«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ»

ՄԱԱ-ում ընդգծեց Շավարշ Քոչարյանը

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ին լրագրողները հանդիպեցին ԱԺ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանի հետ։ Հրատապ թեման խորհրդարանական վերջին զարգացումներն էին։ «Դեպքերի եւ դեմքերի հետեւից չընկնելու, այլ ընդհանուրը տեսնելու» կոչ անելովՙ Քոչարյանը նշեց, որ «ԱԺ-ում տեղի ունեցածը տրամաբանական շարունակությունն է այն քաղաքական համակարգի, որը ձեւավորվել եւ գործում է Հայաստանում արդեն 10 տարի, եւ որի պատանդն ենք բոլորս անխտիր»։ Ամենաէականը, ըստ Քոչարյանի, սահմանադրությունն է. «համակարգային բարեփոխումների ողջ գործընթացը տապալվել է, չնայած մենք դարձել ենք Եվրախորհրդի անդամ, այնուամենայնիվ շարունակվում է ժողովրդավարության իմիտացիանՙ դա վերաբերում է ե՛ւ սահմանադրությանը, ե՛ւ ընտրական օրենսգրքին, ե՛ւ «ԶԼ մասին» օրենքի նախագծին»։ Ըստ ՄԱԱ-ի հյուրի, «կա մի բաղձալի պաշտոնՙ նախագահի պաշտոնը. վերջ ի վերջոՙ ընտրությունների գինը շատ բարձր էՙ մեկը շահում է ամեն ինչ, մյուսըՙ համապատասխանաբար կորցնում է ամեն ինչՙ սա է նախագահական կամ կիսանախագահական համակարգի տրամաբանությունը»։ Ըստ այդմՙ «պատահական չէ, որ ողջ պոտենցիալն ուղղվում է նախագահի աթոռին հասնելուն»։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի վերջին աղմկահարույց դեպքերին, ապա, ըստ Քոչարյանի, «ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է եւ չի կարողանում լուրջ հաջողությունների հասնել, ուստի ամբիոնը 3 օր պահելը լուրջ հաջողությունն էր ընդդիմության համար»։ Միաժամանակՙ ԱԺԿ նախագահն ասաց, որ իշխանափոխությունը Հայաստանում անհրաժեշտություն է, բայց պետք է իրականանա միայն սահմանադրական, ազատ, արդար ընտրությունների ճանապարհով։ Սա բնավ չի նշանակում, թե ՄԱԱ-ի երեկվա հյուրը նախագահի պաշտոնանակության ձգտումը համարում է ոչ սահմանադրական, սակայն, «անընդհատ իմփիչմենթ ասելովՙ իմփիչմենթը չի գալիս»։

Ո՞վ կարող է լինել այլընտրանք Ռոբերտ Քոչարյանին եւ արդյոք ԱԺԿ-ի նախագահն իրեն համարո՞ւմ է նման այլընտրանք. ի պատասխան մեր այս հարցիՙ ՄԱԱ-ի հյուրը նշեց, որ 13 կուսակցությունների մեջ միակը ԱԺԿ-ն է, որը չի հայտարարել նախագահիՙ իր թեկնածուի առաջադրման մասին։ Միասնական թեկնածուն պետք է լինի ազդեցիկ կուսակցության ներկայացուցիչ եւ ազդեցիկ քաղաքական դեմք։ Ըստ Քոչարյանիՙ ցանկալի կլիներ միասնական թեկնածուի կարգավիճակում տեսնել Ստեփան Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին, եթե վերջիններս հանգեին խորհրդարանական կառավարման գաղափարին։ ՄԱԱ-ի հյուրն ընդգծեց, որ «դեռեւս մեկ տարի առաջ ընդդիմությունը պետք է միավորված լիներ։ Մենք միշտ ձգտել ենք, որ քաղաքական դաշտում միավորումներ կայանան «հանուն» գաղափարի շուրջ։ Երբ հայտնի դարձավ, որ «ընդդեմ» գաղափարով անհնար է պահել հանրահավաքները, ստիպված ընդդիմությունը սկսեց մտածել միասնական ծրագրերի եւ թեկնածուի մասին»։ ԱԺԿ նախագահի դիտարկումների համաձայնՙ միասնական թեկնածու չգտնելու հիմնական պատճառը «ամբիցիաներն են, բայց անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի մի կողմ դնելու ամբիացիաներըՙ հանդես գա մեկ միասնական թեկնածուով. ժողովուրդն ուզում է տեսնել այլընտրանք, եթե պատրաստվում ենք նախագահին փոխել ընտրություններով, պետք է ունենանք ժողովրդի մեծ աջակցությունը»։

Միաժամանակՙ «Հայաստանում ծրագրերի պայքարը բացակայում է, մինչդեռ միասնական ծրագրերի հիման վրա էլ պետք է ընտրվի միասնական թեկնածուն»։ ԱԺԿ վարչության նախագահի համոզմամբՙ «ցանկացած անձ ձգտում է ունենալ մեծ լիազորություններ, փոքր պատասխանատվություն. մենք անընդհատ ենթարկվում ենք այս համակարգի տրամաբանությանը»։ ԱԺԿ-ն միասնական թեկնածուի «հայտնաբերման» համար առաջարկում է մեխանիզմներ, դրանք համարելով «բավականին պրագմատիկ, որը թույլ է տալիս ամբիացիաները հաղթահարել»։ Այդ մեխանիզմների հիմքում ընկած է անցումը նախագահական կառավարումից խորհրդարանականին։ Դա չի նշանակում, որ 2003 թ. ընտրված ՀՀ նախագահը իր իրավասությունները մեկեն զիջում է ԱԺ-ին. դրանք պահպանվում են մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները։

Հնարավո՞ր է կամ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. ի պատասխան այս հարցի Քոչարյանը ընդգծեց, որ երկու կուսակցություններիՙ ՀՅԴ-ին եւ «Օրինաց երկրին» ձեռնտու են արտահերթ, ըստ այդմՙ նախագահականից առաջ կայացող խորհրդարանական ընտրությունները, քանի որ այդ կուսակցությունները որքան երկար են մնում իշխանության դաշտում, այնքան ավելի են նույնացվում իշխանության հետ։ Եվ երբ սկսվում է քաղաքական դաշտի բեւեռացումը, այդ կուսակցությունները միանգամից հայտնվում են իշխանության դաշտում։ Ըստ ՄԱԱ-ի հյուրիՙ ՀՀ գործող նախագահին ձեռնտու չեն ԱԺ արտահերթ ընտրությունները, քանի որ այդ ընթացքում քաղաքական դաշտը պառակտվում է, իսկ ընտրարաշավը ընթանալու է հականախագահական կոչերով։ Հանգամանք, որ հստակ հաշվարկել է Ռ. Քոչարյանը։

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4