Կարծում է էներգետիկայի հանձնաժողովի նախագահը
Երեկ «Հակաստվեր» կազմակերպության հյուրն էր ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը։ Պրն Մովսեսյանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացըՙ կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունից մինչեւ յուրաքանչյուրիս բնակարանում 220 վոլտ հոսանքը։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիրներինՙ հանձնաժողովի նախագահը նշեց, որ սակագնի մոտ 35 տոկոսը կազմում են վառելիքի ծախսերը, աշխատավարձերը, տեխնիկական մաշվածությունը, գումարած 2¬3 տոկոսի չափ շահույթ, նաեւ մոտ 16¬17 տոկոս ավելացված արժեքի հարկ։
Ըստ պրն Մովսեսյանի, այս բնագավառում 2001 թ.-ին գերկորուստները կազմել են մոտավորապես 11,5 տոկոս։ Այս տարվա 5¬6 ամիսների ընթացքում գերկորուստները պակասել են գրեթե 1 տոկոսով։ Վարդան Մովսեսյանի կարծիքով, նկատվում է գերկորուստների դանդաղ, բայց որոշակի նվազման միտում։ Ընդ որում, գերկորուստները գումարային արժեքով կազմել են 13¬14 մլն դոլար տարեկան։
«Ազգի» հարցին, թե այդքան գերկորուստների մասին խոսելիս ինչո՞ւ գրեթե չի խոսվում պատասխանատվության հարցերից, էներգետիկայի հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ կան ոչ միայն օբյեկտիվ կորուստներ, այլեւ գողություն։ Հանձնաժողովի գնահատմամբ, չարտոնված կորուստները կազմում են ընդհանուրի 60¬70 տոկոսը, եւ վստահաբար դրանք գողություն են։
Պատասխանատվության կապակցությամբ կապված, պրն Մովսեսյանը նշեց, որ որոշակի վարչական միջոցառումներ ձեռնարկված են, որոշ նյութերի հիման վրա քննություններ են տարվում, բայց վարչական մեթոդները հարցի լուծում չեն, քանի որ իրավական տեսակետից էլ շատ դժվար է ապացուցել այդ գողությունները։
Գերկորուստների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջոցով 2001 թ.-ին վերականգնվել է կորուստների մոտ 5¬7 տոկոսը։ Բայց հանձնաժողովի նախագահը կարծում է, որ համակարգում տիրող իրավիճակի համար արմատական լուծում է բաշխիչ ցանցերի մասնավորեցումը։
Իսկ «Ազգի» այն հարցին, թե գերկորուստների բնույթն ինչպիսի՞ն է, պրն Մովսեսյանը պատասխանեց, որ փորձագիտական գնահատմամբ գերկորուստների 75¬80 տոկոսը բնակչության մասով է, մնացյալը տարբեր կարգի կոմերցիոն սպառումներն են։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ հանձնաժողովի նախագահը նշեց, որ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությունը վճարում է 90 տոկոսով, հանրապետական բյուջետային հիմնարկներըՙ մոտ 100 տոկոսով, համայնքայինները գրեթե չեն վճարում։ Ինչ վերաբերում է էլ. հաշվիչների խնդրին, ապա դրանց 80¬90 տոկոսը փոխարինման կարիք ունի, այդ հաշվիչների աշխատանքին միջամտելը բավականին հեշտ է, ըստ այդմ էլՙ դժվար կառավարելի եւ վերահսկելի։ Եվ միշտ չէ, որ հաշվիչների հետ կապված բնակչության բողոքները համապատասխանում են իրականությանը։
Ըստ պրն Մովսեսյանի, տարեկան 150¬200 նման հարց է քննարկում հանձնաժողովը, բայց սա հեռու է համակարգի աշխատանքը բավարար գնահատելուց։
Ինչեւէ, պրն Մովսեսյանի կարծիքով, միակ ելքը մասնավորեցումն է, որի դեպքում էլ պարտք-իրական գին հարաբերությունները լիովին չեն համաձայնեցվի։ Ըստ էության, նման մոտեցումը մասնավորեցման, թերեւս ոչ լավ հիմնավորված, պատճառաբանություն է։
Լավ չէ, երբ զուտ կոռուպցիոն բնույթի հարցերը փորձում են լուծել նման ճանապարհով։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ