Վաշինգտոնը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերություններում, եթե Երեւանը եւ Անկարան նման ցանկություն հայտնեն
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վաշինգտոն
Տարածաշրջանում ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, եւ հանուն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման Վաշինգտոնը հարվածի տակ չի դնի թուրք-ամերիկյան բարեկամությունը։ Պատասխանելով «Ազգի»ՙ «ԱՄՆ-ը չի՞ ցանկանում որեւէ ճնշում բանեցնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի վրա, որպեսզի վերջինս վերջ դնի Հայաստանի շրջափակմանը» հարցին, ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժանմունքի մի պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, ասաց. «Աշխարհում կան պետություններ, որոնք միմյանց հետ վատ հարաբերություններ ունեն, ինչպես Հայաստանն ու Թուրքիան։ ԱՄՆ-ը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերություններում, եթե Երեւանը եւ Անկարան նման ցանկություն հայտնեն։ Հաճախ պետություններից մեկը համաձայն չի լինում մերՙ ԱՄՆ-ի միջամտությանը։ Մենք ցանկություն ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան ունենան լավ հարաբերություններ, ինչը կարեւոր է կովկասյան տարածաշրջանի կայունության, տնտեսական զարգացման համար»։
«Մենք չենք կարող Թուրքիային ստիպել բացել հայ-թուրքական սահմանը, հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք միայն կարող ենք քաջալերել։ Այս ուղղությամբ Երեւանը լավ գործ է տանում։ Հայաստանի ԱԳՆ-ում եւ նախագահական ապարատում կան դիվանագետներ, որոնք շատ լավ հասկանում են հարցի կարեւորությունը։ Նրանք հայրենասեր հայեր են։ Թուրքիան պատրաստ է փոքր քայլերով առաջ շարժվել, Հայաստանը պատրաստ է պատասխանել այդ քայլերին։ Հայերի եւ թուրքերի միջեւ հարյուր տարվա պատմություն ունեցող խնդիրները մեկ գիշերվա ընթացքում չեն հաղթահարվի։ Հավանաբար այս ամսվա 25-ին Ստամբուլում տեղի կունենա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Օսկանյանի, Ջեմի եւ Գուլիեւի հերթական հանդիպումը», ասաց պաշտոնյան։
«Ազգի» մեկ այլՙ «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերը, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ԱՄՆ-ը համարո՞ւմ է խոչընդոտ հայ-թուրքական հարաբերություններում, ապակայունացնող գործոն Կովկասում» հարցին պետքարտուղարության պաշտոնյան պատասխանեց. «Մենք չենք կարծում, թե ռուսական ռազմական ներկայությունը խոչընդոտ, ապակայունացնող գործոն է։ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, եթե կարծում է, որ Ռուսաստանի օգնության կարիքն ունի, իր խնդիրն է։ Ներկայումս ԱՄՆ-ը որեւէ ձեւով դեմ չէ Ռուսաստանի ռազմական ներկայությանը Կովկասում»։
Համենայն դեպս, Վաշինգտոնը մինչեւ վերջերս, այդ թվում ամերիկահայ 11 երեւելիների հետ Սպիտակ տանը կազմակերպած ընդունելության ընթացքում, որը տեղի ունեցավ երեք ամիս առաջ, ակնհայտորեն հասկանալ էր տալիս, որ խանդավառված չէ հայ-թուրքական սահմանում ռուս զինվորների ներկայության փաստով։
Ամերիկայի հայկական համագումարը (AAA), որը եւս հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջատագովն է, եւ կազմակերպության ջանքերով նաեւ ծնունդ առավ հայ իրականության մեջ կարճ ժամանակում վարկաբեկված «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը», կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարեւոր է Հայաստանի համար։ Մասնավորապես, համագումարի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանն անուղղակի ակնարկեց մոտակա ժամանակներում հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հնարավորությունը։