«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2002-06-14 | #111, 2002-06-15 | #112, 2002-06-18


ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Ազատ գերմանական կուսակցության անդամ դոկտոր Իրմգարդ Շվեյցերը մահապատժի վերացման ձգձգումը Հայաստանի կողմից թերացում է համարում Եվրախորհրդի առջեւ ունեցած պարտավորությունների համատեքստում։ Այս մասին նա ասաց շաբաթ օրը Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության հեռանկարները» թեմայով սեմինարի ընթացքում։

Անկախությունից հետո, տիկին Շվեյցերի խոսքերով, Հայաստանը որդեգրել է Եվրոպայի մոդելին ձգտելու քաղաքականությունը։ 2001 թ. դառնալով Եվրախորհրդի անդամՙ Հայաստանը հաստատեց եվրոպական կառույցներին մոտենալու վճռականությունը։ Մեր երկիրը, սակայն, դեռեւս մի քանի հիմնախնդիրներ լուծելու անհրաժեշտություն ունիՙ դեմոկրատական ինստիտուտների, շուկայական հարաբերությունների զարգացումը, բնակչության սոցիալական իրավիճակի բարելավումը եւ տարածաշրջանային կայունության ապահովումը։

Տիկին Շվեյցերը կարծում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում երկու երկրների նախագահների հանդիպումները լուրջ հաջողություններ չեն գրանցել, պետք են նոր մոտեցումներ։ Բունդեսթագի պատգամավորն այս խնդրում կարեւորում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի դերը։

Գերմանիայից ժամանած պաշտոնյաները նշեցին նաեւ Հայաստանի նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունըՙ որպես Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնվող պետության, եւ չթաքցրին նաեւ հետաքրքրությունն ու շահերը «Մետաքսի ճանապարհի» նկատմամբ։

Իրմգարդ Շվեյցերն ասում է, որ ժողովրդավարությունն ընտրական քվեատուփերից է սկսվում, եւ կարեւորում է մեր երկրում ազատ, արդար ընտրությունների կայացումը։ Այս հարցում նա աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

Սեմինարին հրավիրվածների ճնշող մեծամասնությունը ՀՀՇ-ական նախկին իշխանավորներն էին, որոնց պաշտոնավարման տարիներին ժողովրդավարական արժեքները, մեղմ ասած, ոտնահարվում էին։ Ոչ վաղ անցյալում էր, որ նրանք կուսակցություններ, թերթեր էին փակում։ Այսօր նրանք որպես լիբերալ ուժեր են ներկայանում։ Այս ուժերի հետ քննարկման նույն սեղանի շուրջ նստելու եւ ժողովրդավարական արժեքներից խոսելու փաստը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն անհնարին համարեցինՙ մինչ սեմինարի սկիզբը լքելով դահլիճը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4