի որ գրքի համար նյութեր գրադարանում են հավաքում, ուստի Լիպարիտյանի մասին խոսելիս ուշադրությունը հարկ է բեւեռել ոչ թե նրա այցին, այլ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներին։

Նախորդ այցի ընթացքում Լիպարիտյանին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։ Մինչդեռ Լիպարիտյանը մասնավոր անձ է։ Եթե այդպիսի անձնավորություն մասնավոր այցով հայտնվում է որեւէ երկրում եւ նրան անձամբ ընդունում է երկրի նախագահը, ապա ընդունելությունն ավելի լուրջ պատճառներ է ունենում, քան նյութեր հավաքելը։ Ընդունելով Լիպարիտյանին, Ալիեւը նյութեր տրամադրե՞լ է, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց որ նման ընդունելություններում, իբրեւ կանոն, ընդունողին գրավոր կամ բանավոր ուղերձ են փոխանցում, ակնհայտ է։

Սա վերաբերում է Լիպարիտյանի Բաքու կատարած առաջին այցին։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա Լիպարիտյանը, «Զերկալո» թերթի վկայությամբ, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի առաջատար հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաեւ ադրբեջանցի փորձագետների եւ դիվանագետների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, սակայն ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակները։ Քննարկումները, ըստ թերթի, ինչպես ընդհանուր, այնպես էլ տեսական բնույթ են կրել։

Քննարկումներում, ինչպես այդ մասին գրում է «Զերկալոն», արծարծվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք ենՙ «Որքանո՞վ է հնարավոր խաղաղ բանակցությունների վերականգնումը» եւ «Դա համապատասխանո՞ւմ է կողմերի շահերին»։ Ադրբեջանական թերթը հարցերն անպատասխան է թողնում։ Սակայն թերթը, հենվելով հանդիպման մասնակիցներից մեկի վրա, որը չի ցանկացել հայտնել անունը, ենթադրում է, որ հայկական իշխանությունները «մեծապես շահագրգռված են» հակամարտության շուտափույթ կարգավորմամբ եւ ենթադրությունը պայմանավորում են Լիպարիտյանի անսպասելի այցով։ Միաժամանակ ենթադրվում է, որ Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր բանակցային գործընթացի ակտիվացման ուղիներ են որոնում։

Ի՞նչ հիմքեր ունեն «Զերկալոյի» ենթադրությունները։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Լիպարիտյանի համար հայկական իշխանությունները տերպետրոսյանական իշխանություններն են։ Քանի որ նա Լեւոն Տեր¬Պետրոսյանի կարոտախտով է տառապում եւ ամեն առիթի դեպքում փորձում է տեղի-անտեղի վարկաբեկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, ուստի վերջիններիս «շահագրգռվածության» վերագրումը, առավել եւս դրա Լիպարիտյանի անունով պայմանավորումն ինքնին շահագրգռություն է շահադիտական դրսեւորումներով։

Թեեւ Ադրբեջանի շահադիտական շահագրգռությունները հիմք չեն տալիս պատասխանելուՙ որքանո՞վ է հնարավոր խաղաղ բանակցությունների կարգավորումը եւ դա համապատասխանո՞ւմ է կողմերի շահերին, բայց եւ այնպես, միանգամայն ակնհայտ են դարձնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման Լիպարիտյանի տեսակետների համապատասխանությունը Ադրբեջանի տեսակետներին։ Ահա թե ինչու ադրբեջանական թերթերը, քաջատեղյակ լինելով Տեր¬Պետրոսյանի նկատմամբ Լիպարիտյանի կարոտախտին, հակամարտության շուտափույթ կարգավորման հայկական իշխանությունների շահագրգռությունը հենց նրա անունով են պայմանավորում, որպեսզի կարգավորումը ե՛ւ լիպարիտյանական տեսակետներով պայմանավորեն, ե՛ւ թե այդ տեսակետները ինքնաբերաբար վերագրվեն Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին։

Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու յուրատեսակ փորձ է։ Հատկանշական է, որ Բաքու կատարած այցով Լիպարիտյանն ինքնակամ ճնշման միջոց է դառնում։ Իսկ Ադրբեջանը հայկական իշխանություններին կամայականորեն վերագրվող շահագրգռություններով փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը։ Ուրեմն, Լիպարիտյանը Ադրբեջանի համար միջազգային հանրությանը ապակողմնորոշելու միջոց է նաեւ։ Ի վերջո չմոռանանք, որ նա ամերիկահպատակ է, ԱՄՆ-ի շահերին ծառայելու քաղաքացիության երդում ունի տված։ Երդման պարագան կարեւոր է, ցույց է տալիս, թե նրա այցըՙ անկախ հանդիպումների բնույթից, ում շահերին պետք է ծառայի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4