Շաբաթ առավոտյան «Հայարտ» մշակութային կենտրոնում ներկայացված ցուցահանդեսը չունեցավ բացման արարողություն, որպիսին սովորաբար լինում է։ Գուցե այս յուրօրինակ ներկայացում-ցուցահանդեսից առաջ եւ հետո էլ ամենքը գիտեին այն, ինչ ցուցանկարներն էին բովանդակում, ասել է թեՙ միշտ բաց է եղել։
«Տակառներ» համարվող «Հայարտի» անհարմար, օղակաձեւ սրահի անհրապույր պատերի ներքո հյուրընկալվել էին մեր այսօրվա քաղաքական նշանավոր այրերըՙ երկրի հին ու նոր տերերըՙ նկարների ձեւով, իհարկե։ Պատն ի կախ, միմյանց հարեւանությունը բարեհոգաբար հանդուրժելով, ներկայացված կերպարները խիստ բազմազան էին իրենց մտահոգություններով։ Ցուցասրահի սառը, անկենդան մթնոլորտը տխուր հեգնանքն էր կյանքիՙ խորհրդարանի ամբիոնը լծած եզներով, Գիքորի միամտությամբ եւ Համբոյի հորդորանքներով, դոնկիխոտյան ասպետականությամբ ու քաջնազարային բախտով, պրոմեթեւսյան հանդգնությամբ եւ այլն։
Հիմնականում XVI-XVII դդ. գեղանկարչությանը բնորոշ խիտ ու թանձր գույներով, կոլորիտով ու հանդերձանքով այսօրվա հայ պաշտոնյաները ներկայացված են իրենց բնորոշ թուլություններով (ըստ նկարչի)ՙ մեծամտություն, շատակերություն, փառամոլություն, բանսարկություն, աթոռապաշտություն, սնապարծություն։
Այս պարագայում որոնել պետական բարձր պաշտոնյայի դասական ըմբռնումով կերպարՙ անձնականությունից վեր եւ մարդկային թուլություններից զերծ, անհեթեթ էր պարզապես։
Հիշեցի մի դեպք, երբ ուսուցիչը փորձել էր արդարացնել Աշոտ Երկաթի սերը եւ դրա հետեւանքները պետականության վրա, աշակերտներից մեկը հակադրվել էր, թե թագավորը սովորական մահկանացուին բնորոշ սխալներն անելու իրավունք չունի։ Կնշանակի, ասել էր նա, յուրաքանչյուր ոք կարող է լինել արքա՞։ Իսկ չէ՞ որ նրանք ընտրյալ են։
Իսկ այստեղ մարդկային եւ ոչ մի թուլություն նրանց (ղեկավար այրերին) խորթ չէ։ Եվ նրանք դա խոստովանում են։
Ծրագրի մտահղացումն ամբողջացնում են յուրաքանչյուրին տրված բնորոշումներըՙ նկարատակի ծանոթագրություններըՙ հին իմաստասերների եւ նշանավոր մարդկանց թեւավոր խոսքերով։ («Ամենամեծ ստրկությունըՙ չունենալով ազատություն, ինքդ քեզ ազատ համարելն է» (Գյոթե)։ «Գերազանց կլինի, եթե ընդունակ լինենք ղեկավարել մեզ» (Ցիցերոն)։ «Վկայակոչել ուրիշի վատ արարքները, կնշանակի լվացվել ցեխով» (Չեխով)։ «Ճարպկությունը հազվադեպ է զուգորդվում իմաստնության հետ» (Պետրոնիուս)։ «Նա չէ խելացին, ով կարողանում է բարին տարբերակել չարից, այլ ով կարողանում է ընտրել փոքրագույնը երկուսից» եւ այլն)։
Այս մեծ պատկերապնակի հերոսները տխուր ժպիտ են միայն առաջացնումՙ Դոն Կիխոտ, Սանչո Պանսա, Պրոմեթեւս, հերցոգներ, կոմսեր, բարոններ, քաջնազարներ, գիքորներ, ոսկի ձկնիկ որսացողներ եւ այս ամենքի հետ հին եգիպտական իմաստության խորհրդանիշ Սֆինքսըՙ խորաթափանց ու այնքան գիտակ, որ թվում էՙ ուր որ է ճշմարտություն կբարբառի։
Նկարները (2 օրինակից) հեղինակ չունեն, ծրագրի մտահղացումը պատկանում է ԱԼՄ հոլդինգին։ Ցուցահանդեսը կշարունակվի դեռ երկար, ընթացքում «գործող անձինք» կթարմացվեն նորերով։
...Դատարկ ցուցասրահը լքված տարածության էր նման, իսկ դրսում կեսկատակ-կեսլուրջ ասում էին, թե նկարների աճուրդը կանցկացվի ոչ սովորական ձեւով, կմեկնարկի ամենաբարձր գինը, ասենքՙ 2000 դոլար, որն աստիճանաբար կիջնի մինչեւ անվճար եւ կտրվի ձրի, եթե վերցնող լինի, իհարկե, որովհետեւ մեր քաղաքական իրականության դրվագների տարիներ շարունակ կրկնվող անճաշակ բեմադրությունը եւ գործող աձանց փոփոխվող գույներն այնքան են ձանձրալի դարձել, որ ավելորդ են այլեւս։
Իսկ կյանքն իր ընդերքում կստեղծի այն անհրաժեշտը, ինչը պետք է մեզՙ շարունակվելու համար...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ