Ծխելը այն գործոններից մեկն է, որը հանգեցնում է կրծքահեղձուկի (ստենոկարդիայի) զարգացմանը։ Մենք կխոսենք սրտի վրա ծխելու ազդեցության մասին, եւ ցույց կտանք, որ ծխելը դադարեցնելով նվազում է սրտի կաթված ունենալու վտանգը։ Միեւնույն ժամանակ կտանք խորհուրդներ, թե ինչպես դադարեցնել ծխելը։
Փաստարկներ
Ծխախոտը մեծագույն չարիք է, իսկ ծխելը սրտի իշեմիկ հիվանդություններիցՙ մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է։ Սրտի ինֆարկտի վտանգը մեծանում է ծխելու քանակին զուգընթաց։ Ընդհանրապես, ծխողներն ունեն սրտի անոթների ախտահարման գրեթե կրկնակի հավանականություն, քան չծխողները։ Այս վտանգը հավասարապես մեծ է բոլոր տարիքային խմբերի անձանց համար։ Մինչեւ 50 տարեկան ծխողների մոտ սրտային հիվանդություններից մահերը 10 անգամ ավելի հաճախակի են, քան նույն խմբի չծխողների մոտ։ Որքան ավելի շատ եւ վաղ հասակից եք ծխում, այնքան ավելի բարձր ռիսկի եք ենթարկվում։
Ինչու է ծխելը վնասում սիրտը
Ծխախոտի ծխի ամենակարեւոր բաղկացուցիչ մասերըՙ ածխածնի մոնօքսիդը (CO) եւ նիկոտինը, վնասակար ազդեցություն ունեն սրտի վրա։ Նիկոտինը մարդու օրգանիզմում խթանում է ադրենալինի արտադրությունը, մի նյութ, որի հետեւանքով սիրտը սկսում է աշխատել ավելի արագՙ բարձրացնելով արյան ճնշումը։ Իսկ ածխածնի մոնօքսիդը միանում է հեմոգլոբինինՙ արյան կարմիր գունանյութին, որը թթվածին է տեղափոխում դեպի օրգաններ եւ հյուսվածքներ։ Միանալով հեմոգլոբինինՙ CO-ն նվազեցնում է վերջինիս թթվածին տեղափոխելու ունակությունըՙ ինչպես դեպի սիրտը, այնպես էլ դեպի մարմնի այլ հյուսվածքներ։ Որոշ ծխողների մոտ հեմոգլոբինի գրեթե կեսը թթվածնի փոխարեն կրում է ածխածնի մոնօքսիդՙ զրկելով սիրտը կենսականորեն կարեւոր թթվածնից։ Միեւնույն ժամանակ նիկոտինը եւ ածխածնի մոնօքսիդը նպաստում են արյան մակարդելիության բարձրացմանը եւ արյան մակարդուկի (թրոմբի) առաջացմանը։
Ծխելը նպաստում է նաեւ ազդրային զարկերակի հիվանդության զարգացմանը, որը արտահայտվում է ստորին ծայրանդամներում քայլելիս առաջացող ցավերով։ Այս ախտանիշը բավականին հազվադեպ է պատահում չծխողների մոտ։ Սա կարող է բերել ստորին ծայրանդամի վիրահատմանը, որը հազվադեպ է պատահում ծխելը դադարեցնողների մոտ։
Ֆիլտրով ծխախոտներ
Դեռեւս չկան այնպիսի փաստարկներ, թե ֆիլտրով ծխախոտներն ավելի քիչ վտանգ են ներկայացնում սրտի հիվանդության զարգացման համար, քան առանց ֆիլտրի ծխախոտները։ Ենթադրվում է նույնիսկ, որ դրանք ավելացնում են ներծծվող ածխածնի մոնօքսիդի քանակը եւ հետեւաբար սրտին ավելի մեծ վնաս են պատճառում։ Բացի դա, անցնելով ցածր նիկոտինով ծխախոտներիՙ իբրեւ պակաս վնասակար, ծխողները սովորաբար ծխում են ավելի շատ եւ ծուխը շնչում ավելի խորը։
Պասիվ ծխելը
Ծխելը պասիվ է համարվում, երբ չծխողները շնչում են շրջապատի անձանց ծխախոտի ծուխը։ Դա շատ հաճախ առաջացնում է աչքի մրմուռ, սուր թարախային տոնզիլիտ կամ գլխացավեր։ Պասիվ ծխելը կարող է վնասակար լինել նրանց համար, ովքեր տառապում են սրտի հիվանդությամբ։ Նման դեպքերում այդ ազդեցությունից պետք է հնարավորինս խուսափել։
Պասիվ ծխելը բարձրացնում է նաեւ թոքի քաղցկեղի զարգացման վտանգը չծխող անձանց մոտ, ինչպես նաեւՙ կրծքավանդակում առաջացնում է այլ հիվանդություններ։ Սա կարող է նաեւ որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ այն երեխաների մոտ, ովքեր կանոնավորապես ենթարկվում են շրջապատի ծխի ազդեցությանը։
Սրտի հետագա կաթվածներից խուսափելու համար նշանակություն ունի՞ ծխելը դադարեցնելը
Ծխելը դադարեցնողները շատ ավելի քիչ են ունենում սրտի ցավեր, քան նրանք, ովքեր շարունակում են ծխելը։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ չծխողները երբեք չեն ունենում կրծքահեղձուկ կամ ինֆարկտ։ Պարզապես, դրա հավանականությունը չծխողների մոտ զգալիորեն ավելի ցածր է, քան ծխողների։ Ծխելը դադարեցնելով զգալիորեն նվազում է սրտամկանի ինֆարկտի կամ սրտային այլ լուրջ հիվանդություններ ունենալու վտանգը։
Ծխելը դադարեցնելու անհրաժեշտության համար կան նաեւ այլ պատճառներ։ Ծխողներն ավելի են հակված թոքի, բերանի եւ կոկորդի քաղցկեղի, խրոնիկական բրոնխիտի, ուղեղի եւ սրտամկանի ինֆարկտների, քան չծխողները։ Ծխելը կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, որոնք մահացու չեն, սակայն կարող են նպաստել այլ հիվանդությունների զարգացմանը կամ ուղղակիորեն խափանել նորմալ եւ առողջ կյանք վարելու հնարավորությունը։ Օրինակՙ ծխողների հազը կարող է հարուցել լրացուցիչ ծանրաբեռնվածություն սրտի վրա (որը կվերանա ծխելը դադարեցնելու դեպքում), ծխելը կարող է առաջացնել ոտքերի եւ ձեռքերի զարկերակների ախտահարումՙ ընդհուպ մինչեւ ստորին ծայրանդամի հատման։
Այսպիսով, ծխելը դադարեցնելը Ձեր առողջության համար ամենանպաստավոր որոշումներից մեկն է, հատկապես, եթե դուք ունեցել եք կրծքահեղձուկ կամ սրտամկանի ինֆարկտ։
Հաշվի առեք, որ ծխելը դադարեցնելը կատարվում է ձեր առողջության եւ ձեր ընտանիքի համար (չէ՞ որ նրանք դառնում են պասիվ ծխողներ եւ, հետեւաբար, կարող են ձեռք բերել տարբեր հիվանդություններ), նպաստավոր է նաեւ ֆինանսական առումով։
Խորհուրդներ
- Հայտնեք ձեզ շրջապատողներին, որ դադարեցնում եք ծխելը։ Նրանց խրախուսանքը ձեզ կօգնի,
- ծխելու ցանկությունը նվազեցնելու նպատակով օգտագործեք ծամոն, հում բանջարեղեն կամ չիր,
- պլանավորեք, թե ինչ կարելի է անել այն գումարի հետ, որը խնայել եք մեկ ամիս կամ մեկ տարի չծխելով,
- աշխատեք չծխելու որոշումը կայացնել հանգստյան օրերին կամ արձակուրդի ժամանակ, երբ ստրեսներն ավելի քիչ են։
Նյութը տրամադրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը