Երեվան, 14, հունիս, Դե ֆակտո։ Հայ-ռուսական տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հունիսի 20-ին կժամանի Հայաստանՙ հայկական մի շարք ձեռնարկություններ պարտքի դիմաց ռուսական կողմին փոխանցելու եւ այսպիսով Հայաստանի ունեցած պարտքը Ռուսաստանին մասնակիորեն փակելու բանակցային գործընթացն ավարտելու նպատակով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մեքենաշինության վարչության պետ Ալեքսանդր Նազարյանը։
Ինչպես հայտնել ենք նախօրոք, Հայաստանի պարտքը Ռուսաստանին կազմում է 98 մլն դոլար։ Ենթադրվում է Ռուսաստանին փոխանցել այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» էլեկտրոնային գործարանը, կառավարման ավտոմատ համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը, մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ը, նյութաբանության ԳՀԻ-ը։ Սակայն այդ ձեռնարկությունների ճշգրիտ ցուցակը մինչեւ օրս հրապարակված չէ։