«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ԱԼԻԵՎԸ «ԲԱՑԱՀԱՅՏԵԼ» Է «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

ԲԱՔՈՒ, 14 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահը բացահայտել է ղարաբաղյան խնդրի կարգավորման «փարիզյան սկզբունքները», որոնք նա անցյալ տարվա մարտին Ֆրանսիայի մայրաքաղաքում քննարկել է Շիրակ-Ալիեւ-Քոչարյան կազմով։ Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ի հաղորդման, այսօր Բաքվում, ընդունելով Ֆրանսիայից ԵԱՀԿ¬ի նոր համանախագահ Պեռնեին, Ալիեւը հայտարարել է, որ այդ սկզբունքների ասպեկտներից մեկն էլ «Ադրբեջանը Հայաստանի Մեղրիի շրջանի տարածքով Նախիջեւանին կապող եւ Հայաստանը Ադրբեջանի Լաչինի շրջանով Լեռնային Ղարաբաղին կապող փոխադրամիջանցքների բացումն էր»։ Ընդ որում, ինչպես ընդգծել է Հեյդար Ալիեւը, կողմերը քննարկել են Մեղրիի միջանցքի նկատմամբ Ադրբեջանին եւ Լաչինի միջանցքի նկատմամբ Հայաստանին սուվերեն իրավունքներ տալու հարցը։ Նա ընդգծել է, որ Փարիզի բանակցություններում հատուկ ուշադրության առարկա է եղել այն, որ երկու միջանցքներն էլ պետք է ունենան միեւնույն կարգավիճակը։ Սակայն, ըստ Ադրբեջանի նախագահի, «հայկական կողմը հետագայում խախտեց այդ պայմանավորվածությունը, ինչը բանակցությունների ձախողման հանգեցրեց 2001 թվականի ապրիլին ամերիկյան Քի Վեսթ քաղաքում»։ Նախագահ Ալիեւը հատկապես ընդգծել է, որ այսօր ստիպված էր բացահայտել «փարիզյան սկզբունքների» բովանդակությունն այն առնչությամբ, որ «հայկական կողմը, այդ թվում եւ պաշտոնական մակարդակով, խեղաթյուրում է դրանք եւ փորձում շահարկումներ անել այդ հարցում»։ «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները փարիզյան սկզբունքներով, եթե Ֆրանսիայում ձեռք բերված համաձայնությունները վերականգնվեն»,- հայտարարել է Ալիեւը։ Միեւնույն ժամանակ նա ափսոսանքով նշել է, որ «Հայաստանը նահանջում է իր ասածից եւ չի ցանկանում Ադրբեջանին սուվերեն միջանցք տրամադրել Մեղրիի շրջանի տարածքով, միեւնույն ժամանակ Ադրբեջանից այդպիսի միջանցք պահանջելովՙ Լաչինի շրջանի տարածքով»։ «Մենք չենք կարող դրան համաձայնել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4