Ճանապարհորդությունը հիասքանչ ժամանց է։ Երբ երեւակայությունդ պատկերում է, ասենք, Վիրահայոց լեռների կամ Փարվանա լճի գեղեցկությունը, տրամադրվում ես ճամփորդության, կապում ճամպրուկդ ու բարձր տրամադրությամբ հասնում մինչեւ հայ-վրացական սահման։ Այստեղ արդեն տեղի է ունենում ոչ միայն տրամադրության, այլեւ արյան ճնշման անկում։ Եվ պատճառն այն է, որ սահմանագլխին գործող մաքսատունը «գրկաբաց» դիմավորում է քեզ։
Այստեղ առաջնային եւ որոշիչ են դառնում ֆինանսները։ Բավիրայում Նինոծմինդայի շրջանի մաքսային աշխատողները ձեզ կառաջարկեն սահմանն անցնելու ցանկացած տարբերակ, բացի օրինականից։ Եվ զարմանալու կարիք չեք ունենա, քանի որ նման առաջարկներով հանդես եկող մաքսավորը, լավագույն դեպքում, ճիշտ է, կանգնած է ոտքերի վրա, բայց շաղված աչքերից եւ շահադիտական առաջարկի մերկությունից կարելի է հասկանալ, որ նա պարզապես հարբած է։
Ցավն այն է, որ մեր օրինակի հարբածը եզակի դեպք չէ։ Նման «եթերային» վիճակում գտնվող աշխատակիցները շատ են։
Եվ սա դեռ մաքսատների տարօրինակ գործունեության միակ փաստը չէ։ Նորմալ ստուգման եւ գրանցման փոխարեն ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական կողմի մաքսավորները մի հայացքով որոշում են մեքենայի մեջ եղած մարդկանց կամ ապրանքի «վտանգավորությունը», կարծես սեփական աչքերը ռենտգեն ճառագայթման հնարավորություն ունենան։ Իսկ երբ մեքենան քիչ թե շատ բեռնավորված է, ապա մաքսատները «հաճելիորեն» կսպասեցնեն ձեզ, իհարկե, որոշակի «կտոր» ստանալու նկատառումով։
Մի տարօրինակության էլ ճանապարհորդը կհանդիպի իր ճանապարհին. Հայաստանի մաքսատունն անցնելուց հետո «մաքսատնիկների» մի շարքի կհանդիպեք։ Սովորական մի թել կապված է ճանապարհի լայնքով, թելին 1¬2 տեղ լաթի կտորներ են կապված։ Այսքանը բավական է, մաքսակետը պատրաստ է։
Երբ կանգնեցնում են, իսկ դա փորձումես ճշտել, թե ով եւ ինչ նպատակով է հիմնել այդ կետը, ոչ մի աշխատակից ոչ մի բան չի կարողանում բացատրել։ Սա, թերեւս, ոչ միայն անգրագիտության, այլեւ սովորություն դարձած անպատասխանատվության եւ անպատժելիության ամենասովորական մի խառնուրդ է, որ հարմար է... կարելի է ենթադրել, թե ում։
Ա. Հ.