«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ Ի ՄԻ

Վաղը սկսվելու է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը

Գրեթե մեկ դար է, ինչ մենք սփյուռք ունենք հայահոծ համայնքներով, հասարակական, մշակութային հաստատուն կառույցներով, հեռուստատեսային եւ ռադիո-ալիքներով, մեր նկարիչներով, երաժիշտներով, գրողներով, որոնք աշխարհին ապացուցել ու ապացուցում են, որ հայը պատմության վազքի մեջ դեռ չի հոգնել։ Տարիներ, տասնամյակներ շարունակ մայր հայրենիք ենք հրավիրել մեր մեծերին։ Հրավիրել ենք հատիկ-հատիկ։ Եվ հիմա, առաջին անգամ, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, Հայաստանի գրողների միությունը եւ ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում են գրողների առաջին համահայկական խորհրդաժողով, որի նպատակն է հայեցի ոգեղեն այս ուժերի համախմբումըՙ ի նպաստ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, աշխարհի 100-ից ավելի երկրներում գործող սփյուռքահայ գաղթօջախների ամրապնդման եւ առաջին հերթինՙ հայ գրականության։

Խորհրդաժողովի նախօրեին զրուցեցինք ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հետ, որն այս անչափ կարեւոր հավաքի նախանձախնդիրն է։

¬ Միշտ էլ ցանկացել ենք գոնե մեկ անգամ աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող բոլոր գրողներով հավաքվել,- ասաց նա։ ¬ Ի վերջո մեր վաղեմի երազանքն իրականանում է։ Հրավերներ ենք ուղարկել բոլոր հայ գրողներին եւ նրանցից շատերից արդեն ստացել ենք խորհրդաժողովին մասնակցելու խոստումն ու հավաստումը։ Առավել հավաստի է, որ Երեւան կգան Զահրատը, Ռոպեր Հատտեճյանըՙ Թուրքիայից, Թորոս Թորանյանըՙ Սիրիայից, Պողոս Սնապյանը, Արամ Սեփեթճյանը եւ Ազատ Մաթյանըՙ Լիբանանից, Խաչիկ Խաչերյանըՙ Սիրիայից, Լեւոն Զեքիյանըՙ Իտալիայից, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Օշին Քեշիշյանն ու Հրանտ Մարգարյանըՙ ԱՄՆ-ից, Ռուսաստանիցՙ Սեդա Վերմիշեւան, Վրաստանիցՙ Բենիկ Սեյրանյանն ու Ժորա Սնխչյանը, Անուշ Նագգաշյանըՙ Երուսաղեմից...

Երկու օր «Զվարթնոց» օդանավակայանում այս խորհրդաժողովի պատասխանատուները դիմավորում են ժամանող գրողներին։ Իսկ մեկ տասնյակից ավելի հայ գրողներ ընդհանրապես չեն հեռացել «Հայաստան-սփյուռք» համահայկական խորհրդաժողովից հետո, որպեսզի մասնակցեն այս կարեւոր հավաքին։

Հագեցած է լինելու այս խորհրդաժողովի ծրագիրը։ Հունիսի 16-ից մինչեւ 21-ը հիմնական միջոցառումներն են նախատեսված։

Կիրակի, հունիսի 16-ի առավոտյան գրչի հայ ասպետներին ընդունելու եւ իր հայրապետական օրհնությունն է հաղորդելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Երեկոյան Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունենալու խորհրդաժողովի բացումը, որի ժամանակ հյուրերին ողջունելու է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը։

Հունիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում, ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ողջույնից հետո սկսվելու է պլենար նիստը։ «Հայ գրական-գեղարվեստական միտքը դարերի սահմանագծում» զեկուցումով հանդես կգա բանասիրության դոկտոր, ԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը։ իսկ Բեյրութից ժամանած գրականագետ Սարգիս Կիրակոսյանը խոսելու է «21-րդ դար, գրական մարտահրավերներ» թեմայով։ Երեկոյան խորհրդաժողովի մասնակիցները հյուրընկալվելու են ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի մոտ։ Նույն օրը, ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կայանալիք երեկոն նվիրված է «Գրական թերթի» հիմնադրման 70-ամյակին։ Ճիշտ է, դեռեւս տարեսկզբինՙ փետրվարին է լրացել թերթի 70 տարին, բայց խմբագրակազմի եւ ՀԳՄ վարչության որոշմամբ այս կարեւոր հոբելյանը նշվում է հայ գրողների համար նշանակալի այս օրերին։

Երեքշաբթիՙ հունիսի 18-ին ՀԳՄ մեծ դահլիճում շարունակվելու է պլենար նիստը, որի ժամանակ բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանը ելույթ է ունենալու եւ խոսելու է սփյուռքահայ գրականության արդի հիմնախնդիրների մասին, իսկ Լեւոն Զեքիյանըՙ «Հայ գրականությունը որպես ազգային ինքնության պահպանման գրավական» թեմայով։ Պլենար նիստից հետո խորհրդաժողովի մասնակիցները մեկնելու են Ծաղկաձոր, ուր հաջորդ օրը մեր գրչի վարպետներին հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Սեւանում հանգստանալուց հետո գրողները կվերադառնան Երեւան։

Հունիսի 20-ին ծրագրված է այցելություն Ցեղասպանության թանգարան եւ Եղեռնի զոհերի հուշարձան, ուր անչափ հանդիսավոր պայմաններում հանձնվելու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակներՙ հայ գրականությունը օտար լեզուներով եւ օտարալեզու գրականությունը հայերենով ներկայացնելու անվանակարգերով։

Ուրբաթըՙ հունիսի 21-ը խորհրդաժողովի ավարտի օրն է։ Գառնիում եւ Գեղարդում լինելուց հետո երեկոյան «Շիրակ» հյուրանոցում գրողները կմասնակցեն հրաժեշտի երեկույթին։

«Այս խորհրդաժողովին մեծ կարեւորություն ենք տալիս,- մեր զրույցի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը,- ոչ միայն այն իմաստով, որ առաջին անգամ ենք հավաքվում։ Վերջին ժամանակներս որոշակի կարծիքներ են առաջ քաշվում «համահայկական լեզվի» ստեղծման իմաստով, հաշվի չառնելով, որ այս դեպքում մեր լեզվի երկու ճյուղերն էլՙ արեւելահայերենը եւ արեմտահայերենը, շատ բանով կաղքատանան։ Խոսելու, ասելու շատ բան։ Եվ սա համարենք մեծ ու կարեւոր օրենսդրության առաջին անկյունաքարը»։

Եվ այսպես, աշխարհի հազար ու մի երկրում ապրող հայ գրողները Երեւանում են։ Աստված տա, որ մեր սպասելիքները իրականանան։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4