ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փարիզում բանակցությունների ժամանակ չի եղել «Մեղրու միջանցք» հասկացություն։ Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարությունը, թե իր եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ 2001 թ. Փարիզում ձեռք է բերվել պայմանավորվածություն տարածքային փոխանակման մասին։ Ս. Սարգսյանը նաեւ ընդգծեց. «Լավ կլիներ, որպեսզի Հեյդար Ալիեւը ոչ թե արդարանար, արդարացներ իր գործողությունները, այլ կոնկրետ ձեռնամուխ լիներ Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարը չբացահայտեց «փարիզյան պայմանավորվածությունների» բովանդակությունը։
Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, Ադրբեջանի նախագահը, Բաքվում ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Հյուգ Պեռնեին, հայտարարել է, թե այսպես կոչված «փարիզյան սկզբունքների» ասպեկտներից մեկը «տրանսպորտային միջանցքների բացումն է, որոնք Ադրբեջանը կապում են Նախիջեւանի հետ Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով եւ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետՙ Ադրբեջանի Լաչինի շրջանի տարածքով»։ Ընդ որում, ըստ Ալիեւի, կողմերը քննարկել են Ադրբեջանին Մեղրու միջանցքի եւ Հայաստանին Լաչինի միջանցքի նկատմամբ սուվերեն իրավունքներ տրամադրելու հարցը։