«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2002-06-18 | #113, 2002-06-19 | #114, 2002-06-20


ԱՄՆ-Ն ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԲԱՔՈՒ, 19 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՄՆ կառավարությունը սկսել է Ադրբեջանին ֆինանսական օգնություն հատկացնել հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով։ Ինչպես գրում է «525» թերթըՙ վկայաբերելով Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնի խոսքերը, հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի պետական սահմանների ամրապնդմանը։ Օգնությունը, որի ընդհանուր ծավալն այս տարի կազմում է մոտ 4 մլն. դոլար, ուղղվում է համապատասխան սարքավորման գնմանը եւ զինծառայողների համար թրեյնինգների անցկացմանը։ Ամերիկյան ղեկավարությունը նաեւ օգնում է Ադրբեջանի ջրային սահմանների պաշտպանությանը։

Ինչպես գրում է թերթը, այս ամսվա սկզբին հրապարակված Պետդեպարտամենտի տեղեկանքում ԱՄՆ կառավարությունը 2002 թվականին Ադրբեջանի անվտանգության կարիքների համար կհատկացնի 13,6 մլն. դոլար։ Օգնության ծրագիրը ներառում է ադրբեջանցի զինվորականների մասնագիտական-տեխնիկական ուսուցում ԱՄՆ-ումՙ օդային տարածության նկատմամբ վերահսկողության բարելավման, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով։

Ուիլսոնը հաստատել է նաեւ Աֆղանստանում խաղաղարարական առաքելությանը ադրբեջանական զինվորականների մասնակցության հնարավորության վերաբերյալ Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների վարման փաստը։ Այդ բանակցությունների բովանդակությունը առայժմ գաղտնի է պահվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4