«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ԱԿՈՒՄԲ, ՈՐ ԿԱՅԱՑԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Մարկոս Հակոբյանն իրավաբան է։ Երբեւէ չի եղել որեւէ կուսակցության անդամ եւ դրա պատճառը, նրա խոսքերով, այն է, որ չի հավատացել դաշտում առկա ոչ մի կուսակցության։ Ռամկավար դառնալու որոշումն էլ հեշտությամբ չի կայացրել։ Նրա խոսքերով, երկար ժամանակ հետեւել է ավանդական կուսակցության այժմ վարած քաղաքականությանը։

«Ռամկավարներն աթոռամոլ չեն, կոնկրետ գործով են զբաղվում, պաշտոնի կռիվ չեն անում։ Կարծում եմ, որ ես էլ այս կուսակցության շարքերում շատ անելիքներ ունեմՙ ի բարօրություն մեր ժողովրդի»։

Մարկոս Հակոբյանը 9 մեծամորցիների հետ երեկ անցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերըՙ կանգնելով նրանց կողքին, ովքեր ուխտել են ավանդական կուսակցության մեջ համախմբվելով ծառայել ազգին եւ հայրենիքին։

Նորագիրների կնքահայրն էր ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը։

«Մեր կուսակցության համար գերխնդիր է երկրի տնտեսական առաջընթացը,¬ նշեց նա կուսակցական ընկերների հետ ունեցած զրույցում,¬ նախ եւ առաջ ՀՌԱԿ-ն այս խնդիրն է որպես կարեւորագույն դիտարկում»։

«Հայաստան-սփյուռք համաժողովին մեր կուսակցական ընկերներն ինչպիսի՞ մասնակցություն ունեցան», ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամին հարց ուղղեց «Մեծամոր» ակումբի ատենապետ Արտեմ Եղիշյանը։

Մեխակ Գեւորգյանի խոսքերով, ռամկավար ղեկավարներն ամենագործուն մասնակցությունն են ունեցել խորհրդաժողովին։ Շատ տնտեսական գաղափարներ գործնական հողի վրա են դրվել, եւ որպես դրանց շարունակություն առաջիկայում սպասվում է սփյուռքահայ ռամկավարների այցը Հայաստան։

Կուսակցական այլ խնդիրներ եւս քննարկվեցին։ Մեխակ Գեւորգյանը նորագիրներին առաջարկեց ակտիվ լինել։ ՀՌԱԿ-ը կարեւորում է իր յուրաքանչյուր անդամին, եւ որոշումների ընդունմանն ու կուսակցական քայլերին մասնակցում է յուրաքանչյուր ռամկավար։

Նույն օրը երդմնառության արարողությունն արդեն անցածները ստացան կուսակցական անդամատոմսեր։

«Մեծամոր» ակումբն անցյալ տարվա նոյեմբերին է ստեղծվել եւ արդեն կայացել էՙ իր մեջ համախմբելով քաղաքի մտավորականներին, արդեն 30-ից ավելի անդամներ ունի, քաղաքում գործում է նաեւ ակումբի գրասենյակը։

Կուսակցականներն ակտիվորեն մասնակցում են հասարակական, քաղաքական գործընթացներին, զանազան միջոցառումներ կազմակերպում։ Որպես ակումբի առաջիկա անելիքներ ատենապետ Արտեմ Եղիշյանը նշեց կլոր սեղանըՙ սահմանադրության օրվա առիթով, որին կմասնակցեն պաշտոնյաներ, իրավական ոլորտի մասնագետներ։

Արտեմ Եղիշյանի խոսքերով, «Մեծամոր» ակումբը մի քանի ամսից կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կունենա կուսակցական թեկնածու կամ էլ կպաշտպանի արժանավորին։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4