ԱՇՏԱՐԱԿ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ սկսվեց Թալինի տարածաշրջանից, որտեղ նախագահն իր ուղեկից նախարարների եւ մարզի ղեկավարության հետ եղավ «Դայմոթեք» գործարանում։ Շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար նեդրում ստացած այս գործարանը, որը զբաղվում է թանկարժեք քարերի մշակմամբ, հետզհետե նոր ծավալներ է ձեռք բերումՙ նոր տեսականու իրացումը կազմակերպելով նաեւ արտասահմանյան երկրներում։ Ըստ հանրապետության ղեկավարի, հնարավոր աջակցության պարագայում, ենթադրվում է նաեւ աշխատատեղերի ավելացում 1000-1200 մարդոու համար։
Թալինի Լուսակնի արեւային չորանոց եւ Նորատունկ ծիրանի այգիներ այցելելուց հետո, ՀՀ նախագահը եղավ նաեւ «Աշտարակ-կաթ» գործարանում, ծանոթացավ արտադրանքի տեսականուն եւ գործարանի ընդլայնման հնարավորություններին։ Նախագահ Ռ. Քոչարյանը եղավ նաեւ Աշտարակի «Սինկրիստալ ար» ՓԲԸ-ում, ողջունեց հզորացող եւ կիսահաղորդիչների գործարանի ներուժը, խոստացավ իր աջակցությունը։
Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելեց Ապարանի տարածաշրջան։ Արագած գյուղում նա մասնակցեց բժշկական կենտրոնի բացման արարողությանը։ Երբեմնի գյուղական ամբուլատորիան այսօր բուժական կենտրոն է դարձել շնորհիվ Համաշխարհային բանկի ֆինանսական ներդրման։ Այդ մասին նշեցին համայնքապետ Գագիկ Պողոսյանը եւ մարզպետ Հրայր Կարապետյանը։ Ռոբերտ Քոչարյանը կտրեց կենտրոնի մուտքը երիզող կարմիր ժապավենը։ Արագած գյուղում ՀՀ նախագահը հաղորդակից եղավ նաեւ ալմաստի գործարանի, հարակից համայնքների հիմնախնդիրներին, խոստացավ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը։
Ռ. Քոչարյանի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ եզրափակվեց Աշտարակում։ Մարզպետարանում բացված ցուցահանդեսում նա ծանոթացավ մարզում արտադրվող ապրանքատեսականուն։
Վերջում տեղի ունեցավ խորհրդակցությունՙ այցելության արդյունքների ամփոփմամբ։