Ադրբեջանաբնակ հայերի բռնագաղթից հետո զգալի ժամանակ է անցել։ Այնքան, որ հնարավորություն տար նրանց կողմնորոշվելուՙ Հայաստանն իրենց համար հիմնակա՞ն բնակավայր է, թե՞ ոչ։ Ով ցանկություն եւ նպատակ ուներ, արտագաղթեց, իսկ մնացյալ փախստականներն իրենց հայրենի հողում հիմնական բնակություն են հաստատել։ Ուրեմն, անհրաժեշտ է նրանց լիարժեք միաձուլումը հասարակության մեջ։ Խոչընդոտներն այս ճանապարհին շատ են եւ հիմնականում սոցիալական բնույթի, բայց կա նաեւ հարցի բարոյահոգեբանական կողմը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակը փախստականներին օգնում է ինտեգրման հարցումՙ ստանձնելով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու բոլոր պարտականությունները։
ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցող «Արեգ¬73» գիտամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը եւս պարտավորություն է ստանձնել աջակցելու փախստականների խնդիրների լուծմանը։ Ելնելով կազմակերպության աշխատանքային բնույթիցՙ նրա գործունեությունն ուղղված է առավելապես երիտասարդ փախստականներին։
«Արեգ¬73»-ի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ փախստականների շրջանում շատ են այն երիտասարդները, որոնք համոզված են, թե խնդիրները բացառապես իրենց կարգավիճակից են բխում։ «Երիտասարդ փախստականների քաղաքացիական մասնակցություն եւ համակեցություն» ծրագիրը նպատակ ունի ձերբազատել փախստական երիտասարդներին այս մտածելակերպից, նպաստել տեղացիների հետ ներդաշնակ համակեցությանը։ Նախատեսվում են «Երիտասարդ փախստականների ինտեգրացիայի խնդիրները Հայաստանում» վերնագրով գրքույկի հրատարակում, «ՀՀ քաղաքացու եւ փախստականի կարգավիճակների համեմատական վերլուծություն» թեմայով սեմինարների կազմակերպում, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հիմնադրում, «Լիդերություն եւ ղեկավարում» թեմայով թրեյնինգների կազմակերպում, «Ամառային դպրոցի» դասընթացներ։
Ծրագիրը մեկնարկել է, ավարտը նախատեսվում է տարեվերջին։ Միջոցառումները հիմնականում կանցկացվեն Գեղարքունիքի մարզումՙ հաշվի առնելով երիտասարդ փախստականների մեծ թվի առկայությունը մարզում։
Եթե ամփոփենք ծրագրի նպատակները, ապա կունենանք հետեւյալ ձեւակերպումը. երիտասարդ փախստականների շրջանում պետք է վերացվի այն մտայնությունը, թե իրենց խնդիրները բացառապես իրենց կարգավիճակից են բխում։ Անհրաժեշտ է, որ երիտասարդ փախստականը հավատա սեփական ուժերին, վաղվա օրվան եւ իր ապագան հայրենիքում պատկերացնի։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ