«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ազգի» նախորդ համարում, հունիսի 11¬12-ը Թեհրանում տեղի է ունեցել «Իրան. տարանցման հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը։ Խորհրդաժողովում քննարկվել են «Հյուսիս-հարավ» տարանցիկ փոխադրումների միջանցքի գործունեության եւ դրան տարածաշրջանի տարբեր երկրների մասնակցության հարցերը։ Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարությունից եւս լրատվություն ստացանք նշված միջոցառման մանրամասների մասին։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը ելույթում կարեւորել է երկու երկրների համագործակցությունը տրանսպորտի բնագավառում։ Նա նշել է, որ բեռնափոխադրումները Վրաստանի, Հայաստանի ու Իրանի տարածքով Սեւ ծովից Պարսից ծոց եւ հակառակ ուղղությամբ աճել են 2000 թ. 156 հազար տոննայի համեմատՙ 2001 թ.-ին կազմելով 231 հազար տոննա։ Առաջարկվել է Վրաստանի եւ Հայաստանի տարածքով Իրան փոխադրվող եւ Իրանից առաքվող բեռնարկղների համար սահմանել սակագնային զեղչեր, ինչը կնպաստի բեռնափոխադրումների աճին։ Հայկական կողմից առաջարկվել է նաեւ ավտոտրանսպորտային համագործակցության շրջանակներում պարզեցնել վիզաների տրամադրման կարգը, քանզի հայկական մեքենաները Իրանի տարածքում չեն կարող առաջանալ ավելի քան 60 կմ։ Մինչդեռ իրանական մեքենաներն, անցնելով Հայաստանի ամբողջ տարածքով, դուրս են գալիս Վրաստան։

Հայաստանի ներկայացուցիչն Իրանի ճանապարհների եւ փոխադրումների նախարարի հետ քննարկել է նաեւ Մեղրի-Քաջարան թունելի շինարարության դանդաղ ընթացքը, որի արագացմանը նպաստելու համար իրանական կողմը խոստացել է նշանակել ծրագրի համակարգող։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4