Թեեւ Ատոմ Եղոյանի «Արարատը», հեղինակի ցանկությամբ, ցուցադրվեց Կաննի 55-րդ միջազգային փառատոնի արտամրցութային ծրագրում, ֆիլմի շուրջը բորբոքված «քաղաքական փոթորիկը» այդ պրեմիերան դարձրեց փառատոնի աղմկալի իրադարձություններից մեկը։ Մինչ Թուրքիայից ֆիլմը բոյկոտելու կոչեր են հնչում, ըստ որոշ լուրերի էլ, հենց «Արարատն» է բացելու Ստամբուլի կինոփառատոնը։ Ինչեւէ, Ատոմ Եղոյանը, ֆիլմի դերակատարներ Շառլ Ազնավուրն ու Արսինե Խանջյանը հարցազրույցներում ջանում են տեղ հասցնել «Արարատի» ասելիքը, իսկ թե ինչպես է ֆիլմն ընկալվում, կարելի է պատկերացում կազմել «The Globe and Mail» թերթում կանադացի լրագրող Ռեյ Քոնլոգի տպագրած հոդվածից, որը ներկայացվում է մասնակի կրճատումներով։
Հաղթահարելով ցավը
Ատոմ Եղոյան. «Ես քանիցս մասնակցել եմ Կաննի մրցույթին, եղել եմ ժյուրիի անդամ։ Քաջատեղյակ եմ տարատեսակ ճնշումներին, զանազան ասեկոսեներին ու լուրերին եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում անցնել այդ ամենի միջով։ Նկատի ունենալով այն լուծումները, որ տրված են ֆիլմում, իմ մասնակցությունը մրցույթին ճիշտ չէր թվում։
«Արարատը» պատմական ֆիլմ չէ։ Շատերն են այդպես ընկալում, բայց այդ ընկալումը որեւէ հիմք չունի։ Իմ ֆիլմը խիստ կանադական է, ես պետք է շեշտեմ սա։ «Արարատը» նկարահանվել է ներկայիս Թորոնթոյում եւ պատմության ուրվականների հետ ապրելու մասին է։ Այդ տեսակետից, ֆիլմը, ըստ իս, աշխարհ է եկել ժամանակինՙ այս հարցադրումները դնելու իմաստով. որքանո՞վ է հասարակությունն ի վիճակի հանդուրժելու ուրիշների պատմությունը եւ պե՞տք է արդյոք հանդուրժի։ Ո՞ր դեպքում ես ինչ-որ բան ընդունում որպես հենց այդպես տրված։ Ո՞ր դեպքում ես հանգիստ թողնում։
Այն դեպքերը, որ նկարագրվում են ֆիլմում, լիովին հաստատված են եւ հիշողության մեջ դրոշմված։ Ֆիլմը չի փորձում դրան ոչինչ ավելացնել։ Խնդիրն այն է, թե իրադարձությունն ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում, ինչպես են նման բաները գոյատեւում եւ վերածվում զրույցների զավակներիդ հետ, ամրապնդված ժառանգության։ Որպես հասարակությունՙ մենք հենվում ենք համընդհանուր հիշողության վրա, եւ պատմությունները, որ ծնողներից անցնում են երեխաներին, իսկ նրանցից էլՙ իրենց երեխաներին, շատ կարեւոր են այն իմաստով, թե ինչ պիտի դառնանք։ Ես կենտրոնացել եմ մի պատմության վրա, քանի որ այդ պատմությունն է ինձ հոգեհարազատ, բայց ձգտել եմ ֆիլմը դարձնել հնարավորին չափ համապարփակ։
Հենց ի սկզբանե ես նպատակ ունեի այնպիսի կինոպատմություն անել, որը կներկայացներ իմ ինքնության մի մասը 18 տարեկանում։ Ես կարիք ունեի ինչ-որ ձեւով արտահայտելու այն ամենը, ինչին բախվել էի կյանքիս այդ շրջանում, այնպիսի պատմելաձեւ գտնելու, որ իմ ապրածը անհրաժեշտ ու օգտակար լիներ ուրիշներին։ Ստեղծագործելը ցավը հաղթահարելու միջոց է։
Իմ կարծիքով, ֆիլմն ամենեւին չի ջանում այսօրվա Թուրքիան ներկայացնել դիվային լույսով։ Փաստորենՙ ընդհակառակը։ Ես փորձում եմ հանդիսատեսին խորհել տալ, թե ինչ է նշանակում դատապարտել այսօր ապրողներին այն արարքների համար, որ հանուն բարու կամ չարի գործել են նրանք, ովքեր այլեւս չկան»։
Շառլ Ազնավուր. «Ես միշտ ասել եմ, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ եւ հարյուր տոկոսովՙ հայ։ «Արարատում» կատարվում է այն, որ ես հարյուր տոկոսով դերասան եմ եւ հարյուր տոկոսովՙ առնչակից այն ամենին, ինչ նկարագրված է ֆիլմում։ «Արարատը» հնարավորություն տվեց այս անգամ ստեղծելու այնպիսի բան, որը կշրջի ամբողջ աշխարհում»։
Արսինե Խանջյան. «Հենց սկզբից խոսքն ամենից շատ սերունդների պատմության, կապի, պատասխանատվության մասին էրՙ ոչ միայն իրենց, այլեւ բոլորի, հասարակության առաջ։ Այնպես որ հայոց պատմությանն ուղղված այս հայացքը թերեւս խթան է եւ նախադրյալՙ շատ ավելի հեռուն գնալու համար»։
Սիրտ անելով կինոդատավճիռ կարդալ
Ատոմ Եղոյանն ասում է, թե չի ուզում, որ իր ֆիլմը քաղաքականացվի։ Բայց նա ասում է նաեւ, թե հավատացած է, որ հայոց ցեղասպանություն եղել է։ Սա փոքր-ինչ հիշեցնում է այն սեփականատիրոջը, որը բարեպաշտորեն հավատում է, թե իր հարյուրհարկանի երկնաքերը մեծ շենքի տեղ չեն դնի։
Ոչ ոք չի առարկում, որ1915-ին թուրքերը կոտորել են հայերին արեւելյան Անատոլիայում։ Խնդիրն այս չարագործության անվանումն է։ Կատարվածից մի քանի տարի անց Ուինսթոն Չերչիլը գործածեց «կոտորած» բառըՙ դա բնութագրելու համար։ Ականատես ամերիկացի դիվանագետները ցնցված էին թուրքերի վայրագությունից։ Այն ժամանակ դա աննախադեպ իրադարձություն էր։
Փրկված հայերը գաղթեցին Եվրոպա եւ Ամերիկա, որտեղ կարեկցանքով ընդունվեցին որպես մահմեդականներից տուժած քրիստոնյաներ։ Հետագայում նրանք սկսեցին պնդել, որ օսմանները, Եվրոպայի հրեաներին բնաջնջող նացիստներին զուգահեռ, ցեղասպանություն են իրագործել։
Թուրքերը երբեք չեն համաձայնել սրան։ Նրանց ասելով, հայերը դաշինք են կնքել Ռուսաստանի հետ եւ զենք բարձրացրել իրենց կառավարության դեմ։ Նրանք իրավամբ արտաքսվել են, բայց հետոՙ ենթարկվել թուրքական բանակի խուժդուժ միավորումների հարձակմանը։
Այսօր իրավիճակն այսպիսին է. այն ամենը, ինչ թուրքերն ասում են, հայերը կեղծիք են համարում եւ ընդհակառակը։
«Գիտնականները համամիտ են, նշում է «Բրիտանիկան» իրեն բնորոշ սառնասրտությամբ, որ երկու կողմերի քարոզչությունը խճճել է հարցը»։
Այնուամենայնիվ, ներկայիս որոշ հետազոտողներ պաշտպանում են թուրքական տեսակետը։ Բեռնարդ Լուիսիՙ հայկական տեսանկյունի երբեմնի կողմնակցի եւ Ջասթին Մքքարթիի նման ամերիկացի գիտնականները հիմա ասում են, թե ծրագրված ցեղասպանության նշաններ չկան, եւ հայերը եւս այդ ժամանակ շատ թուրքերի են կոտորել։
Անձամբ ես մնում եմ ագնոստիկ։ Բայց կարեկցանքով եմ վերաբերվում իրենց տեսակետը հանրությանը ներկայացնելու թուրքերի անկարողությանը։ Նրանք մեծ մասամբ անգլերեն չգիտեն եւ, իհարկե, մահմեդական ենՙ դարավոր ռասիզմի առարկա։
Մի քանի շաբաթ առաջ ես խոսեցի Մուրադ Բիրսելիՙ ստամբուլցի մի լրագրողի հետ, եւ մենք պայմանավորվեցինք հրապարակել իմ էլեկտրոնային հասցեն, որպեսզի կարողանամ պարզել, թե շարքային թուրքերն ինչպես են ընկալում Եղոյանի ֆիլմը։ Մոտ 200 նամակ ստացվեց, մեծ մասըՙ կոտրատված անգլերենով, բայց մի մասն էլՙ շատ հստակ ձեւակերպված։
Շատերը ջանում են իրենց արժանապատվությունը պահպանել, թեեւ այն համոզմանն են, որ Արեւմուտքում թուրքերին լիիրավ մարդ չեն համարում։ «Պատմաբանները դեռ ուսումնասիրում են խնդիրը, գրում է Նեկատի Իսելը Դենիզլիից։ Բայց եթե նույնիսկ հայերը ճիշտ են ասում, սպանվել են նաեւ շատ թուրք զինվորներ։ Նրանք մարդ չե՞ն։ Հայերը միշտ մոռանում են դա»։
«Մի շարք եվրոպական երկրներ այցելելով, ես շատ արձաններ եմ տեսել, որոնք արտահայտում են արեւմուտքցիների ատելությունը մեր հանդեպ, գրում է Մուրադ Սեյիսօղլուն։ Դա կարելի է բացատրել, եւ ես նկատի չունեմ, որ բոլոր արեւմուտքցիները ատում են մեզ։ Բայց խնդրեք ձեր ընկերներին նկարագրել «թուրքի կերպարը» եւ լսեք... Նրանք մեզ կնկարագրեն մեծ բեղով, ցնցոտիներով, ուղտին հեծած, սուրըՙ ձեռքներիս։ Ես բազմիցս բախվել եմ այդ կերպարին»։
Մի 17-ամյա աղջիկՙ Ֆուլյան, գրում է. «Պրն Եղոյան, ես ուզում եմ ձեզ հարցնել. եթե այդ դեպքը կատարված լիներ ձեր պատմության մեջ եւ ձեզ մեղադրեին նման բանի համար, ի՞նչ կանեիք։ Խնդրում եմ, ազնվորեն մտածեք սրա մասին»։
Մի քանիսը մտաբերում են ընտանեկան հուշերը 1915-ի Անատոլիայի մասին։ «Ես իմ տատից լսել եմ, թե ինչպես են նրանք Էրզրումում վախեցել, երբ սկսվել է հայերի խռովությունը, գրում է 52-ամյա Սելմա Ասլանը։ Անատոլիան այնքան շատ ժողովուրդների օրրանն է եղել, որ իսկապես դժվար է ասել, թե դրա մի մասը պատկանում է այս կամ այն ժողովրդին»։
Մյուսների երկյուղը կինոյի ուժն է։ «Սովորական մարդն ավելի դյուրընկալ է մշակութային առասպելների, քան դաժան փաստերի նկատմամբ», գրում է Արղուն Սաաթչօղլուն։ Յուսուֆ Գորգեքը ավելացնում է. «Թուրքերը չեն սիրում կեղծ պրոբլեմներ սարքել, իսկ հետո ֆիլմեր նկարել դրանց մասինՙ հայտնի դառնալու համար։ Իրականում մենք ենք ապրել ներխուժման տառապանքը 1-ին աշխարհամարտի տարիներին։ Դա հին ցավի պես մխում է մեր սրտում։ Բայց մենք չենք սիրում դրանից օգտվելՙ համբավի հասնելու համար»։
Արդեն 20 տարի Թուրքիայում արգելված է «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը, որը վիճարկելի ստերեոտիպեր է օգտագործումՙ թուրքերին պատկերելով որպես հրեշներ։ Զարմանալի թվով նամակագիրներ էլ հիացած են Եղոյանով եւ ուզում են հավատալ, որ նա նման ֆիլմ չի նկարել։ «Ինձ համար պրն Եղոյանը մեծ արվեստագետ է, գրում է Մեհմեթ Ալի Էլիքը։ Չեմ կարծում, թե նա օսմանցիներին կներկայացնի իբրեւ ցեղասպանության հանցագործների»։
Մյուսներն այդքան վստահ չեն։ Վկայակոչվում է ֆիլմի սցենարը, որը շրջում է Թուրքիայում։ «Քանի որ այդ կինոնկարը նողկալի շատ պնդումներ է պարունակում թուրք ժողովրդի մասին, ես հուսով եմ, որ դուք կփորձեք պարզել ճշմարտությունը, գրում է Ֆաթիհ Քասքայան։ 65 միլիոն զույգ աչք հետեւելու է ձեզ»։