Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական 3-րդ առաջնությունում չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են հինգ շախմատիստներՙ Վասիլիոս Կոտրոնիասը, Սարունաս Սուլսկիսը, Բաադուր Յոբավան, Դմիտրի Յակովենկոն եւ Միխայիլ Մարինը։ Հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Գաբրիել Սարգսյանը, որը մի խումբ շախմատիստների հետ 3 միավորով բաժանում է 6¬21-րդ տեղերը։ Աշոտ Անաստասյանը, Արա Մինասյանը, Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը վաստակել են 2,5-ական միավոր։ Լեւոն Արոնյանի, Կարեն Ասրյանի, Արտաշես Մինասյանի, Արսեն Եղիազարյանի եւ Արթուր Չիբուխչյանի հաշվին գրանցված է 2-ական միավոր։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ, որոնցից 57-ը ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայ շախմատիստներից ամենաբարձր անհատական գործակից ունեն Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը (2591)։ Այս ցուցանիշով նրանք 10-րդ տեղում են։ Իսկ ամենաբարձրը բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովի գործակիցն է (2654)։