Յունոշեւի բենեֆիսը
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստին ներկայացել էր սոցապնախարար, տուժող Ռազմիկ Մարտիրոսյանը։ Նա ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ճանաչել է մինչ «27»-ի ոճրագործությունը։ Նաիրիին տեսել է նաեւ Թուրքիա գնալուց առաջ, բայց երբեք նրան լուրջ չի ընդունել։
Ահաբեկչության օրն էլ սկզբից տուժողի մեջ այն տպավորությունն է եղել, թե ներխուժողները թուրքեր են, քանի որ հայերը նման բան չէին անի։ Դահլիճում, որոշ ժամանակ անց, ճանաչել է Նաիրի Հունանյանին։ Շփվելով ահաբեկիչների հետՙ պրն նախարարը հասկացել է, որ նրանք չեն գիտակցում կատարվածի լրջությունը։ Տուժողն անգամ տպավորություն է ունեցել, թե Էդիկ Գրիգորյանը զղջացել է։ Ընդ որում, ըստ պրն Մարտիրոսյանի, ամբաստանյալ Է. Գրիգորյանը, առանց ավագ Հունանյանի գիտության, ասել է, թե զոհերը նախատեսվածից շատ են եղել։
Հետաքրքրական էր տուժողի եւս մեկ ցուցմունքը. Նաիրի Հունանյանը դժվար թե վարչապետին եւ Կարեն Դեմիրճյանին սպանելու մտադրություն ունենար, քանի որ որոշ խոսակցություններում նշել է, թե հույսեր է կապում Վազգեն Սարգսյանի հետ, որ կարող է երկիրը հանել առկա վիճակից։
Նախարարն իր ցուցմունքում նշեց նաեւ այն միջնորդության մասին, որ Նաիրի Հունանյանին Հանրապետական կուսակցության շարքերն ընդունելու համար իրեն ասել է Տիգրան Նազարյանը։
Միջնորդությունների թեման սրանով չսպառվեց։ Խոսելով արդեն Նաիրի Բադալյանի եւ Հանրապետական կուսակցության անդամ դառնալու նրա ցանկության մասինՙ տուժողը նշեց, որ Նաիրի Բադալյանը, ահաբեկչությունից մի քանի օր առաջ իրեն ասել է, թե այդ ժամանակ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանն իրեն խոստացել է նշանակել Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն։ Այս կապակցությամբ է, որ Նաիրի Բադալյանը խնդրել է սոցապնախարարին միջնորդել Շիրխանյանինՙ խոստումը կատարելու։
Տուժողն այս միջնորդության առնչությամբ Նաիրի Բադալյանին ասել է, որ ինքն անձամբ կարող է խոսել պրն Շիրխանյանի հետՙ հարց ու պատասխանի ժամանակ գալով ԱԺ։
Ի դեպ, Նաիրի Բադալյանիՙ հանրապետական դառնալու ցանկությունն այդ պահին անկատար է մնացել, քանի որ, ըստ տուժողի, նրա նկատմամբ բացասական վերաբերմունք կար որպես նախկին ՀՅԴ անդամի։
Տուժողն այնուհետեւ սկսեց պատասխանել կողմերի հարցերին, եւ հարցաքննությունը մնաց անավարտ։
Երեկվա դատական նիստի ընթացքում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը մի քանի միջնորդություններ արեց։ Նախ, նա միջնորդեց քրեական գործին կցված բոլոր տեսաձայնագրությունները ստանալու մասին։
Այս միջնորդության կապակցությամբ դատավոր Ուզունյանն ասաց, որ որոշ նյութերի ինքն էլ դեռ չի ծանոթացել, նյութերը կնքված են եւ չի կարող դրանք տրամադրել։ Սրան միջամտեց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ասելով, որ ինքն ունի պահանջվածը, այսինքնՙ դա գաղտնիք չէ։
Դատավոր Ուզունյանն էլ շարունակեց, որ այդ հարցը կարելի է լուծել աշխատանքային կարգով։
Յունոշեւի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր բոլոր ամբաստանյալների մասնակցությամբ ԱԺ-ում քննչական փորձարարություն կատարելուն, հիմնավորելով, որ դատարանում հնչած մի շարք ցուցմունքներում կան հակասություններ, որոնք կարելի է պարզել այդ կերպ։
Մեղադրող կողմն առարկեց, որ միջնորդությունն այս փուլում իմաստ չունի։ Այն չքննարկվեց։
Վերջին միջնորդությունը պաշտպանության նախարարությունում Ալեքսան Հարությունյանի ասածների ձայնագրությունը գտնելու եւ որպես իրեղեն ապացույց գործին կցելու մասին էր։ Ըստ պրն Յունոշեւի, այս փաստի մասին իրեն որոշ դրվագներ ասել է Արտակ Զեյնալյանը, ուստի փաստաբանը միջնորդեց նրան ճանաչել վկա, նաեւ այդ ձայնագրության կապակցությամբ հարցաքննել Մանվել Գրիգորյանին, Աստվածատուր Պետրոսյանին, որոնք ներկա են եղել ձայնագրման ժամանակ։
Պրն Յունոշեւը նշեց նաեւ, որ Արտակ Զեյնալյանի ասածները կարող են նաեւ կապված չլինել Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ, եւ եթե նա ստում է, ուրեմն պիտի ենթարկվի պատասխանատվության։
Նաիրի Հունանյանը ձայնագրության առումով ասաց, որ ժապավենը եղել է հենց Յունոշեւի վստահորդիՙ Արամ Սարգսյանի մոտ։
Ինչեւէ, դատարանը միջնորդության կապակցությամբ որոշում չկայացրեց, պատճառաբանելով, որ դրա համար համապատասխան մարմիններից հարցումներ պիտի արվեն։
Ա. Հ.